ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ոչ աշխատանքային ժամին, օրինակ՝ ժամը 20:00-ին, բնակարանը հոսանքազրկվում է, ապա այդ ժամերին կա՞ պատասխանատու որեւէ մեկը, որը կարող է լուծել առաջացած խնդիրը: Թե՞ քաղաքացին ստիպված պետք է սպասի մյուս աշխատանքային օրվա սկզբին:

Անուշ Շահբազյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայտնում ենք, որ «Էլեկտրական էներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնների» (ԷՄՕԿ-ի) 74 կետի համաձայն՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ն 1-80 կամ (080000180) շուրջօրյա հեռախոսակապի միջոցով մշտապես տեղեկացնում է իր բաժանորդներին էլեկտրամատակարարման դադարեցումների պատճառների եւ վերականգնման ժամկետների մասին:
Այդ հեռախոսահամարը նշված է էլեկտրամատակարարման պայմանագրերում (այդ թվում՝ բնակչության հետ կնքվող), եւ հետեւաբար ցանկացած անձ «ՀԷՑ» ՓԲԸ բաժանորդ դառնալիս արդեն տեղեկացված է հոսանքազրկումների եւ այլ դեպքերում հեռախոսակապից օրվա ցանկացած ժամին օգտվելու մասին:
Ինչ վերաբերում է «այդ ժամերին կա պատասխանատու որեւէ մեկը» հարցադրմանը, ապա ասենք, որ մեր ընկերությունը ԷՄՕԿ-ով, տեխնիկական կանոնակարգերով նախատեսված բոլոր դեպքերում, այդ թվում՝ սպառողների սպասարկման ոլորտում, ապահովված է համապատասխան որակավորում ունեցող պատասխանատու աշխատակիցներով, որոնք հստակ կատարում են իրենց աշխատանքը:
Մասնավորապես, բնակարանի հոսանքազրկման դեպքում վերականգնումն իրականացվում է ԷՄՕԿ-ում սահմանված ժամկետում:
Բնակիչը, իր իսկ կնքած պայմանագրի համաձայն (ոչ աշխատանքային ժամերին նույնպես), վերոհիշյալ հեռախոսահամարով կարող է ստանալ լիարժեք տեղեկատվություն էլեկտրաէներգիայի մատակարարման հետ առաջացած խնդիրների եւ դրանց կարգավորման վերաբերյալ:

Իրացման տնօրենի տեղակալ Վ. Մեսրոբյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Որքան էլ պատասխանում ներկայացված է, որ հոսանքազրկման դեպքում ոչ աշխատանքային ժամերին կան պատասխանատու աշխատակիցներ, հաճախ են պատահում դեպքեր, երբ հոսանքի տատանումների կամ նման խնդիրների առաջացման դեպքում մարդիկ ստիպված են լինում ժամերով սպասել հոսանքի մատակարարման  վերականգնմանը:




Լրահոս