Ոստիկանության աշխատակցին անհիմն մեղադրել է ծանր հանցագործության կատարման մեջ.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է Երեւան քաղաքի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանի կողմից ՀՀ ոստիկանության “Ճանապարհային ոստիկանություն” ծառայության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Ռոբերտ Վարդանյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ մամուլի ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ Հրանտ Հովհաննիսյանն Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում գտնվող հայրական տունը ոստիկանության աշխատակից Ռոբերտ Վարդանյանի հորը վաճառելու պատճառով ունեցել է գույքային վեճ ու տեւական ժամանակ հետապնդել Ռոբերտ Վարդանյանին:
Հրանտ Հովհաննիսյանը ոստիկանության աշխատակցի դեմ բազմաթիվ բողոքներ է հասցեագրել պետական տարբեր ատյաններ եւ շարունակ դժգոհ է մնացել Ռոբերտ Վարդանյանին քրեական պատասխանատվության չենթարկելու, նվազագույնը` աշխատանքից չազատելու համար:
Վրեժխնդիր լինելու դիտավորությամբ, միջադեպ սադրելու եւ հետագայում դրա շահարկմամբ բողոքելու ու ոստիկանության աշխատակցին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր ստեղծելու նպատակով, անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով` 2013թ. մարտի 12-ին Հատուկ քննչական ծառայություն է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որով պաշտոնատար անձ, ՀՀ ոստիկանության “Ճանապարհային ոստիկանություն” ծառայության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Ռոբերտ Վարդանյանին մեղադրել է բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Այսպես, Հրանտ Հովհաննիսյանը Հատուկ քննչական ծառայություն է ներկայացրել հաղորդում` այն մասին, որ 2013 թվականի մարտի 10-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի “Կենտրոնական բանկի” մոտով ընթանալիս իրեն թվացել է, թե “Ճանապարհային ոստիկանություն” ծառայության տեսուչ Ռոբերտ Վարդանյանը կանգնեցրել է իրեն:
Հրանտ Հովհաննիսյանը մոտենալով տեսուչ Ռոբերտ Վարդանյանին ու պարզելով, որ իրեն չեն կանգնեցրել, ցանկացել է վերադառնալ ավտոմեքենայի մոտ: Սակայն, ինչպես հաղորդում է Հրանտ Հովհաննիսյանը, ոստիկանության ավտոմեքենայի ղեկին նստած Ռոբերտ Վարդանյանը, իբր, նախ` հայհոյել է իրեն, ապա` հարվածել դեմքին:
Հրանտ Հովհաննիսյանը խնդրել է ոստիկանի ապօրինությունների վերաբերյալ հարուցել քրեական գործ, միաժամանակ հայտնել է, որ տեսաձայնագրել է ոստիկանի կողմից իրեն հարվածելու պահը:
Հրանտ Հովհաննիսյանն այսքանով էլ չի բավարարվել. խաթարելով իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը, միաժամանակ խախտելով Ռոբերտ Վարդանյանի իրավունքներն ու օրինական շահերը` շարունակել է իր դիմումներով նույնաբովանդակ սուտ տեղեկություններ հաղորդել քրեական գործ հարուցելու պահանջով:
Մինչդեռ, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով` դեպքին ականատես վկաների, տուժող Ռ. Վարդանյանի ցուցմունքներով, Հրանտ Հովհաննիսյանի կողմից նախաքննական մարմնին ներկայացրած տեսաերիզի զննությամբ միանշանակ հերքվել են ոստիկանության աշխատակցի կողմից Հրանտ Հովհաննիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ պաշտոնակեական լիազորություններն անցնելու հանգամանքները:
Սուտ մատնություն կատարելու համար Հրանտ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` բնակավայրից չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է հսկող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:




Լրահոս