ԵՄ-ի համար առաջնային նշանակություն ունեցող ոլորտներում Թուրքիան հեռացել է կոպենհագենյան սկզբունքներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ ապրիլի 14-ին Եվրախորհրդարանում քննարկման է դրվել և հաստատվել Եվրոպական միության (ԵՄ)՝ 2015թ. Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ զեկույցը:

Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության համաձայն՝ զեկույցի հաստատումից կարճ ժամանակ առաջ ելույթով հանդես եկած ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել էր, որ եթե զեկույցի  վերջնական, «ամենախիստ» տարբերակը հաստատվի, իրենք այն «առ ոչինչ» կճանաչեն:

Թուրք նախարարը հույս էր հայտնել, որ Եվրախորհրդարանի «խելամիտ պատգամավորները» կմերժեն այդ զեկույցը: Նա նաև շեշտել էր, որ ԵՄ-ի զեկույցը ամեն դեպքում, որևէ հարկադրող նշանակություն չունի:

Բոզքըրը հիշեցրել է, որ անցյալ տարի Թուրքիան «առ ոչինչ» էր ընդունել ԵՄ հաշվետվությունն սոսկ այն պատճառով, որ այնտեղ 1915թ. կատարվածը որակվել էր որպես ցեղասպանություն: Թուրք նախարարը նշել է, որ այս տարի ևս Թուրքիան չի ընդունի զեկույցը նույն պատճառով:

Եվրամիության հարցերով նախարարն անդրադարձել է  նաև Թուրքիայի և ԵՄ-ի միջև գաղթականների խնդրի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը և ընդգծել, որ եթե խոստացված առանց վիզայի ռեժիմը չներդրվի, ապա Թուրքիան կարող է հրաժարվել այս առումով իր ստանձնած պարտավորություններից:

Հիշեցնենք,որ Թուրքիայի առաջընթացի զեկույցի պատասխանատու Քեթի Փիրին հայտնել էր, որ առանց վիզայի ռեժիմը չի կարող ներդրվել հունիսին, ինչպես խոստացվել էր ավելի վաղ:

Իսկ ԵՄ զեկույցում մասնավորապես շեշտված է այն հանգամանքը, որ ԵՄ-ի համար առաջնային նշանակություն ունեցող ոլորտներում Թուրքիան հեռացել է կոպենհագենյան սկզբունքներից: Խոսքը վերաբերում է հատկապես անկախ դատավարության, հավաքներ կազմակերպելու և խոսքի ազատության, մարդու իրավունքների և իրավական պետության հանդեպ հարգանքի սկզբունքներին:




Լրահոս