Առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն ռեալ շանս ունի հաղթելու. Հրազդանում այս կիրակի քաղաքապետ կընտրեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս կիրակի Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է այսօր: Կոտայքի մարզկենտրոնում առկա իրավիճակը վկայում է այն մասին, որ վերջին առնվազն տասը տարիների կտրվածքով առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն ռեալ շանս ունի հաղթելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Իհարկե, անցած տարիներին եղել են դեպքեր, երբ ՀՀԿ-ական թեկնածուները ՏԻՄ ընտրություններում պարտվել են, սակայն նրանց մրցակիցներն ընդդիմադիր թեկնածուներ չեն եղել, այլ ընդամենն ունեցել են ընդդիմադիր կուսակցությունների որոշակի աջակցություն:

Ինչպես հայտնի է, Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը եւ նախկին ՕԵԿ-ական, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը: Հիմնական պայքարն ընթանում է երկու թեկնածուների` Սասուն Միքայելյանի եւ Արամ Դանիելյանի միջեւ:

Տեղեկացնենք, որ Միքայելյանի շտաբի կողմից երեկ կազմակերպած նախընտրական հանրահավաքում ելույթ է ունեցել Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանը: Վերջինս քաղաքապետարանի գործող պաշտոնյա լինելով հանդերձ՝ հրազդանցիներին կոչ է արել չվախենալ ու քվեարկել Սասուն Միքայելյանի օգտին: Քաղաքապետարանի պաշտոնյան փաստել է, որ Արամ Դանիելյանը տարիներ շարունակ մսխել է Հրազդան քաղաքի բյուջեն եւ քաղաքը հասցրել քայքայման եզրին` քաղաքապետարանի աշխատակիցների հետ հաճախ խոսելով սեռական բնույթի հայհոյանքներով:

Տեղեկացնենք, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի առաջնագծից մի քանի ժամով վերադարձել էր նաեւ Սասուն Միքայելյանը` հրազդանցիներին չվախենալու իր վերջին կոչը հնչեցնելու համար: Նա գիշերը կրկին մեկնելու է սահման: Իսկ շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ղեկավարել նախընտրական շտաբը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս