Առավոտ. Եթե Հայաստանն արժանապատվություն ունենար, Ռուսաստանում հայերի հետ այդպես չէին վարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անօրինական ներգաղթյալների նկատմամբ ուսական օպերացիան մեծամասնամբ կապում են քաղաքական երեւույթների հետ: Որոշ քաղաքագետների կարծիքով՝ Ռուսաստանը միշտ էլ կարող է ներգաղթյալներին օգտագործելով ինչ-որ “մեսիջ” ուղարկել այն երկրներին, որոնք փորձում են շեղվել ռուսական ազդեցությունից, գրում է “Առավոտ” թերթը:
Իրավապաշտպան Ավելիք Իշխանյանի խոսքով՝ կարելի է ենթադրել, որ այն ինչ կատարվում է Ռուսաստանում, ինչ քաղաքական ենթատեքստ ունի, բայց, ըստ նրա՝ եթե համեմատենք ռուսական եւ եվրոպական վարվելակերպը միգրանտների հետ, Ռուսաստանում, որպես կանոն, եղել է ավելի կոպիտ մեթոդներով եւ առանց միջազգային նորմերը հաշվի առնելու:
“Առավոտ”-ի դիտարկմանը, որ այս ընթացքում պետական մակարդակով հայտարարություն մեր իշխանություններից չլսեցինք, թե որքան ապօրինի հայ ներգաղթյալ է ձերբակալվել Ռուսաստանում, ովքեր են եւ որտեղ են գտնվում, իրավապաշտպան արձագանքել է, որ եթե “անլեգալների” որս է սկսվել, առաջին հերթին մեր հայրենակիցներին պաշտպանելու գործով պետք է զբաղվեին ՀՀ դեսպանատունն ու հյուպատոսարանները, այն էլ չսպասելով ԱԳՆ-ի հանձնարարությանը:
Ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին նվաստացնելուն եւ իրավունքների պաշտպանությանը, Իշխանյանի կարծիքով՝ թույլ երկրները չեն համարձակվում որեւէ պահանջ  դնել նման հարցերում: “Վիրավորակա՞ն է արդյոք տարբեր պետությունների ազգերի համար, իհարկե՝ վիրավորական է: Միայն այն, որ այլ երկրների քաղաքացիները իրենց արժանապատվությունը ոտնահարելով եւ մոռանալով՝ մի կտոր հացի համար ապրում են այլ պետությունում, երկրորդ մարդու կարգավիճակով, արդեն ցույց է տալիս, որ այդ պետություններն այնքան էլ կայացած չեն, իրենց քաղաքացիների մասին չեն մտածում եւ արժանապատվություն չունեն, որպեսզի պաշտպանեն իրենց քաղաքացիներին: Եթե Հայաստանի իշխանություններն ունենային արժանապատվություն, նախ այնպիսի երկիր կստեղծեին, որպեսզի փախստականները գոնե այս չափերի չլինեին:
Բայց կա մեկ այլ հարց. Եթե պետությունը լիներ արժանապատիվ ու ուժեղ, նրա քաղաքացիների հետ այդպես չէին վարվի: Թույլ երկիր ասելով ամենեւին արեւոր չէ երկրի տարածքի մեծությունն ու բնակչության քանակը”:
Առավել մանրամասն՝ “Առավոտ”-ի այսօրվա համարում




Լրահոս