Շարունակվում է Արցախին աջակցման և օգնության ծրագիրը: ՀԱՊՀ աշխատակիցները և ուսանողությունը իրենց աջակցությունն են ցուցաբերում Արցախին ոչ միայն կամավոր դրամահավաքի միջոցով, այլև մթերքներով և անհրաժեշտ պարագաներով, որոնց ցանկը ՀԱՊՀ-ի` Արցախին աջակցման և օգնության նորաստեղծ շտաբը ճշտել է ԼՂՀ վարչապետի գլխավորած օպերատիվ շտաբից: ՀԱՊՀ աշխատակիցների և ուսանողության ջանքերով նախորդ օրերի ընթացքում հավաքվել և փաթեթավորվել է անհրաժեշտ պարագաներով ավելի քան 200 արկղ:
Այսօր՝ ապրիլի 13-ին ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը, անվտանգության ծառայության պետ Թեմուր Ասատրյանը ուղևորվեցին Արցախ՝ ՀԱՊՀ օգնությունն արցախցիներին հասցնելու նպատակով:
Հիշեցնենք, որ ՀԱՊՀ ռեկտորատի ապրիլի 5-ի ընդլայնված նիստում որոշվեց երևանյան կրթահամալիրի և մասնաճյուղերի հետ Արցախի ֆինանսների նախարարության՝ Արցախբանկում բացած հաշվեհամարին փոխանցել 8.000.000 ՀՀ դրամ: Ապա օգնության կոչին միացան ՀԱՊՀ-ի աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները: Արցախի աջակցության աշխատանքները համակարգելու համար բուհում ստեղծվեց Արցախին աջակցության և օգնության շտաբ, իսկ կամավոր դրամահավաքի նպատակով Կոնվերսբանկի ՀԱՊՀ 19300045349102000 հաշվեհամարը վերանվանվեց «Արցախ», որտեղ փոխանցվում և կուտակվում են Երևանի կրթահամալիրի և մասնաճյուղերի հանգանակությունները: Արդյունքում` հավաքվել և Արցախի ֆինանսների նախարարության Արցախբանկում բացած հաշվեհամարին փոխանցվել է 20.000.000 ՀՀ դրամ: