Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել երիտասարդներին։
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքէջից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
“Սիրելի՛ երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Բոլոր ժամանակներում հիմնականում երիտասարդությունն է եղել հասարակության զարգացման շարժիչ ուժը, և այսօր էլ, արագ փոփոխությունների ու զարգացումների մեր ժամանակաշրջանում, անչափ կարևոր է հենց ձեր՝ երիտասարդներիդ դերը, քանի որ դուք եք այն ուժը, որն ունակ է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի: Համոզված եմ, որ այսօր էլ երիտասարդական ձեր ողջ եռանդով ու կարողություններով դուք պատրաստ եք արժանապատիվ մասնակցություն ունենալ մեր երկրի ու մայրաքաղաքի զարգացման գործում”:
Նա վստահեցրել է,որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում օժանդակել կառուցողական բոլոր նախաձեռնություններին, միասին կյանքի կոչելու իրատեսական ցանկացած ծրագիր, որն օգտակար կլինի Երևանի ու երևանցիների համար: