Սիսիան-Գորիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շուտով կսկսվեն, ինչի համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 240 մլն դրամ: Լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու էր ապրիլի սկզբի պատերազմական գործողությունների ժամանակ այդ ճանապարհը գտնվում խիստ անբերակարգ, գրեթե անանցանելի վիճակում:
Բեգլարյանն ասաց, որ այդ ճանապարհը միայն փոսալցումներով անհնար էր վերակագնել, քանի որ փոսերը բավականին մեծ էին: «Դիմեցինք կառավարությանը, և գործադիրը 240 միլիոն դրամ հատկացրեց Սիսիանի ճանապարհի հիմնանորգման համար: Երբ պատերազմը սկսվեց, փոսալցումներ չէինք կարող անել, քանի որ ձյուն էր գալիս, արագ մաքրեցինք ձյունը, որպեսզի խցանումներ չլինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բեգլարյանը: Միաժամանակ, նախարարը չհամաձայնեց կարծիքին, որ յուրաքանչյուր գարուն ՀՀ ճանապարհների մեծ մասը քանդված է լինում: Բեգարյանն ասաց, որ չեն կարող մեկ տարում ողջ Հայաստանի ճանապարհները հիմնանորոգել: Ըստ նրա՝ նախանցած և անցած տարի հանրապետության ճանապարհների 60 տոկոսը հիմնանորոգվել է: Ավարտվել են նաև կենսական նշանակության համայնքային ճանապարհների 80 տոկոսի հիմնանորոգման աշխատանքները: