Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախքան օրակարգային հարցերին անցնելը, ներկայացրել է Երևան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին և հույս հայտնել, որ, պահպանելով մայրաքաղաքի ընդհանուր ճարտարապետական դիմագիծն ու կիրառելով նոր մոտեցումներ, ճարտարապետը իր նպաստը կունենա Երևանի քաղաքաշինական զարգացման գործում:
Խորհրդակցության ժամանակ սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ “Երևանյան ամառ” ծրագրի շրջանակում պատշաճ ձևով կազմակերպվել է երևանաբնակ շուրջ 650 սոցիալապես անապահով ընտանիքների ժամկետային զինծառայողների ծնողների այցերը Տավուշի մարզի և ՀՀ հարավային սահմանամերձ զորամասեր: Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում աչքի ընկած 67 զինծառայող հանդիսավոր կարգով պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:
“Զինծառայողների ծնողների սահմանամերձ գոտիներ այցելությունները կազմակերպվում են արդեն 2-րդ անգամ: Եթե նախորդ այցելությանը ընդգրկվել էր 250 ծնող, ապա այս անգամ ավելի քան 650-ը հնարավորություն ունեցավ տեսակցելու որդիներին: Մենք աշխատանքներ պետք է տանենք այս թիվը ավելացնելու և ծրագիրը ավանդույթ դարձնելու ուղղությամբ”,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ծրագրի իրականացման համար շնորհակալություն հայտնել ներգրավված և աջակից բոլոր կառույցներին:
Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ “Երևանյան ամառ” ծրագրով իրականացվող առողջապահական ակցիայի շրջանակում օգոստոսի 1-ից 9-ը համաբուժարաններ է դիմել 761 քաղաքացի, որից 205-ը ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության, 24-ը` վիրահատության: Քաղաքապետը հանձնարարել է յուրաքանչյուր ուղեգրված հիվանդի հարցում լինել հետևողական:
Լենինգրադյան-Իսակով և Ուլնեցի-Ռուբինյանց նոր ավտոճանապարհների կառուցման ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ աշխատանքները կատարվում են սահմանված ժամանակացույցի համաձայն` երկու հերթափոխով: ճանապարհների որոշ հատվածներում արդեն մեկնարկել են բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատրաստել Գլխավոր պողոտայի` Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց և Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերն ու կազմել դենդրոնախագիծ` 2014 թվականի տարեկան ծրագրում ներառելու և իրականացնելու համար:
“Պետք է աշխատանքներ տանել Գլխավոր պողոտայի երկու հատվածները բարեկարգելու և կանաչապատելու ուղղությամբ: Պետք է վերականգնենք երևանցիների կողմից ժամանակին սիրված հանգստի գոտիները և ունենանք տեսանելի փոփոխություններ մայրաքաղաքի այս հատվածներում”,-ընդգծել է քաղաքապետը:
Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են “Հաղթանակ” զբոսայգում ներդրումային ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շինհրապարակների կազմակերպման պայմանների պահպանման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների արդյունքում շինհրապարակների պատնեշները միասնական մոտեցմամբ պաստառապատվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շինարարական աշխատանքների կազմակերպման համար տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերում ամրագրել շինհրապարակի էկոլոգիական չափանիշներով կահավորումն ու համապատասխան պայմանների ապահովումը` հարակից տարածքներն աղտոտումից զերծ պահելու ուղղությամբ:
Շարունակվում են օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքները: Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման նորմերը լավագույնս պահպանած տնտեսվարողներն առաջիկայում կպարգևատրվեն շնորհակալագրով:
Զեկուցվել է նաև Նոր Խարբերդ թաղամասի էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ու գազաֆիկացման ընթացիկ աշխատանքների մասին:
“Անվտանգ Երևան” ծրագրի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված` “Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն” ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ կատարվում են միջազգային փորձի ուսումնասիրման աշխատանքներ, առաջիկայում լրամշակումից հետո կներկայացվի կոնկրետ նախագիծ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն