ՌԱԶՄԱԴԱՇՏԻՑ ԴԵՊԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել էր Սերժ Սարգսյանին: Վերջինս փորձում է մեր երկրի համար կարեւորագույն որոշման մասով հնարավորինս շատ խորհրդակցել` պատասխանատվությունը միայնակ չկրելու համար: Եւ առաջին նախագահի հետ հանդիպման մասին առաջինը տեղեկություն տարածեք նախագահական լրատվական ծառայությունը: Կարճ հաղորդագրությունում հանդիպման մասին գրված էր. «Շուրջ մեկ ժամ տեւած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին եւ այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը»: Իսկ երեկ արդեն հրապարակվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի` այդ հանդիպման վերաբերյալ հարցազրույցը: Թերեւս առավել կարեւոր էր հարցազրույցի վերջին հատվածում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած հետեւյալ միտքը. «Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու եւ նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ։ Պաշտոնի բերումով այդ պատերազմի հրամանատարները մեր կողմից լինելու են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը։ Եթե անգամ Սահակյանն անմիջականորեն չմասնակցի բանակցություններին, Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում չի կարող հաշվի չառնել նրա կարծիքը (ի դեպ, ես պայմանավորվածություն ունեմ հանդիպելու նաեւ վերջինիս հետ)։ Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա՝ ունենալով իր ժողովրդի աջակցությունը։ Բայց, միաժամանակ, արտաքին վտանգի պահերին այդ աջակցության կարիքն ունենալով՝ նրա գլխավորած վարչախումբը պարտավոր է որոշակի դրական քայլեր կատարել. դեմքով շրջվել դեպի ժողովուրդը, իրական պայքար մղել կոռուպցիայի, իրավապահ մարմինների կամայականությունների, մենաշնորհների սանձարձակության, ընտրակեղծարարության, պետական պաշտոնյաների ամբարտավանության դեմ»։ Երեկ ողջ օրը Հայաստանի քաղաքական շրջանակները սպասում էին Ռոբերտ Քոչարյանի արձագանքին: Ենթադրվում էր, որ Քոչարյան-Սարգսյան հանդիպում եւս տեղի կունենա: Սակայն երեկոյան հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի պատասխանը լրագրողներին` Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ: Նա այդ առնչությամբ ասել էր. «Այդպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում»:

 

 

 
Ռումինացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին քաղաքականության, արդարադատության, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամ Թրայան Ունգուրյանուն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի սկզբնապատճառներում ակնհայտ տեսնում է Թուրքիայի շահագրգռվածությունը: «Թուրքիան այժմ ներգրավված է միջնորդավորված պատերազմում, որտեղ աջակցում է ադրբեջանական կողմին, սա շատ է բարդացնում իրավիճակը ամբողջ տարածաշրջանում, քանի որ Թուրքիան, ստացվում է, ներգրավված է մի քանի կոնֆլիկտներում՝ քաղաքացիական պատերազմ քուրդերի հետ, միջնորդավորված պատերազմ Սիրիայում եւ հիմա էլ սա»: Իսկ ինչ վերաբերում է հրադադարի պահպանմանը, ռումինացի պատգամավորը հետեւյալ դիտարկումն արեց. «Նման տեսակի հրադադար կարելի էր տեսնել նաեւ Ուկրաինայում: Այդպիսի հրադադարը իրականում հրադադար չէ, այն միշտ էլ կլինի կնքված, սակայն չպահպանված եւ կտանի դեպի թաքնված պատերազմի»:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ մեկ շաբաթ առաջ հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» պարբերականը հրապարակեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի` բիզնեսներին եւ, մասնավորապես, օֆշորային տարածքներում գրանցած ընկերությունների եւ դրանց գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները: Մասնավորապես հրապարակված հոդվածում մեկ առ մեկ ներկայացված էին Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունների անունները, որոնց միջոցով գլխավոր հարկադիր կատարողը միլիոնավոր դոլարների եկամուտներ է ստանում՝ իր պաշտոնն օգտագործելով: Օրերս հայտնի դարձավ, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ իշխանություններից պահանջել են քննել հրապարակված տվյալները: «Ժողովուրդ»-ը երեկ իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը սկսել է ուսումնասիրել Միհրան Պողոսյանի բիզնեսների վերաբերյալ հրապարակված տվյալները:

 

 

 
ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա միայն ապրիլին ՀՀ կառավարությունը ծրագրում է թողարկել 36 միլիարդ 750 մլն դրամի պարտատոմս: Միեւնույն ժամանակ նույն ամսում ծրագրվում է ետ գնել 2 միլիարդ դրամի՝ նախկինում թողարկված պարտատոմս: Ըստ այդմ, ստացվում է, որ ընթացիկ ամսում Հայաստանի պետական պարտքը կաճի միանգամից 34 միլիարդ 500 մլն դրամով: Ի դեպ, երեք միլիարդ դրամի պարտատոմսերը արդեն իսկ թողարկվել են: Այսօր նախատեսվում է թողարկել եւս 4-ից 5 միլիարդ դրամի պարտատոմսեր: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ ամսվա վերջին թողարկվելիք պարտատոմնսերի համար բավականին բարձր եկամտաբերություն է սահմանված լինելու: Մասնավորապես, ապրիլի 29-ին նախատեսվում է թողարկել մի քանի խմբաքանակով պարտատոմսեր, որոնց եկամտաբերությունը լինելու է 13-ից մինչեւ 15 տոկոս: Այս փաստն ինքնին վկայում է այն մասին, որ ՀՀ կառավարությունը ֆինանսի խիստ կարիք ունի եւ ստիպված է նույնիսկ նման բարձր տոկոսներով գումար հայթայթել:

 

 

 
ԱՌԱՆՑ ԱՄՈԹԻ
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում նշել է, որ այսօր շատ կարեւոր է համայն հայության աջակցությունը Արցախին՝ առավել ժամանակակից եւ հզոր զինտեխնիկա ձեռք բերելու համար: Նախօրեին էլ Աղաբեկյանը հայտնել էր, որ համայն հայության ջանքերով այս օրերին հաջողվել է հավաքագրել 3 միլիոն դոլար՝ հավելելով, թե հույս ունի, որ աշխարհի հայերը ավելին կարող են հավաքել: Իհարկե, Արցախի համար ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու սուրբ գործում յուրաքանչյուր հայ պարտավոր է իր ներդրումն ունենալ: Սակայն մինչ դրան անդրադառնալը, նախ մի կարեւոր հարց՝ իսկ ինչու են Արցախի եւ հատկապես ՀՀ-ի իշխանությունները միայն հիմա խոսում այդ մասին: Այս հարցին, իհարկե, դեռ անդրադառնալու ենք, եւ ամենայն խորությամբ, բայց այս լարված փուլն անցնելուց հետո: Հիմա ստիպված ենք ի գիտություն ընդունել այն իրողությունը, որ Արցախը զենքի կարիք ունի: Իսկ ինչպես են դրան արձագանքում ՀՀ-ի պաշտոնյաները, այդ թվում եւ առաջին հերթին՝ ղարաբաղյան ծագմամբ: Ուր են տարբեր տրամաչափի գործարար պատգամավորներն ու օլիգարխ նախարարները, որոնք տարիներ շարունակ լկտի կերպով թալանել են ոչ միայն մեր քաղաքացիներին, այլեւ, ինչպես պարզվում է, բանակի համար նախատեսված միջոցները՝ «սերմացու գողացող մկան նման», որոնց մասին երեւի թե մոռացել են, ինչ էր ասում սպարապետ Վազգեն Սարգսյանը:
Տարիներ շարունակ տարբեր հանքեր վաճառած, միլիոնավոր դոլարների կաշառք պահանջող նախկին մի նախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր, օրինակ, Արցախին է փոխանցում ընդամենը 2 միլիոն դրամ. մեկը, ով հպարտանում էր իր որդու՝ հարյուր հազար դոլարանոց բենթլիով: Մեկ այլ պատգամավոր, նախկին դատախազ, որի կարողության մասին լեգենդներ են պտտվում, պատկերացնում եք, հազիվ «հավաքել է» վերջին 50.000 դրամը ու փոխանցել Արցախին: Իսկ ՀՀ ամենահարուստ պաշտոնյաներից մեկն էլ, ով «իր անձնական օգտագործման Շվեյցարիան» է կառուցել Ծաղկաձորում, նաեւ անձնական օգտագործման «Մոցարտ» շոկոլադի եւ այլ ֆաբրիկաներ ձեռք բերել, բավարարվել է ընդամենը 600.000 դրամ փոխանցելով: Էլ չենք խոսում ողջ Արարատի մարզը սեփականաշնորհած վարչապետի, նրա նախորդի, օֆշորներում այս ժողովրդից թալանած միլիոնները թաքցրած ԴԱՀԿ պետի ու նրա գերդաստանի, 100 000 դոլարով առյուծի որսի ու կղզիների սիրահար նախկին նախագահի եւ նրա մերձավորների մասին: Դե, իսկ ֆոտոսեսիաների սիրահար ՊՆ նախարարի, Երեւանի փողոցները մետր առ մետր բնակիչների վրա ծախող քաղաքապետի եւ նրա կուսակցապետի՝ առայժմ գերագույն գլխավոր հրամանատարի անունները այս ցուցակի պատվավոր հորիզոնականներում են: Պարոնա՛յք մեծապատիվներ, չեք ամաչում, ախր այս ամենը չի մոռացվելու, եւ մեր ժողովուրդը, ով այս օրերին ցույց տվեց իր ապշելու իմաստնությունն ու ուժը, այս ամենը մի օր ձեր բոլորի «քթից է բերելու»:




Լրահոս