ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում կազմակերպված Մոսկովյան միջազգային կրթական ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են տարբեր երկրների առաջատար կրթական հաստատություններ և հայտնի միջազգային ընկերություններ: Պատվիրակության կազմում են ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է նաև ԵԱՏՄ մասնակից-պետությունների կրթության և գիտության նախարարների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով և մասնավորապես նշել. “Կրթության ոլորտի միջպետական համագործակցությունը դիտարկվում է որպես արդյունավետ ձևաչափ՝ ազգային բարձրագույն կրթական համակարգերի մրցունակությունը բարձրացնելու և միջազգային կրթական համակարգում ներգրավելու տեսանկյունից: Հիմնավորումը շատ պարզ է՝ կրթության համակարգը զերծ է քաղաքական տարաձայնություններից, բայց միաժամանակ քաղաքական և տնտեսական հակասությունների կարգավորման համար լավագույն պայմաններ է փորձում ապահովել”:
Նախարար Լևոն Մկրտչյանի ընդգծմամբ՝ ԵԱՏՄ շրջանակում միջպետական կրթական պայմանագրերը կարևոր են կրթության որակի բարձրացման և արհեստավարժ կադրերի պատրաստման առումով: “Մենք համոզված ենք, որ մի շարք կարևորագույն խնդիրներ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում լուծում պետք է ստանան որակյալ կրթության ապահովման միջոցով”,- շեշտել է Լ. Մկրտչյանը և հավելել, որ ազգային կրթական համակարգերի հիմքում պետք է ընկած լինեն նույն արժեքները՝ ընդգծելով, որ Հայաստանը կրթության համագործակցության ոլորտում կարևորում է ընդհանուր քաղաքակրթական միջավայրի ձևավորումը: