Մայրաքաղաքի «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման նախագծերի վերաբերյալ հերթական քննարկումը Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամների հետ է եղել: Երիտասարդները ծանոթացել են առաջարկված 4 հիմնական նախագծերի էսքիզներին:
Քննարկմանը ներկա քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ վերակառուցումն իրականացվելու է երեք փուլով, որպեսզի «Վերնիսաժի» աշխատանքը չընդհատվի:
«Չնայած ներկայացված նախագծերը վերջնական չեն, սակայն դրանցում հաշվի են առնվել մի քանի կարևոր սկզբունքներ. առավել հարմարավետ պայմաններ ստեղծել առևտրային գործունեության համար՝ զուգահեռ ապահովելով տարածքի՝ որպես հանգստի գոտու ձևավորումը: Չգործող շատրվանները կփոխարինվեն ավելի փոքրերով, որոնք հնարավորություն կտան տարածքն առավել արդյունավետ օգտագործելու, կտեղադրվեն նստարաններ, ցայտաղբյուրներ: Տարածքը կունենա գիշերային լուսավորություն»,-նշել է Դավիթ Օհանյանը:
Քննարկման մասնակիցները հավանություն են տվել վերակառուցման հիմնական սկզբունքներին: Հաշվի առնելով տարածքի նաև զբոսաշրջային նշանակությունը՝ առաջարկվել է օգտագործել նաև ազգային տարրերով նորարարական լուծումներ, որոնք զբոսաշրջիկների համար կլինեն ավելի գրավիչ և կընդգծեն ու կամբողջականացնեն ազգային նկարագիրը:
Ամփոփելով քննարկումը ՝ Դավիթ Օհանյանը տեղեկացրել է, որ բոլոր հանդիպումների ժամանակ ներկայացված, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով ստացված առաջարկներն ու դիտողությունները կքննարկվեն՝ վերջնական նախագծում ներառելու համար:
Նշենք, որ «Վերնիսաժի» վերակառուցման նախագծերի շուրջ քննարկումներ են անցկացվել նաև մի շարք այլ շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ: