ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ապրիլի 17-ին գյուղապետի ընտրություններ են տեղի ունենալու: Առաջադրված թեկնածուները 5-ն են՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Վահրամ Հարությունյանը, ՀՀԿ-ական Համազասպ Երանյանը, ՀՀԿ-ական Զավեն Ինջիղուլյանը, ՀՀԿ-ական Արտակ Ղազարյանը, ով գյուղի դպրոցի պահակն է, եւ անկուսակցական Հովհաննես Անդրեասյանը: Ի դեպ, վերջինս Առատաշենի նախկին գյուղապետն է եւ երրորդ անգամ է պայքարում գյուղապետի պաշտոնի համար:
Ըստ առատաշենցիների՝ այս ընտրությունները թեժ են անցնելու: «Ժողովուրդ»-ը զրուցեց առաջադրված թեկնածուներից երկուսի` գործող ՀՀԿ-ական գյուղապետ Վահրամ Հարությունյանի եւ նախկին գյուղապետ Հովհաննես Անդրեասյանի հետ:
Առատաշենի գյուղապետ եւ առաջադրված թեկնածու Վահրամ Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, ընտրություններին մնաց երկու օր: Գյուղում նախընտրական ի՞նչ մթնոլորտ է:
-Խաղաղ է ու հանգիստ:
-Այս ընտրություններում ունեք 4 մրցակից, դժվա՞ր է Ձեզ համար:
-Ընդամե՞նը 4 (ծիծաղում է, Ս.Հ.), շատ են: Իհարկե, դժվար է: Բոլոր թեկնածուներով էլ իրար հետ կապված ենք: Ժողովրդի համար էլ է ընտրելը դժվար դարձել, ընկերներ են, հարեւաններ: Արդեն ընտրություն անելն էլ է դժվարացել:
-Իսկ թեկնածուների միջեւ լարվածություն կա՞:
-Կարելի է ասել, որ չկա:
-Հովհաննես Անդրեասյանի հետ արդեն երրորդ անգամ եք մրցակցելու…
-Առաջին անգամ, երբ առաջադրեցի թեկնածությունս, պարտվեցի, իսկ Անդրեասյանը հաղթեց: Բայց նախորդ ընտրություններին ես 350 ձայն իրենից ավել հավաքեցի: Հիմա մեր մեջ ոչ մի լարվածություն չկա:
Առատաշենի գյուղապետի թեկնածու Հովհաննես Անդրեասյան
-Պարո՛ն Անդրեասյան, ինչպե՞ս եք պայքարելու 4 մրցակցի դեմ:
-Պայքար է, ուղղակի պայքար: Ես որեւէ մեկի տուն չեմ մտնում ու չեմ խնդրում ինձ ձայն տալ:
-Ձեզ համար դժվա՞ր չէ:
-Ես վստահ եմ իմ ուժերին:
-Ինչո՞ւ եք այդքան վստահ, եթե նախորդ ընտրություններին պարտվել եք:
-Ժողովուրդը հոգնում է, եթե մի գյուղապետ երկար է մնում պաշտոնին: Ես տասը տարի աշխատել էի: Եւ 4 տարի հանգստացա, իմ հողերը մշակեցի: Այս 4 տարիների ընթացքում գյուղացիները եկել են իմ տուն եւ խնդրել են առաջադրվել: Ես էլ առաջադրվեցի:
-Իսկ ի՞նչ կիսատ գործ ունեք թողած, որ կրկին առաջադրվել եք:
-Գյուղում ակումբ, ամբուլատորիա կառուցվել է միայն իմ պաշտոնավարման տարիներին: Ամեն մի ծնված երեխայի ընտանիքնին ես գումար եմ տվել, ցանկացած միջոցառում ես եմ կազմակերպել, ամեն անգամ 10-րդ դասարանի շրջանավարտներին ես եմ տարել Սեւան: Հիմա ես մտածում եմ, որ դա շարունակել է պետք: Իսկ գործող գյուղապետը միայն հաստիքներ է ավելացնում:
-Գյուղապետի հետ լարվածություն կա՞:
-Ես իրեն հետ անձնական խնդիրներ ունեմ եւ չեմ կարող հրապարակել:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ