Երեկ եւս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվեց, չնայած որ թշնամին օրվա ընթացքում շարունակել է տարբեր տրամաչափի հրազեններից կրակել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին երեկ տեղեկացրեց ԼՂՀ պաշտպանական բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Երեկվա դրությամբ հայկական բանակի զոհերի թիվը 36 է, որոնցից 9-ը՝ սպաներ, 27-ը՝ շարքայիններ, վիրավորները 122 հոգի են, որոնցից 24-ը սպաներ են, 98-ը՝ շարքայիններ: Անհետ կորածները 21 հոգի են: Ի դեպ, զոհերի թիվը նախորդ օրվա ընթացքում աճել է անհետ կորած զինվորներից չորսի դիերը մարտի դաշտից դուրս բերելու արդյունքում: Երեկ հայկական զինուժի մեկ զինծառայող է վիրավորվել, ինչպես նաեւ ոչնչացվել է թշնամու մեկ անօդաչու թռչող սարք:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ պատասխանելով հայկական ԶԼՄ-ների եւ արտերկրից ժամանած լրագրողների հարցերին՝ մի քանի կարեւոր հայտարարություններ էր արել: Նա արձանագրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցային ձեւաչափը խեղաթյուրված է: «Խանգարված ձեւաչափի պայմաններում անհնար է հասնել ԼՂՀ խնդրի կարգավորման վերջնական լուծման: Ցանկացած առաջարկություն չի կարող իրականացվել, քանի դեռ մենք բանակցությունների կողմ չենք: Դուք գիտեք, որ 1994-ին ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովում ընդունված որոշման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է հակամարտության կողմ: Այս որոշումը մինչ օրս պահպանում է իր իրավական ուժը»,- հայտարարել է Բակո Սահակյանը: Փաստորեն, ԼՂՀ նախագահը հստակ եւ աներկբա ասել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանին: Ավելին՝ ԼՂՀ-ն բանակցություններին մասնակցելու է որպես ինքնիշխան սուբյեկտ, թեկուզ եւ միջազգային հանրության կողմից չճանաչված: Հաջորդ կարեւոր ուղերձը, որը Բակո Սահակյանը հնչեցրել է, վերաբերել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը կրկին անգամ խախտելուն: «Եթե Ադրբեջանը փորձի կրկին անգամ խախտել հրադադարը, ապա մենք կիրականացնենք հակահարված նման հակառակորդի, պայմանավորվածությունները չհարգող կողմի նկատմամբ, չենք կարող այլ մոտեցում ունենալ»,- հայտարարել է ԼՂՀ նախագահը:
Այն, որ ապրիլի 2-ից հետո Հայաստանը նոր իրողությունում է ապրում, թերեւս բոլորն են նկատել: Նոր իրողությունը, սակայն, որքան որ ոգեւորող է հանրության միասնականության դրսեւորմամբ, նույնքան էլ կարող է ծանր հետեւանքներ ունենալ հանրապետության համար: Հանրությունը ցույց տվեց իր միասնականությունը: ՀՀ ղեկավարությունը շատ կարճ ժամանակ ունի ապացուցելու համար, որ ինքն արժանի է այդ հասարակությանը: Այսինքն՝ հանրությունը չնայած դեռեւս չի բարձրաձայնում, բայց ակնհայտ է, որ երբ ներկա լարվածությունը անցնի, այն իր կյանքում եւս փոփոխություններ է ակնկալելու: ՀՀ իշխանությունները եւ հատկապես Սերժ Սարգսյանը կա՛մ պետք է շատ կարճ ժամանակում կոնկերտ փոփոխություններ իրականացնի, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության եւ քաղաքական կյանքի արագ զարգացմանը, կա՛մ էլ ակամա կընդունի, որ իրենց միակ ուշք ու միտքը իշխանություն ունենալու հաշվին հարստություն կուտակելն է:
Այս տարվա ապրիլի մեկի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 միլիարդ 621 միլիոն 900 հազար դոլար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ վերջին մեկ ամսում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 59 միլիոն դոլարով: Իսկ անցած տարվա դեկտեմբերի համեմատ ՀՀ միջազգային պահուստները նվազել են 150 մլն դոլարով: Դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պահուստները եղել են 1 միլիարդ 771 միլիոն 200 հազար դոլար: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ աճել է Հայաստանի պետական պարտքը: Այս տարվա մարտի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հասել է 5 միլիարդ 196 միլիոն 100 հազար դոլարի: Այս տարվա անցած երեք ամիսների ընթացքում պետական պարտքը աճել է մոտ 120 մլն դոլարով: Ի դեպ, առավել արագ աճում է Հայաստանի արտաքին պարտքը: Մարտի 31-ի դրությամբ այն հասել է 3 միլիարդ 917 միլիոն 900 հազար դոլարի՝ երեք ամսում աճելով մոտ 80 մլն դոլարով:
Եվրախորհրդարանի բյուրոյի, արտաքին գործերի հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի, ինչպես նաեւ ԱՄՆ հետ համագործակցության պատվիրակության անդամ, բուլղարացի գործիչ Անդրեյ Կովաչեւը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես շատ տխրեցի, երբ իմացա շփման գծում կոնֆլիկտի սրացման մասին: Միանշանակ, ռազմական գործողությունների անընդունելի սրացում է»: Ըստ Անդրեյ Կովաչեւի. «Բոլորը գիտեն, որ այժմ շատ տեղերում են նման դժվար իրավիճակներ ստեղծվել, եւ սա կարծես նոր բացված ճակատ է: Պետք է հասկանանք, թե ում է շահավետ տարածաշրջանի ապակայունացումը, եւս մեկ սառեցված կոնֆլիկտը իրական կոնֆլիկտի վերածելը: Սա, իրոք, շատ վտանգավոր իրավիճակ է, եւ Մինսկի խմբի համանախագահները, կարծում եմ, պետք է կոչ անեն ոչ միայն Ադրբեջանին եւ Հայաստանին, այլեւ պրն. Պուտինին եւ Էրդողանին, որ ջանան թույլ չտալ երկրորդ նման դեպքը»: Եվրախորհրդարանի ներկայացուցչի խոսքերով. «Մեր՝ Եվրախորհրդարանի անդամների կողմից կարող եմ ասել, որ մեզ համար կարեւոր է, որ նախ եւ առաջ զորքերը վերադառնան իրենց նախնական դիրքեր. այնտեղ, որտեղ եղել են նախքան ռազմական գործողությունների սկիզբը՝ ապրիլի 1-ը»:
ԱՆՊԱՐԻՏԵՏ
Եվ այսպես` չնայած տարբեր տեղեկատվական արտահոսքերին` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ ժամանեց Երեւան: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո հնչեց նաեւ երկար սպասված լուրը` Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման մասին. «Սահմանին գազի գնման գինը կկազմի 150 ԱՄՆ դոլար նախկին 165 դոլարի փոխարեն»,- տեղեկացրեց ՀՀ վարչապետը` միեւնույն ժամանակ դժվարանալով ասել, թե դա ինչպես կանդրադառնա շարքային սպառողների վրա: Հարցին` որքա՞ն կկազմի գինը սպառողի համար, Աբրահամյանը տվեց անորոշ պատասխան` նշելով, թե այդ հարցը համապատասխան պատկան մարմինները կքննարկեն, ու ուսումնասիրությունից հետո հանրությունը կիրազեկվի։ Իհարկե, ռուսական գազի գնի նվազումը մեր երկրի տնտեսության համար կարեւոր նշանակություն կունենա, ինչպես նաեւ` Մեդվեդեւ-Աբրահամյան երեկվա հանդիպման արդյունքում ձեռք բերված մնացած տնտեսական պայմանավորվածությունները, սակայն հատկապես այս փուլում, երբ ԼՂՀ, իսկ վերջին օրերին նաեւ ՀՀ սահմանի վրա թշնամին շարունակում է ոտնձգությունները, առավել կարեւոր է ՌԴ վարչապետի այցի քաղաքական նշանակությունը:
Ինչպես հայտնի է՝ վերջին երկու օրերին ռուսական մամուլում համառ արտահոսքեր էին լինում առ այն, որ Մեդվեդեւը Երեւան չի գա, քանի որ դա կդիտարկվի որպես «աջակցություն հակամարտող կողմերից մեկին, որոնցից յուրաքանչյուրի հետ ՌԴ բարեկամական հարաբերություններ ունի»: Եվ, ահա, չնայած, որ ՌԴ վարչապետը այցելեց Հայաստան, սակայն հայտնի դարձավ, որ դրանից անմիջապես հետո նա մեկնելու է Բաքու: Ասել է, թե ռուսական լրատվամիջոցների «մտահոգությունները»՝ «բարեկամ երկու երկրների» միջեւ պարիտետը պահելու անհրաժեշտության շուրջ, ՌԴ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումն էր, որը նրանք սրբորեն պահպանում են: Նրանք, սակայն, նույնքան նրբանկատ չեն, երբ խնդիրը վերաբերում է Հայաստանին չնեղացնելուն: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, չգիտես ինչու, Բաքու կատարած այցից եւ այնտեղ ՌԴ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության մասին բարձրաձայնումներից հետո չշտապեց գալ Երեւան, փոխարենը իր մոտ` Մոսկվա «կանչեց» ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ով այսօր կմեկնի ՌԴ: Գուցե պարզունակ հնչի, եւ բերվեն հակափաստարկներ, թե դիվանագիտությունն իր տրամաբանությունն ու բարոյականությունն ունի, այնուամենայնիվ, չենք կարող չնկատել, որ բարեկամության մասին տարրական պատկերացումները հուշում էին, որ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը նախ պետք է այցելեր նեղ վիճակում հայտնված դաշնակցին, այլ ոչ թե հակառակը:
Այսքանից հետո, թերեւս, ավելորդ է խոսել ԵՏՄ անդամ երկրների մասին, որոնցից Բելառուսը հենց առաջին օրը ադրբեջանահաճո հայտարարությամբ ցույց տվեց իր «դաշնակցային» մոտեցումը, իսկ Ղազախստանն էլ պահանջեց չեղարկել այսօր Երեւանում նախատեսված ԵՏՄ անդամ երկրների վարչապետների գագաթնաժողովը` առաջարկելով այն անցկացնել Մոսկվայում: