ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես 1-ին կարգի հաշմանդամ եմ: Մշտապես ստացել եմ քվամատել դեղամիջոցը՝ ստամոքսի ցավի համար: Բայց 2011 թվականից մեր տարածքային պոլիկլինիկայից ինձ անհայտ պատճառով ինձ չեն տալիս այդ դեղը: Գրեթե ամեն ամիս ստիպված եմ լինում ինքս իմ միջոցներով գնել: Խնդրում եմ ասել, թե ինչու ինձ չի տրամադրվում այդ դեղը:

Վահրամ Առաքելյան (1-ին կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 23.11.2006թ. N 1717-Ն որոշման եւ ՀՀ առողջապահության նախարարի 27.01.2005թ. 74-N հրամանի համաձայն՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով խմբերին դեղերով ապահովում է սպասարկող պոլիկլինիկան՝ մասնագետի նշանակմամբ (դեղերի դուրսգրումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկ»-ին համապատասխան): Նշենք, որ 1-ին խմբի հաշմանդամներն ընդգրկված են վերոհիշյալ սոցիալական խմբերի ցանկում եւ իրավունք ունեն օգտվել անվճար դեղեր ձեռք բերելու արտոնություններից:
Քվամատել (ֆամոտիդեն) դեղն ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկ»-ում: Ուստի քաղաքացին կարող է դիմել սպասարկող պոլիկլինիկա, եւ համապատասխան մասնագետի նշանակման դեպքում, ըստ անհրաժեշտության, պոլիկլինիկայի կողմից դեղը կհատկացվի անվճար:

ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Մարինե Հայրապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, նմանատիպ հարցերն ու դժգոհությունները չեն դադարում, իսկ ինչ վերաբերում է վերահսկող կառույցներին, ապա անհասկանալի պատճառներով նրանք գրեթե միշտ թերանում են իրենց աշխատանքում:




Լրահոս