Ո՞ՒՐ Է «ԿՈՐԵԼ» ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս օրերին, ըստ էության, անիշխանություն է տիրում: Չնայած երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրներին ու մարտահրավերներին, իշխանությունները չեն շտապում որեւէ կերպ արձագանքել դրանց: Ավելին, Սերժ Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս օրերին կարծես անհետացել են. չնայած նրանց արձակուրդը վաղուց ավարտվել է, սակայն նրանք նույնիսկ չեն էլ երեւում:
Կիրակի օրը Սերժ Սարգսյանը եղել է Իրանում` մասնակցելու այդ երկրի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալությանը, որից հետո հանդիպում ունեցել նրա հետ: Իսկ մինչ այդ՝ ողջ ընթացքում, Ս. Սարգսյանի գործունեությունը սկսվել ու ավարտվել է գերազանցապես կա՛մ շնորհավորական, կա՛մ ցավակցական հեռագրեր ուղարկելով: Միայն երկու շաբաթվա ընթացքում նա 9 հեռագիր է ուղարկել:
Ուշագրավը, սակայն, այն է, որ թեեւ Ս. Սարգսյանի արձակուրդը երկուշաբթի օրվանից ավարտվել է, նրա մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում. ո՛չ նախօրեին, ո՛չ էլ երեկ Ս. Սարգսյանը, ըստ էության, որեւէ գործունեություն չի ծավալել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, երեկ՝ կեսօրի դրությամբ, նա դեռ Հայաստանում չէր: Ս. Սարգսյանի այս անգործությունը, թերեւս, խոսում է իշխանությունների` երկրի խնդիրներին ոչ համարժեք վերաբերմունքի մասին: Այնինչ այս օրերին կուտակվել են լրջագույն խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում:
Միայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին զեկույցը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Արտագաղթի ծավալները հասել են աննախադեպ չափերի, նվազել է ծնելիությունը: Սրան զուգահեռ, մտահոգիչ են փոքր ու միջին ձեռնարկությունների փակման մասին վիճակագրական տվյալները, երբ միայն մեկ տարվա ընթացքում փակվել է 1143 փոքր խանութ:
Բացի այդ, Հայաստանում գնալով վատանում է սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդիրը սկսել է սրվել հատկապես գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո: Ու չնայած կառավարությունը խոստացել էր սուբսիդավորել գազի սակագնի բարձրացման հետեւանքով առաջացած տարբերությունը, հիմա այս հարցում ծպտուն անգամ չեն հանում: Իշխանությունները պարզապես սսկվել են՝ փորձելով մոռացության տալ այդ թեման: Այնինչ դեռ հունիսին խոստանում էին մինչեւ հուլիս հստակ պատասխանել, թե որտեղից են ձեռք բերելու սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարները: Պարզ է՝ այդ խնդիրը եւս պետք է լուծվի Ս. Սարգսյանի «դաբրոյով»: Մինչդեռ «բաժանորդն անհասանելի է»:
Շարունակում է բաց մնալ հարցը, թե Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրություններում իշխող ՀՀԿ-ն ում թեկնածությունն է առաջադրելու: ՀՀԿ-ն այս հարցում որոշում չունի: Եվ սա այն դեպքում, երբ երկուշաբթի օրվանից սկսվել են առաջադրումները: Հասկանալի է, որ այս հարցը պետք է լուծվի անձամբ Ս. Սարգսյանի «դաբրոյով» ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ, որն այդպես էլ չի կայանում:
Եվս մեկ կարեւոր խնդիր. Ս. Սարգսյանը շատ է խոսել բարեփոխումների մասին: Նույնիսկ իշխանական կուլիսներում խոսվում էր, որ սեպտեմբերին նա պատրաստվում է դիմել կոնկրետ քայլերի եւ կառավարության ներսում լուրջ փոփոխությունների: Սակայն, դատելով իշխանությունների լռությունից, այս հարցում եւս անորոշություն է: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ակնհայտ է միայն մեկ բան` Ս. Սարգսյանը չի պատրաստվում պաշտոնանկ անել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում շարունակվելու են տնտեսության հետեւողական քայքայումն ու փոշիացումը:
Այսքանից հետո, թերեւս, անիմաստ է խոսել նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում ծառացած խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին:
Հ.Գ. Ի դեպ, Իրանը դեռ 2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին դադարեցրել էր 52 տեսակ ապրանքների ներմուծումը Հայաստան, եւ այդ արգելքն առ այսօր հանված չէ: Հետաքրքիր է` Ս. Սարգսյանն ԻԻՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ արդյոք քննարկել է այդ թեման, թե, այնուամենայնիվ, մոռացել է խոսել ՀՀ տնտեսության համար կարեւոր այդ հարցի մասին:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս