«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ նախօրեին Հայկ Մարտիրոսյանը, համաձայն սեփական դիմումի, ազատվել է ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնից: Այս լուրը ուշագրավ էր մի քանի իմաստով. Հայկ Մարտիրոսյանն ընդամենը մեկ ամիս առաջ էր նշանակվել վարչապետի ավագ օգնական՝ 2016 թվականի մարտի 11-ին, ուստի անհասկանալի է, թե ինչու այդքան կարճ ժամանակ հետո որոշեց լքել պաշտոնը: Բացի այդ՝ ստացվում է, որ կա՛մ վարչապետն է առանց իր համատեղելիությունը հաշվի առնելու նշանակում կատարել, կա՛մ էլ Հայկ Մարտիրոսյանն է նույն հանգամանքն անտեսել: Նկատի ունենալով Հայկ Մարտիրոսյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու ընդգծված ազգային նկարագիրը, ինչպես նաեւ արտասահմանում ստացած լուրջ կրթությունը, թերեւս կարելի էր կանխատեսել, որ նա երկար չի դիմանա հայրենի կառավարության ներսում առկա բարքերին եւ կադրերին:
Գրագետ, կրթված տեսակը պահանջարկ չունի մեր օրերում: Իսկ թե ինչը ստիպեց Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում երկար տարիներ բնակված Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտորին հրաժարականի դիմում ներկայացնել՝ «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես պարզել չհաջողվեց: Մարտիրոսյանն ասաց, թե այդ թեմայով առայժմ մեկնաբանություն չունի: Ամեն դեպքում՝ ինչ էլ որ լինի պատճառը, Մարտիրոսյանի հրաժարականը վնասում է նախ եւ առաջ վարչապետի հեղինակությանը: Նման կադրերին պետք է փայփայել եւ հրապարակ տրամադրել, ոչ թե անլրջորեն աշխատանքի ընդունել, իսկ դիմում ստանալուն պես ազատել աշխատանքից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: