Առաջնագծում կանգնած զինծառայողների ու կամավորներին երեկ այցելել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Կամավորականները վստահեցրել են, որ դիրքերում կմնան այնքան, որքան կթելադրի իրավիճակը: Ա. Հարությունյանն անցել է դիրքից դիրք, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը, հետաքրքրվել թիկունքային ապահովությամբ:
Զինվորներից մեկը պատմում է, թե ինչպես է տեղի ունեցել այդ առաջնագծում հակառակորդի հարձակումը, ինչպես է հրամանատարը անձնակազմին դուրս բերել և Քյարամ Սլոյանի հետ դիրքավորվել առաջնագծում:
«Վաշտի հրամանատարը անձնակազմին հանում է, ինքը մի հոգու հետ առաջնագծում դիրքավորվում է, Սլոյան Քյարամի հետ շարժվում առաջ: ՄՌ-ն արդեն ականները հանելով գալուց է լինում, ՄՌ-ի վրա կրակում է , ՄՌ-ը ֆռռում է, մի հատ էլ ա գրամյամոտով խփում, ՄՌ-ը մնում է ըտեղ, ու մեծ, շատ մեծ քանակի անձնակազմ գալիս ա… »,- Արայիկ Հարությունյանին առաջնագծի տվյալ դիրքից պատմում է զինվորներից մեկը:
Զինվորը հրամանատարի անունը չի նշում, սակայն հայտնի է, որ Քյարամ Սլոյանի հրամանատարը եղել է հերոսաբար զոհված Արմենակ Ուրֆանյանը: