ԴԱՏԱԽԱԶԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության հսկողության բաժնի պետ, ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից վայրագությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործը հսկող դատախազ Կարեն Գաբրիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին ԼՂՀ քննիչները զննություն են իրականացնում Մարտակերտ քաղաքում:

Հիշեցնենք, որ 2016թ ապրիլի 4-ին ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 410-րդ հոդվածի 2-րդ մասի, 413-րդ առաջին մասի, 416 հոդվածի 1-ին մասին առաջին կետով, 416-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին եւ վեցերորդ կետով, 416 հոդվածի 3-րդ մասի երկրորդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, այսինքն՝ Ադրբեջանի հանրապետության կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու՝ զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական խախտումների փաստերի առթիվ, որոնք արտահայտվել են Ադրբեջանի հանրապետության զինված ուժերի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով եւ առանձին դաժանությամբ` սպանություններով եւ գույքի ոչնչացմամբ:
«Ժողովուրդ»-ը հարուցված քրեական գործի քննության ընթացքի մասին զրուցեց ԼՂՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության հսկողության բաժնի պետ, ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից վայրագությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործը հսկող դատախազ Կարեն Գաբրիելյանի հետ:
-Պարո՛ն Գաբրիելյան, ի՞նչ փուլում է գտնվում գործի քննությունը:
-Քրեական գործի քննության համար ստեղծված է քննչական խումբ, որը կատարել է մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ փորձաքննությունների նշանակում եւ կատարում: Այս պահի դրությամբ իրականացվում են քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որոնք ուղղված են գույքի այդ մեծածավալ ոչնչացման հաստատմանը եւ պարզմանը:
-Ակնհայտ է, որ հակառակորդը կրակել է, օրինակ, «Սմերչ» զինատեսակով, իրավական ի՞նչ ընթացք է ձեւակերպվելու:
-Ուրեմն միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ին Ժնեւի կոնվենցիա կա հաստատված: Այդ կոնվենցիայի 51 հոդվածը սահմանում է քացաքացիական բնակչության պաշտպանության հարցը: Այսինքն՝ զինված ընդհարումների ժամանակ քաղաքացիական անձինք պաշտպանված են, ու զինված հարձակումների ժամանակ ոչ ընտրողական բնույթի հարձակումները արգելվում է: Այսինքն՝ այդպիսի ընդհարումների ժամանակ կարող են միայն հարձակվել ռազմական օբյեկտների վրա, իսկ, ահա, քաղաքացիական օբյեկտների, քաղաքացիների, խաղաղ բնակիչների վրա հարձակումը արգելվում է:
-Այսինքն՝ այս դեպքում, երբ հակառակորդը կրակել է նման զինատեսակից եւ այն էլ խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, Դուք կարո՞ղ եք պատասխանատվության կանչել:
-ԼՂՀ օրենսգրքի 416 հոդվածը սահմանում է զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքների լուրջ խախտումները, որը հղում է կատարում հենց Ժնեւի կոնվեցիայի 51-րդ կետը, որտեղ հստակ նշված է, որ արգելված է խաղաղ բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակվելը:
-Այս պահի դրությամբ քանի՞ քաղաքացի է տուժող ճանաչվել, եւ կա՞ մեղադրյալ:
-Դեռ մեղադրյալի ինքնությունը պարզված չէ: Սպանվածների վերաբերյալ ունենք տվյալներ, որոնք 4-ն են ու ճանաչվել են տուժող: Նրանցից երեքը Թալիշ գյուղից է, որոնց սպանությունը, իրավաբանական լեզվով ասած, կատարվել է առանձին դաժանությամբ, այսպես ասած՝ ականջները կտրելով: Նրանցից երկուսը կանայք են, մեկը` տղամարդ: Իսկ մյուսը երեխա է, Մարտունու շրջանից: Դպրոցի վրա հրետակոծություն է կատարվել, ինչի հետեւանքով դպրոցական երեխա է մահացել, իսկ երկուսն էլ ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ:
-Ո՞ր բնակավայրերում է տեղազննություն իրականացվել, եւ կա՞ն տարածքներ, որտեղ հնարավոր չի եղել:
-Առայժմ տեղազննությունները իրականացվել են Թալիշ գյուղում, Մատաղիս գյուղում, ներկա պահին Մարտակերտ քաղաքում է իրականացվում: Քաղաքացիական բնակչության տեղանքի եւ քաղաքացիական օբյեկտների մասով տեղ չկա, որտեղ հնարավոր չլինի զննություն իրականացնել:
-Պարզ է, որ Ադրբեջանն է գնացել վայրագությունների՝ դաժանորեն սպանելով ԼՂՀ քաղաքացիներին, բայց ինչպե՞ս պետք է նրանց մեղադրանք առաջադրեք:
-Պետք է լինի կոնկրետ անձը, որ կներգրավվի որպես մեղադրյալ, կոնկրետ պիտի լինի անուն, ազգանուն, հայրանուն:
-Կկարողանա՞ք պարզել, թե ով եկավ սպանեց խաղաղ բնակիչներին եւ ով, առհասարակ, տարբեր զինատեսակով հարձակում իրականացրեց ԼՂՀ համայնքների վրա:
-Ներկա փուլում չեմ կարող ասել:
-Չպարզելու դեպքում իրավական լուծումը ո՞րն է լինելու:
-Կոնկրետ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ 31 հոդվածը սահմանում է, որ քրեական գործով վարույթը կարող է կասեցվել, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ կամ վերադարձել է Ադրբեջան, ապա գործը կասեցվում է:
-Իսկ հետախուզում հայտարարելու իրավական ընթացակարգը հնարավո՞ր է կիրառել:
-Եթե ԼՂՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչված լիներ, ու մեզ հայտնի լինի անձի ինքնությունը, ապա կարող էինք հետախուզում հայտարարել, բայց…

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐՆ ՈՒ ՄԱՏԱՂԻՍԸ
Նախորդ համարում գրել էինք, որ անցած տարի Ադրբեջանի հետախուզական ծառայության ուշադրության կենտրոնում եղել են ԼՂՀ ՊԲ եւ ՀՀ ՊՆ զորամասերը:
Տեղեկացրել էինք, որ 2015 թվականին ԱԱԾ-ն պետական դավաճանության գործ էր ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրական եզրակացության` Վանաձոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Ռաֆիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում՝ հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալող Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից: Բանն այն է, որ Սեյրան անունով մի անձնավորություն, որը աշխատել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունում, ծանոթացել է Ռաֆիկ Պապոյանի հետ եւ նրան համագործակցության առաջարկ արել, ապա հստակ առաջադրանքներ տվել: Պարզեցինք, որ Ռաֆիկ Պապոյանին ցուցում է տրվել, որ Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրի այնպիսի անձանց, որոնք կարող են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն իրականացնել եւ արժեքավոր տեղեկություններ տրամադրել: Եվ, ահա, Ռաֆիկ Պապոյանը, որպեսզի կարողանա գործը գլուխ բերել, այս պատմության մեջ է ներքաշել իր որդուն` 26-ամյա Սերգեյ Պապոյանին: Տեղեկացանք, որ Սերգեյ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից ներկայացած Սեյրանի հետ եւ նրան տրամադրել ԼՂՀ Մարտունու շրջանում ժամկետային զինծառայության ընթացքում իր ձեռք բերած տեղեկությունները:
Ավելին՝ Սերգեյը 750 ԱՄՆ դոլլարի դիմաց եւս մեկ առաջադրանք է ստացել Ադրբեջանի հետախուզական ծառայության կողմից: Սերգեյին ցուցում է տրվել, որ վերջինս ընդունվի պայմանագրային զինծառայության Մատաղիսի զորամասերից մեկում եւ տեղեկություններ հայտնի այդ զորամասի մասին համացանցի, սկայպի կամ «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով: Բայց սա դեռ վերջը չէ. գործին է խառնվել նաեւ Կապան քաղաքի բնակչուհի Կարինե Ղումաշյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում՝ հայտնվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում: Արդյունքում, 2013թ. հավաքագրվել է այդ ծառայությունների աշխատակից Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Կարինեն համագործակցության համար Ադրբեջանի ծառայության կողմից ստացել է մոտ 1500 ԱՄՆ դոլլար գումար: Եվ, ահա, գալով Հայաստան` Կարինեն ՀՀ տարածքից զանգահարել է Ադրբեջանի ծառայության աշխատակից Արմանին ու, ըստ երեւույթին, տեղեկություններ տրամադրել: Չի բացառվում, որ վերոնշյալ անձանց տրված տեղեկությունների արդյունքում էլ հակառակորդը կարողացավ վստահորեն հարձակում իրականացնել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅՏՆԻ Է. Ի՞ՆՉ Է ՆՐԱՆՑ ՍՊԱՍՎՈՒՄ

Չնայած ձեռք բերված հրադադարի համաձայնությանը` շփման գծում ադրբեջանական կողմը պարբերաբար լարվածություն է առաջացնում: Հրադադարն, ընդհանուր առմամբ, պահպանվում է, նախորդ 5 օրերի ինտենսիվությամբ կրակոցներ չեն հնչում, սակայն գիշերվա ընթացքում հակառակորդը բազմիցս խախտել է նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը. ականանետի կրակից զոհվել է պաշտպանության բանակի 42-ամյա պայմանագրային զինծառայող:

ՊԲ-ն պարբերաբար հայտնում է զոհվածների տվյալները, իսկ անհետ կորածների մասին դեռեւս տեղեկություններ չկան: Ինչպես հայտնի է՝ հայկական կողմն ունի երկու տասնյակից ավել անհայտ կորած: Իսկ գերիների մասին տվյալներ չեն հաղորդվել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գերիներ կան թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից: «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանից ArmLur.am-ը փորձեց պարզել` իրենք սկսե՞լ են արդյոք զբաղվել գերիների հարցով:
Մեր հարցին ի պատասխան` Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ հայտնի է այս պահի դրությամբ գերիների թիվը, սակայն իրենք չունեն համապատասխան գործընթացը սկսելու պայմանները:
Բանն այն է, որ պատկան մարմինները պետք է ՀԿ-ին տրամադրեն անհրաժեշտ տվյալները, որից հետո միայն գործին ընթացք կտրվի. «Ես դիմել եմ Արցախի նախագահի խոսնակին, արտաքին գործերի նախարարին, որպեսզի այդ հարցով մեզ օժանդակեն: Երբ մենք ունենանք նվազագույն չափով տեղեկությունները, կանցնենք գործի. այդ տվյալները պետք է պետությունը տա: Մենք չենք կարող սեփական նախաձեռնությամբ սկսել»:
Լարիսա Ալավերդյանի փոխանցմամբ` իրենց կազմակերպությանն է դիմել մի ծնող եւ հայտնել զինծառայող որդու անհետացման մասին: Այս խնդրին ընթացք տալու համար եւս անհրաժեշտ է առնվազն երկու բան. «Նախ` Ադրբեջանը պետք է հայտնի, որ իրենց տարածքում են գտնվում այսինչ մարդիկ, կամ ծնողները պետք է դիմեն Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, որից հետո միայն մենք կարող ենք միջամտել»,- ներկայացրեց Լ. Ալավերդյանը:
Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ գերատեսչության կողմից իրենց տվյալներ չտրամադրելու պատճառը ստեղծված իրավիճակն է. «Նրանք չեն ուզում հուսահատ վիճակի մեջ գցել ծնողներին: Անհետ կորածների մասին տեղեկությունը կարող է թերություններ ունենալ, հնարավոր է՝ նա մահացած է, հնարավոր է` ոչ»:
Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրն արդեն որոշ տվյալներ հայտնի կլինեն:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս