ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնարկած ամենամյա «ուղիղ գծի» ժամանակ խոսել է ահաբեկչության վտանգի, ինչպես նաև սիրիական ճգնաժամի մասին:
«Ահաբեկչության վտանգը մշտապես առկա է»,-ասել է Պուտինը՝ նշելով, որ աշխարհի մի շարք երկրներ տուժում են դրանից, այդ թվում՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում:
«Ռուսաստանի մասին չեմ խոսում, մենք գիտենք, թե դա ինչ է, մեծ կորուստներ ենք կրել ահաբեկչության դեմ պայքարում»,-նշել է ՌԴ նախագահը:
Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, Պուտինը ասել է, որ երկրում իրավիճակը կայունացնելու համար «անհրաժեշտ է համաձայնության հասնել, սահմանադրություն ընդունել և ընտրություններ անցկացնել»:
«Այսօր իրավիճակը հատկապես բարդ է Հալեպում: Քաղաքում գործում է սիրիական ընդդիմությունն ու «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը: Նրանց բաժանելը դժվար է»,-ասել է Պուտինը: