«ԹՈՒՐՔԻԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ Է ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԻ ՔԱՆԻ ԿՈՆՖԼԻԿՏՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին զարգացումների, քառօրյա պատերազմի սկզբնապատճառների եւ հետեւանքների մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է ռումինացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին քաղաքականության, արդարադատության, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամ Թրայան Ունգուրյանուի հետ:

-Պրն. Ունգուրյանու, կարո՞ղ եք օբյեկտիվորեն ներկայացնել, թե, ի վերջո, ինչ կատարվեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանին:
-Ես չեմ կարող լինել օբյեկտիվ, որովհետեւ ոչ ոք օբյեկտիվ չէ: Միանշանակ հետեւել եմ իրադարձությունների զարգացմանը: Նորությունները ավելի շատ շրջանառվում էին Եվրոպայի արեւելյան հատվածում, քան արեւմտյան: Կարծում եմ՝ զարգացումները շատ մտահոգիչ են, նախ եւ առաջ՝ որովհետեւ դրանք ցույց են տալիս, որ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը դեռ շատ թարմ է, բացի դրանից՝ առկա է Ռուսաստանի եւ համապատասխանաբար Թուրքիայի գործոնը, ինչը էլ ավելի մտահոգվելու տեղիք է տալիս: Թուրքիան այժմ ներգրավված է միջնորդավորված պատերազմում, որտեղ աջակցում է ադրբեջանական կողմին, սա շատ է բարդացնում իրավիճակը ամբողջ տարածաշրջանում, քանի որ Թուրքիան, ստացվում է, ներգրավված է մի քանի կոնֆլիկտներում՝ քաղաքացիական պատերազմ քուրդերի հետ, միջնորդավորված պատերազմ Սիրիայում եւ հիմա էլ սա: Իսկ Ռուսաստանի առնչությամբ կարծում եմ՝ նախագահ Պուտինը խաղում է իր սովորական խաղերը՝ փորձելով հրահրել մյուս երկրներին, ինչը, բնականաբար, կրկին բացասական է անդրադառնում ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի վրա:
-Կա կարծիք, որ սա ոչ թե Հայաստան-Ադրբեջան, այլ հենց Թուրքիա-Ռուսաստան հակամարտության արդյունք է, ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:
-Ռուսաստանը փորձում է մյուս երկրներից մի քայլ առաջ գնալ, որպեսզի իր շահերը առաջ տանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջոցով հարվածի Թուրքիային: Սա Ռուսաստանի հայտնի մարտավարությունն է, հատկապես երբ խոսում ենք ՌԴ արտաքին քաղաքականության մասին:
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ եւ ո՞ւմ կողմից վերսկսվեցին ռազմական գործողությունները:
-Ես կարծում եմ, որ սա շատ կողմերով ուղղակիորեն առնչվում է Թուրքիային, քանի որ ռուս-թուրքական կոնֆլիկտը շատ դեպքերում միգուցե այդքան էլ տեսանելի չէ, սակայն իրականում այն շատ խորն է: Ռուսաստանը Թուրքիային վնասելու համար կանի ամենը, ինչ կկարողանա:
Շատ դժվար է մատնանշել, թե կոնկրետ որ կողմը սկսեց, բայց միայն մի բան գիտեմ, որ Ադրբեջանը մեղավոր կողմ ճանաչվելու ամենամեծ հավակնությունն ունի: Նրանք են զարգացրել ժողովրդագրական գերիշխանության վրա հիմնված պատերազմական հոգեբանություն: Ես չունեմ փաստեր, ես չեմ կարող ասել՝ ով սկսեց, ես միայն գիտեմ, որ, առհասարակ, նման գործողությունները ի հայտ են գալիս ադրբեջանական կողմից:
-Ինչպե՞ս կգնահատեք միջազգային հանրության դերակատարությունը այս հարցում:
-Կարծում եմ՝ ոչ ոք հետաքրքրված չէ նոր կոնֆլիկտում ներգրավվածություն ունենալու հարցում: Օրինակ՝ եթե խոսենք Միջին Արեւելքի մասին, նույնը տեսնում ենք Աֆղանստանում, Իրաքում, ամբողջ Միջին Արեւելքում: Ես կարծում եմ, որ արեւմտյան ուժերը շահագրգռված չեն այս հարցում, իսկ եվրոպական ու ամերիկյան արտաքին քաղաքականությունը ավելի է հաստատում դա, ինչը նշանակում է, որ ոչինչ պետք չէ սպասել այս դեպքում:
-Այդ դեպքում ի՞նչ պետք է անել՝ հետագա էսկալացիան կանխելու համար, ո՞րն է այս ամենի հանգուցալուծումը:
-Ես կարծում եմ, որ հիմնական գործոնը Ռուսաստանինն է: Եթե Արեւմուտքը ցանկանա ճնշել Ռուսաստանին եւ քննադատի պուտինյան ռեժիմը, իհարկե, շփման գծում իրավիճակը կբարելավվի, սակայն վախենամ՝ այն, ինչ տեսնում ենք այժմ, ցույց է տալիս, որ կա՛մ նմանատիպ ճնշում չի գործադրվում, կա՛մ առավելագույնը սահմանափակվում են բանավոր ճնշմամբ:
-Ձեր կարծիքով՝ որքանո՞վ կայուն եւ երկարատեւ կարող է լինել ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ ապրիլի 5-ին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը:
-Նման տեսակի հրադադար կարելի էր տեսնել նաեւ Ուկրաինայում: Այդպիսի հրադադարը իրականում հրադադար չէ, այն միշտ էլ կլինի կնքված, սակայն չպահպանված եւ կտանի դեպի թաքնված պատերազմի: Այն պահից ի վեր, երբ Ռուսաստանը ստանա իր ուզածը, միգուցե ինչ-որ փոփոխություն լինի, սակայն ոչ մինչ այդ պահը:
-Եթե հետեւել եք 90-ականների պատերազմին, ի՞նչ տարբերություն կամ ընդհանրություն կարող եք առանձնացնել վերջին օրերի փաստացի պատերազմի հետ:
-Բնականաբար, զարգացումներ եղել են, եւ ավելի շատ այն տեսանկյունից, որ երկու կողմերը ինչ-որ տեղ հոգնել են այս կոնֆլիկտից: Այն, ինչ տեսնում ենք հիմա, դատարկ պատերազմ է: Չեմ կարծում, որ այս կոնֆլիկտում կողմերից որեւէ մեկը տեսնում է որեւէ առավելություն կամ հավատում է, որ կհաղթի:
-Ի՞նչ կասեք ադրբեջանական կողմի վայրագությունների մասին՝ մասնավորապես զինվորների գլխատման, գերիների մարմինների խոշտանգման, խաղաղ բնակիչների սպանության դեպքերի մասին:
-Եթե նման բաներ պատահում են, սա միայն ցույց է տալիս կողմի դաժանության, վայրագության մակարդակը, որը, ես կասեի, ցավոք, աղետ է ամբողջ տարածաշրջանի համար, հատկապես այս կոնֆլիկտում: Սա դասական պատերազմի կանոնների խախտում է:

Զրուցեց ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

 

 
ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐ ԱՅՈ-Ն ԿԱՄ ՈՉ-Ը ՊԵՏՔ Է ԱՍԻ

Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի դասերի եւ մեր հետագա անելիքների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ:

-Պարո՛ն Աղաբեկյան, թեեւ ապրիլի 5-ից շփման գծում վիճակը հարաբերականորեն կայունացել է, այդուամենայնիվ, ինչ պետք է անել այս հեղհեղուկ հրադադարը կայուն ռեժիմի վերածելու եւ խնդրի կարգավորումը բացառապես բանակցային դաշտ վերադարձնելու համար:
-Մենք տասնյակ տարիներ ականատեսն էինք բանակցությունների եւ այդ ամենից հետո մեկ էլ այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, երբ մի պահ բոլորը մոռանում են բանակցությունները: Կոնկրետ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ոչ մի բանակցություն հիմք չի Արցախի ժողովրդի, Արցախի իշխանությունների համար, որպեսզի նրանք հստակ կողմնորոշվեն իրենց անելիքում: Այս առումով շարժվելով տեղի ունեցող իրադարձությունների վերլուծությամբ՝ այսօր Արցախը հաստատակամորեն շարունակում է նորից պնդել, որ այս ամենին իր այո-ն կամ ոչ-ը պետք է ասի Արցախի ժողովուրդը: Սա այն թիվ մեկ մոտեցումն է, որ մենք շարունակելու ենք բարձրաձայնել: Ոչ միայն եռանախագահները, այլեւ ՀՀ-ն եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ ամեն բանակցություն գնալու է փակուղի, եթե դրան իր արտահայտված մասնակցությունը չունենան Արցախի իշխանությունները Արցախի ժողովրդի անունից:
-Այսօր հանրության շրջանում տարաբնույթ կարծիքներ են տարածված: Մի մասը կողմ է պատերազմի միջոցով վերջնականապես խնդիրը լուծելուն, մյուս մասը, ընդհակառակը, կարծում է՝ անհրաժեշտ է գնալ փոխզիջումների` պատերազմից խուսափելու համար: Հնարավո՞ր է՝ տարածքներ զիջելով լուծել այս խնդիրը:
-Արցախում երբեք տարածքի պատերազմ չի եղել: Արցախը հիմա առաջնորդվում է Սահմանադրությամբ ամրագրված իր սահմաններով գործելու սկզբունքներով: Մենք գտնում ենք, որ ոչ մի փոփոխություն չի կարող տեղի ունենալ, քանի դեռ Ղարաբաղը չունի կարգավորման հստակ խնդիր, եթե չի տեսել մոտեցում, որը տանում է տարածաշրջանի խաղաղության: Մյուս կողմից ադրբեջանական ագրեսիան, որի ականատեսն էինք այս վերջին օրերին, շարունակական է լինելու, եւ ինչքան էլ խաղաղ բանակցություններ ընթանան, մենք գիտակցում ենք, որ հակառակորդը պատրաստվում է պատերազմի, եւ մեր բանակը պետք է պատրաստ լինի նոր մարտահրավերների: Ադրբեջանը օգտագործել է խաղաղ բանակցությունների ժամանակահատվածը, որպեսզի պատրաստվի ռազմական գործողությունների: Փառք Աստծո, մեր զինված ուժերը կարողացան զսպել հակառակորդին եւ հնարավորություն չտալ իր գլխավոր խնդիրը լուծելու: Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն օգտագործում է այնպիսի զինատեսակներ, որոնց դիմակայելու անհրաժեշտություն ունեն մեր զինված ուժերը: Մենք կոչ ենք անում մեր ժողովրդին, որ սատար լինենք, օգտակար լինենք բանակին, որպեսզի այն կարողանա այնպիսի զինատեսակներով սպառազինվել, որոնք համարժեք են եւ համապատասխան ադրբեջանական ագրեսիայի դիմակայման համար: Նոր օգտագործվող տեխնիկայի դեմ` նոր հակատեխնիկա պետք է կիրառել:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ» ՇՈՈՒՆ
Նախորդ շաբաթվա ընթացքում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն հայտարարեց Լեռնային Ղարաբաղի տարածքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում զոհված ազատամարտիկների ընտանիքների՝ իրենց բանկում ունեցած վարկային պարտավորություններն ընդհատելու մասին: «Հայբիզնեսբանկի» այս հայտարարությունը հայաստանյան որոշ բանկերի կողմից համարվեց փիառ քայլ եւ «անլուրջ շոու»: «Ժողովուրդ»-ը «Հայբիզնեսբանկ»-ից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրենք արդեն գիտեն, թե զոհված ազատամարտիկի, զինծառայողի քանի՞ ընտանիք է իրենց բանկում վարկառու: Պարզվեց` ոչ: «Գոնե մեկ շաբաթ պետք է սպասենք, որովհետեւ մարդիկ զբաղված են հուղարկավորությամբ, հոգեհանգստի արարողությամբ եւ վարկերն իրենց մտքով չի անցնում: Բայց մեր մասնաճյուղերի կառավարիչներին հանձնարարված է, որ իրենց բազաներում ուսումնասիրեն, ընդառաջ գնան եւ հաճախորդներին լրացուցիչ տեղեկացնեն: Մյուս շաբաթվա սկիզբ մենք հանդես կգանք տվյալներով»,- պատասխանեցին բանկից: Իսկ ինչո՞ւ է «Հայբիզնեսբանկ»-ը օդում զոհերի անվան տակ շոու անում: Մեր այս հարցին բանկից պատասխանեցին. «Այս պարագայում ճիշտ չէ նման մեկնաբանություններ անել, ամոթ է: Բայց կան նաեւ այլ բանկեր, որոնք նույնպես այս նախաձեռնությամբ են հանդես եկել: Փիառ անելու խնդիր չկա, սա զուտ սրտացավության աջակցության նպատակ է հետապնդում»:

 

 

ՀԷՑ-Ը ԿՏՈՒԳԱՆՎԻ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում նախատեսում է տուգանել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Բանն այն է, որ ՀԷՑ-ը պարտավոր է տարին առնվազն մեկ անգամ ստուգել եւ ճշգրտել էլեկտրոնային հաշվիչների ժամերն այնպես, որ դրանք ճշգրիտ հաշվառեն սպառված էլէներգիան: Պարզվել է, որ ՀԷՑ-ն իր այս պարտականությունը չի կատարել, ուստի ՀԾԿՀ-ն պատրաստվում է դրա համար ընկերությանը տուգանել 5 մլն դրամի չափով:

 

 

7 ԱՄՍԻՑ ՏՈՒՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՐ
Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում՝ միջազգային միջնորդների օգնությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, դիակների փոխանակում է տեղի ունեցել: Արդյունքում 18 հայորդիների դիակներ վերադարձվել են հայրենիք: Գերի ընկած զինծառայողների թվում էր Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի 20-ամյա բնակիչ Նորիկ Սարգսյանը: Մեզ հետ զրույցում Երանոսի գյուղապետ Ապետնակ Մովսեսյանը տեղեկացրեց, որ Նորիկի պարտադիր ժամկետային զինծառայության ավարտին մնացել էր ընդամենը 7 ամիս: «Դպրոցն ավարտել էր ու անցել ծառայության: Նորիկը խելոք, համեստ, մեծին հարգող երիտասարդ էր: Ծառայեց ու հայրենիքի համար էլ զոհվեց: Մինչեւ վերջին պահը պայքարել է, հետո գերի ընկել»,- պատմեց Մովսեսյանը: Տեղեկացանք, որ Նորայրը բազմազավակ ընտանիքի 6 երեխաներից մեկն էր, ուներ 4 եղբայր եւ մեկ քույր:




Լրահոս