Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտևիդեոյի կենտրոնական հրապարակում ապրիլի 13-ին հարյուրավոր հայ և ոչ հայ ցուցարարներ իրենց բողոքն են հայտնել ընդդեմ Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած ագրեսիայի: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ուրոգվահայ համայնքից:
Բողոքի ցույցին մասնակցել են Ուրուգվայի Սենատի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն, պատգամավոր Դանիել Ռատիոն, մարդու իրավունքների պաշտպան և նախկին փոխարտգործնախարար Բելելա Հերերան, տուրիզմի և երիտասարդության հարցերի նախարար Լիլիան Քեշիշյանը, խորհրդարանի հայ պատգամավորներ Անտոնիո Զուլամյանը, Խոսե Լուիս Սաթճյանը և այլոք: Ցուցարարներն իրենց ձեռքերում պահել են Հայաստանի և Արցախի դրոշները, բացի այդ անցորդներին բաժանվել են կատարվածի մասին իրազեկող թռուցիկներ: Տեղական շատ լրատվամիջոցներ լայնորեն լուսաբանել են բողոքի ցույցը: Ուրուգվահայ երիտասարդական միությունները Ադրբեջանի ոճրագործությունները խստորեն դատապարտող հայտարարություն են ընթերցել: