«ՊԱՆԹԵՈՆԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է, ԹԱՏՐՈՆԸ` ԱՂՔԱՏԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 13-ին ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը կդառնար 70 տարեկան, բայց… Նախօրեին տեղի ունեցավ նրա հուղարկավորությունը:
Դերասանի մասին «Ժողովուրդ»-ի խնդրանքով իր խոսքն ասաց նրա 45 տարվա ընկեր, խաղընկեր, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը. «Ազատ Գասպարյանի մարդկային տեսակը զարմանահրաշ տեսակ էր: Ես չեմ հիշում որեւիցե մի արվեստագետի, թատրոնի կամ կինոյի բարեկամի, ով նրանից մի բան խնդրեր, ու Ազատը խնդրանքը մերժեր: Անում էր անհնարինը, նույնիսկ հանրապետության նախագահին կդիմեր, բայց ոչ թե իր, այլ ուրիշի համար: Բարեհոգի էր, ակտիվ, առողջ, խելացի, հիանալի գիտեր թատրոնը, կինոն, հիանալի դասախոս էր: Սունդուկյանի թատրոնի ստուդիայում բեմական խոսքի վարպետություն էր դասավանդում, մահանալուց երեք օր առաջ հիվանդանոցից զանգահարեց ինձ, ասաց. «Արմե՛ն, առանց ինձ քննություն չհանձնեն իմ երեխաները»: Սրսկվեց, իրեն հավաքեց, քննությունն ընդունեց, գնաց, երեք օր հետո մահացավ: Ընդ որում, գնահատականները հենց այնպես չնշանակեց, խիստ էր, պահանջկոտ… Սիրում էր Սունդուկյան թատրոնը, վերջերս շատ էր նվիրվել թատրոնին»:
Անդրադառնալով Ազատ Գասպարյանի խաղացած դերերին, մեր զրուցակիցը նշեց, որ եթե նա ոչ մի այլ դեր չխաղար, «Երկունք» ֆիլմում նրա մարմնավորած Չարենցը երբեք չի մոռացվելու: Արմեն Մարությանն ու Ազատ Գասպարյանը միասին խաղացել են Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց»-ում. «Նա խաղում էր Ջեմալ փաշայի, իսկ ես` նրա թոռան` Հասան Ջեմալի դերը… Չարենց խաղացողը Ջեմալ փաշա էր խաղում: Սկզբնական շրջանում շատ դժվար կլինի նույն ներկայացումը խաղալ առանց նրա, մինչեւ որ մի քիչ հաշտվենք այդ կորստյան հետ: Հիմա էլ խոսում եմ ու չեմ պատկերացնում, որ Ազատը մահացել է: Իհարկե, ինչ-որ բան կորցրինք, ինչ-որ բան պակասեց, Ազատի տեսակը էլ չի լինի: Ամեն մի գույն կորցնելիս թատրոնը մի քիչ խամրում է, իսկ Ազատի գույնը շատ կարեւոր գույն էր: Կան դերասաններ, ովքեր շուտ են մոռացվում, բայց Ազատը շատ էր ժողովրդի մեջ մտած, ժողովուրդը շատ էր սիրում նրան: Չմոռանանք նաեւ հեռուստատեսային ներկայացումներում նրա փայլուն դերակատարումները… Ես ափսոսում եմ, որ գնալով Պանթեոնը հարստանում է, իսկ թատրոնը` աղքատանում»:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս