Օրերս աշխատանքային այցով Լոռու մարզում էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախրար Արմեն Գեւորգյանը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ Մեղվահովիտ, Նորաշեն, Սարչապետ եւ Լեռնահովիտ համայնքներում, հանդիպեց բնակիչների հետ, ծանոթացավ համայնքային խնդիրներին: Մեղվահովիտում խմելու ջրի ցանցի կառուցման համար առաջին հրատապ ծրագրով 15, երկրորդով 41 մլն դրամ է ներդրվել: Ջրի խնդիրը լուծվել է, ներկայումս համայնքի բնակիչներին անհանգստացնում է միջհամայնքային անբարեկարգ ճանապարհների հարցը:
Երկու տարի առաջ Վրաստանին սահմանամերձ Նորաշեն համայնքի գլխավոր խնդիրը Նորաշեն-Սարչապետ ճանապարհի հիմնանորոգման հարցն էր, որի համար կրկին հրատապ ծրագրով հատկացվել է 157 մլն դրամ, եւ խնդիրը լուծվել է: 6 մլն դրամ էլ հատկացվել է մշակույթի տան տանիքի վերանորոգման համար: Բնակիչները Գեւորգյանին տեղեկացրին, որ ներկայումս իրենց անհանգստացնում են խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, մշակույթի տան եւ մանկապարտեզի հիմնանորոգումը, գյուղմթերքի իրացումը եւ ճանապարհների ու կամուրջների վերանորոգումը:
Լեռնահովիտում եւս հրատապ ծրագրերով խնդիրներ են լուծվել: Մշակույթի տան վերանորոգման համար ծախսվել է 143 մլն դրամ: Առաջին հրատապ ծրագրով ջրագծի հիմնանորոգման համար հատկացվել է 10, երկրորդով՝ եւս 10 մլն դրամ: Իսկ երրորդ հրատապ ծրագրով 40 մլն դրամ է հատկացվել համայնքային կենտրոնի կառուցման համար:
2032 բնակիչ ունեցող Սարչապետ համայնքում էլ, որտեղ առկա է աշխատուժի արտագաղթ, առաջնային հիմնախնդիրներից են ներհամայնքային փողոցների հիմնանորոգումը, խմելու ջրագծի կառուցումը, տեխնիկայի ձեռքբերումը եւ մշակույթի տան վերանորոգումը: Այստեղ երկրորդ հրատապ ծրագրով դպրոցի ջեռուցման համակարգի համար հատկացվել է 15, իսկ 4-րդ հրատապով՝ 10.81 մլն դրամ: Մանկապարտեզի գույքի ձեռքբերման համար հատկացվել է 5 մլն դրամ: Սարչապետում Արմեն Գեւորգյանին դիմեցին հիմնականում ջրի ու ջրագծերի հարցերով: Նա հավաստիացրեց, որ օգոստոսի կեսից լուծում կտրվի նաեւ այդ հարցին:
Այսպիսով, եթե հավատանք ներկայացված պաշտոնական տեղեկատվությանը, կարելի է ասել, որ թեեւ ոչ բավարար չափով, սակայն, այդուհանդերձ, կառավարությունը որոշ քայլեր կատարում է Տավուշի մարզի գյուղական համայնքների խնդիրների լուծման ուղղությամբ:
Լոռի