Ապրիլի 2-ից Ադրբեջանի սանձազերծ պատերազմական գործողությունների ընթացքում հայ զինվորը հերթական անգամ ցույց տվեց, որ հանուն հայրենիքի պատրաստ է անգամ ամենաանհավանական սխրանքների: Եվ պատահական չէ, որ այս օրերին հանրությունը առաջարկում է հայ զինվորի արձան կանգնեցնել: Թեմայի շուրջ զրուցել ենք Հայաստանի վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի հետ:
-Պարո՛ն Շահումյան, հիմա, երբ հրադադարի ռեժիմը պահպանող կողմը նորից միայն Հայաստանն ու Արցախն են, մեզ ի՞նչ է մնում անել:
-22 տարի է` «հրադադար» է, որը միշտ էլ խախտվել է. Ադրբեջանն ուղղակի գործիք է ինչ-որ ուժերի ձեռքին: Ինձ թվում է` պետք է այս իրականությունից հետեւություններ անել եւ հասկանալ, որ մենք պետք է կերտենք մեր երկրի ճակատագիրը: Բարեկամներ ունենալը լավ բան է, բայց նրանք այնքան էլ վստահելի չեն: Փառք ու պատիվ մեր ժողովրդին, որ այս ծանր պահերին բոլորը մի կողմ թողեցին իրենց անձնական, կուսակցական ամբիցիաներն ու համախմբվեցին ազգային խնդիրների շուրջ: Մենք միայն մեզ համար չենք ապրում. պարտավորություն ունենք ե՛ւ նախնիների, ե՛ւ մեր փառավոր պատմության, եկող սերունդների ու սփյուռքի առջեւ: Պետք է ամեն բան անենք` մեր երկիրն ուժեղացնելու համար: Ուրեմն պետք է անպայման հեղափոխություն լինի՞, որ մեծահարուստները գումարներ ներդնեն երկրի համար: Տեսանք, թե ինչպես խեղճ ու կրակ թոշակառուներն իրենց վերջին ունեցվածքով ուզում էին աջակից լինել զինվորներին, բայց այն մարդիկ, որոնք այս ժողովրդի հաշվին են հարստացել, այնպես են ներկայացնում, կարծես զինվորին օգնելով` լավություն են անում. դա հո իրենց փողը չի. երկրինն է: Այդ փողերը հո իրենց գերեզման չեն տանելու. թող դնեն, երկիր կառուցեն, գնան Ղարաբաղում արդյունաբերություն զարգացնեն: Շատ եմ խոսել հայ գիտնականների հետ, որոնք նշում են, որ մենք ունենք համապատասխան գիտական պոտենցիալ` արդյունաբերությունը զարգացնելու համար: Այդ դեպքում մենք կդառնանք անձեռնմխելի ցանկացած վտանգի դեպքում:
-Այս օրերին շատ է խոսվում հայ զինվորի արձան կանգնեցնելու անհրաժեշտության մասին, Դուք ի՞նչ կասեք:
-Մենք շատ ունենք նման արձաններ. ի՞նչ է` Անդրանիկը, Նժդեհը, որի քանդակը շուտով կկանգնեցվի, զինվորներ չէի՞ն: Ուրիշ հարց է, որ հուշարձանները ոչ թե ներկայացնեն միայն մի անհատի, այլ ընդհանրացումներ ունենան. հենց սա է արվեստը: Կարծում եմ` ցանկացած ասպարեզում ով մեր ժողովրդի համար մի լավ բան է անում, նա զինվոր է եւ հերոս: Վիկտոր Համբարձումյանը զինվոր չէ՞ր: Զինվորը նստած է յուրաքանչյուրիս մեջ: Զինվորի հուշարձանը լավ երկիր կառուցելը կլինի: Լավ երկիր եղավ, նա կիմանա, որ կռիվ տալու բան ունի. ամայի չոլի համար ոչ ոք կռիվ չի տալու: Հայաստանը դրախտավայր է համարվել ոչ միայն իր բնության համար, այլ այն բանի, որ այստեղ եղել են հրաշալի հասարակական հարաբերություններ: Մեր երկիրը քաղաքակրթության այն օրրաներից է, որտեղ դեմոկրատիկ հիմքեր են եղել: Շատ լավ կլինի, որ մենք վերադառնանք մեր անցյալին եւ ուսումնասիրենք դա, նախկինում ունեցած դեմոկրատիան հաստատենք, ոչ թե կեղծ դեմոկրատիա, որն այսօր վաճառվում է ողջ աշխարհում:
-Պատերազմական իրավիճակում ամեն մեկն իր գործիքներով է դուրս գալիս մարտի: Դուք` որպես արվեստագետ, ինչպե՞ս եք պատկերացնում այդ պայքարը: Օրինակ` կարող եք միջազգային ցուցահանդեսներում ներկայացնել պատերազմի թեման:
-Մենք այդ առումով հրեաներից շատ բան ունենք սովորելու: Եթե նրանք, օրինակ, ֆիլմ են նկարահանում, այնտեղ անպայման լինում է մի էլեմենտ, որը ներկայացնում է ազգի պատմությունը: Մենք այդ «խորամանկությունը» չունենք. ամեն ինչի վերաբերյալ պլակատային պատկերացումներ ունենք: Այնինչ՝ կարելի է ցանկացած երկրում ներկայանալիս մեր գործունեությունը շատ մեղմորեն կապել մեր ժողովրդի պատմության հետ: Օրինակ` երբ որեւէ երկրում Հայաստանի դեսպանատուն է բացվում, մենք պետք է այդ իրադարձությունը նշանավորենք մշակութային տարբեր միջոցառումներով, որպեսզի այդ երկրները ճանաչեն մեզ: Օրինակ` ես Հայոց ցեղասպանության, պատերազմի, մեր պայքարի թեմաներով բազմաթիվ նկարներ ունեմ, ուղղակի նկատել եմ, որ հիմա կերպարվեստում լուրջ արվեստն ուշադրությունից դուրս է մնացել: Այնինչ՝ արվեստը ամբողջ աշխարհին ներկայանալու հնարավորություններից մեկն է, եւ այն պետք է ճիշտ օգտագործել:
«ՈՐՈՇԵՑԻՆՔ ՀԵՆՑ ԽՐԱՄԱՏՈՒՄ ՀԱՄԵՐԳ ՈՒՆԵՆԱԼ»
«Եթե զգամ, որ մեր երգը սահմանին կանգնած զինվորներին ուժ կտա, կարող եմ գնալ այնտեղ եւ առանց երաժշտության էլ երգել նրանց համար»,- այսպիսի պատրաստակամություն հայտնեց ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում:
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումից հետո հայ զինվորի ցուցաբերած քաջությունից իր մեջ մեծացել է հպարտության զգացումը: Երգչուհին նշում է, որ ռազմահայրենասիրական, ժողովրդական երգեր երգելիս ինքն այսօր ավելի մեծ ուժ եւ էներգետիկա է ստանում:
Գոհարը խոստովանեց, որ իրեն հուզել է մեր զինվորների խիզախությունը: Նա վերջերս կարդալով այն հայ զինվորի մասին, ով երկու ոտքը կորցնելուց հետո շարունակել է մարտնչել հակառակորդի դեմ, հպարտության մեծ զգացում է ապրել: Երգչուհին շեշտեց, որ ամեն մեկս մեր տեղում պետք է աջակցենք զինծառայողներին: Նա հիշեց 8 տարի առաջ տեղի ունեցած մի դրվագ. «Ճամբարակի զորամասում պետք է ելույթ ունենայինք, մեզ ասացին, որ զինվորների մեծ մասը խրամատում են, եւ իմաստ չունի համերգով հանդես գալ, բայց ես ու էլի մի ծուռ մշեցի որոշեցինք, որ հենց խրամատում ենք համերգ ունենալու եւ այդպես էլ արեցինք»,-պատմեց նա` հավելելով, որ այդ օրն անմոռանալի զգացումներ է ապրել:
Խոսելով մեր հայրենասիրական երգերի մասին` Գոհարը նկատեց, որ նաեւ այդ ստեղծագործություններն են, որ զինվորին մարտի դաշտում ուժ են տալիս, իսկ սփյուռքում ապրող մեր հայրենակցին` ինքնություն: Նրա խոսքով` Թաթուլ Կրպեյանի, Մոնթեի մասին երգերը կատարելով՝ մենք եւս մեկ անգամ արժեւորում ենք նրանց ավանդը: Բացի այդ` Գոհարը շեշտեց, որ մենք այն «խելառ» ազգն ենք, որը մարտի դաշտ է մեկնում երգ ու պարով. «Ցույց տվեք նման այլ ազգ, որը գնում է պատերազմ` առանց սգալու: Իսկ մեր դեպքում, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, մի աչքը լացում է, մյուսն` ուրախանում»,- եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՎՐԵԺ ՈՒՆԵՆՔ
Արձակագիր, դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողություններին, գրել է. «Մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ` բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ: Եթե այս գիտակցությունը գերիշխի մեզանում, դառնա միասնական կամք, մենք մեր վրեժը լուծած կլինենք գոնե մասամբ… Անկախությունը բացարձակ արժեք է յուրաքանչյուր ազգի համար, սակարկության ենթակա չէ, չի կարելի անկախությանը, պետականությանը դեմ խոսել, վիճել անկախության շուրջ, ամոթ է… Գրականության մեջ եւ կյանքում առհասարակ ես ունեմ մի սկզբունք՝ սիրել հայրենիքն այնպես, ինչպես այն կա: Հայրենիքը պետք է սիրել, սիրել բաց աչքերով»:
ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՄԵԶ
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է հայ քաջարի զինվորների՝ Հայաստանի եւ Արցախի միասնությունը խորհրդանշող լուսանկար եւ գրել. «Մեր հպարտությունը վարակիչ է։ Հպարտ եմ, որ հայ եմ»: Նույն խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը նույնպես աջակցել է Հայաստանին՝ Instagram-ում տեղադրելով հայոց հաղթանակած բանակի ուղղաթիռների եւ տանկերի լուսանկարը։
ՕՖՇՈՐՆ ՈՒ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ
Օֆշորային սկանդալում ներքաշված են ոչ միայն տարբեր պետությունների ղեկավարներ, այլեւ արվեստի հայտնի գործիչներ։ The Guardian պարբերականը բացահայտել է, որ պանամական Mossack Fonseca ընկերության միջոցով օֆշորային գործարքներ են կնքել նաեւ հայտնի երաժշտական պրոդյուսեր Սայմոն Քոուելը, ինչպես նաեւ համաշխարհային հռչակ վայելող կինոռեժիսորներ Սթենլի Կուբրիկն ու Պեդրո Ալմոդովարը: Մասնավորապես Քոուելը մասնաբաժիններ ունի 2007թ. տարբեր ամիսներին հիմնված Southstreet Limited եւ Eaststreet Limited ընկերություններում, որոնք զբաղվում են հողատարածքների առքուվաճառքով:
Չնայած, որ կինոռեժիսոր Սթենլի Կուբրիկը մահացել է 1999թ., այնուհանդերձ, նրա անունը եւս շոշափվում է գաղտնի փաստաթղթերում: Հայտնի է, որ նրա ընտանիքի անդամներն օգտագործել են օֆշորային հաշիվները` ֆիլմերից ստացված եկամուտները թաքցնելու համար։ Ալմոդովարի անունը կապում են Glen Valley Corporation ընկերության հետ, որտեղ նա զբաղեցրել է բավական բարձր պաշտոն:
Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։ Ընկերության տվյալների բազայի արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների եւ նրանց մտերիմների` գումարների լվացման եւ հարկերից խուսափելու սխեմաների մասին: