Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղում վերջին մի քանի օրերին անդորր է, ադրբեջանական զինուժը գյուղի վրա կրակ չի բացում: Սահմանամերձ բնակավայրում հաշվում են ապրիլի 1-5-ը ադրբեջանական գնդակոծության պատճառած վնասները: Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանն ասաց, որ գնդակոծության հետեւանքով վնասվել է բերքաբերցիներին պատկանող 2 մարդատար ավտոմեքենա: Այդ դեպքերից մոտ 10 օր առաջ ազերիների գնդակոծությունից վնասվել էր նաեւ Բերքաբերի բնակիչներից մեկի մարդատար ավտոմեքենան: Ադրբեջանական գնդակներից Բերքաբերում, վնասվել են գյուղի առանձնատների տանիքների ծածկեր, դռներ, պատուհաններ, նաեւ սատկել է գյուղացիներից մեկի կովը: Գյուղապետ Մադաթյանը հայտնեց, որ ադրբեջանական գնդակոծության պատճառած վնասները ճշտելու համար ինքը դիմել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Մարզպետարանի միջոցով փորձագետ է եկել Բերքաբեր, ով աշխատանքներ է կատարել վնասները հաշվարկելու համար: Իսկ պետական բյուջեից դրամական փոխհատուցումը, ըստ ամենայնի, կլինի ավելի ուշ: Հիշեցնենք, որ մարտի 25-ին ադրբեջանական գնդակից Բերքաբերում վիրավորվել էր 64-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը:
Ա. Մադաթյանի վկայությամբ՝ պատերազմական իրավիճակի պատճառով բերքաբերցիները հնարավորություն չունեն գյուղատնտեսությամբ զբաղվելու: Գյուղի հողերի մեծ մասը՝ ամենաբերրի մոտ 700 հեկտարը, գտնվում է հայ-ադրբեջանական փաստացի սահման հանդիսացող Ջողազի ջրամբարի ձախ ափին, ադրբեջանցիների վերահսկողության տակ եւ մշակվում է նրանց կողմից: Բերքաբերցիներին մնացել են արհեստական լճի աջ ափին գտնվող փոքր տարածքները, որտեղ նրանք հացահատիկ են ցանել: Գյուղապետն ասաց, որ բերքաբերցիները մշակում են իրենց տնամերձ տարածքները: Չեն կարողանում դաշտում հողագործությամբ զբաղվել, քանի որ ադրբեջանական զինուժը կրակում է գյուղացիների ուղղությամբ: Նույն պատճառով բերքաբերցիները չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ, քանի որ արոտավայրեր գրեթե չկան: Բերքաբեր տանող ճանապարհը խիստ անբարեկարգ է, փոսերով լի: Գյուղապետն ասաց, որ անձրեւներից հետո այն ավելի անբարեկարգ է դառնում: Բերքաբերի դեմ-դիմաց գտնվող, Ղազախի շրջանի Մազամ գյուղ մտնող ճանապարհի եզրին, անվտանգության նկատառումներով ադրբեջանցիները հենապատ են կառուցել: Ա. Մադաթյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը շարունակում է ջրամբարի ձախ ափին ռազմական նշանակության հողաշեն ճանապարհի՝ խրամուղու շինարարությունը: Սահմանամերձ Բերքաբերը խմելու ջրի սուր խնդիր ունի: Համայնքի ղեկավարի խոսքերով՝ վերջերս մասնագետներ են եկել խմելու ջրագծի կառուցման համար նախագիծ կազմելու, սակայն սահմանում վերջին գնդակոծությունները խանգարել են այդ գործընթացին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ