Armlur.am-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Անտոն Իշչենկոն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին:
– Նախ կցանկանայի, որպեսզի Դուք օբյեկտիվորեն գնահատեիք, թե ինչ տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին. ո՞վ էր նախաձեռնողը, ո՞վ սկսեց առաջինը:
– Կոնֆլիկտը սրացել է Ադրբեջանի նախաձեռնությամբ: Սկզբի համար ճիշտ կլինի հիշել պատմությունը: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում տարբեր տվյալներով ապրում են 94-99 տոկոս հայեր: Սովետական Միության ժամանակ մի քանի փորձ արվեց Ադրբեջանից բաժանվելու համար, սակայն չստացվեց: Վերակառուցումից հետո` 1988 թվականին սկսեց Ղարաբաղյան պատերազմը: Արդյունքում, Հայաստանի տիրապետության տակ անցավ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Ինչ վերաբերում է հարցին`պատերազմ է, թե ոչ, ապա ավելի շուտ` ոչ: Սա ավելի շատ հակամարտության բռնկում է:
– Իսկ այստեղ կարո՞ղ ենք տեսնել Թուրքիայի հետքը, և ինչո՞ւ Ադրբեջանը հենց այժմ որոշեց սրել իրավիճակը:
– Եթե ընթերցենք վաստակ ունեցող ռուս քաղաքագետներին, ապա մեզ համար կարող ենք հետաքրքրիր բաներ բացահայտել: Թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Էրդողանը շատ բան է կորցրել և երկրի ներսում, և քաղաքական ազդեցության առումով: Կոպիտ ասած` ոչ պաշտոնապես, նրան բոյկոտում են` այդ թվում և ՆԱՏՕ-ի գործընկերները: Օրինակ, հայտնի է, որ ԱՄՆ-ում նրան երկար ժամանակ Օբաման չէր ընդունում:
Էրդողանի վերջին 5 ուղևորություններից 2-ը ԱՄՆ են եղել, 2-ը`Ադրբեջան և 1-ը` Ուկրաինա: Թուրքերն ադրբեջանցիներին համարում են իրենց ընկերները, քանի որ էթնիկապես և պատմականորեն մոտ են: Համապատասխանաբար, Թուրքիան բավարար ազդեցություն ունի Ադրբեջանի վրա: Անձամբ հայերն էլ թշնամի համարում են ոչ այնքան Ադրբեջանին, որքան`Թուրքիային:
–Այժմ հրադադարի մասին բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերված: Ի՞նչ եք կարծում` լայնամասշտաբ գործողությունների վերսկսումը հնարավո՞ր է:
– Սա սառեցված կոնֆլիկտ է, որն այս կամ այն իրադարձությունից ելնելով պարբերաբար բռնկվում է: Հայտնի է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը բավականին ռազմականացվել է: Հայաստանը չի պատրաստվում պատերազմն առաջինը սկսել, սակայն պատրաստ է դրան: Կարծում եմ, որ պատերազմական գործողությունները չեն մտնում ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի ծրագրերի մեջ:
– Իսկ ինչպե՞ս եք Դուք տեսնում կոնֆլիկտի լուծումը:
– Այն, ինչ այժմ տեղի է ունենում, դարերով է եկել: Պետք է մաքսիմում ջանքեր գործադրել, որպեսզի ամեն ինչ չտարվի հարցի` ռազմական ճանապարհով լուծման: Ամենալավ տարբերակը համանախագահների հետ խաղաղ բանակցություններն են և այստեղ Ռուսաստանը պետք է տանի առաջին ջութակի դերը:
– Հայերի համար միշտ ցավոտ թեմա է եղել Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին: Սակայն վերջերս ՌԴ վարչապետի և փոխվարչապետի մակարդակով հայտարարություն եղավ, որ զենքի վաճառքն Ադրբեջանին շարունակվելու է: Ձեր կարծիքով, որքանո՞վ էր ճիշտ այդպիսի հայտարարություն անելը, երբ սահմանին նման լարված իրավիճակ էր տիրում:
– Այս պարագայում Ռուսաստանի կողմից միակ բացատրությունն այն է, որ Հայաստանին մենք վաճառում ենք ավելի ժամանակակից զենք, քան Ադրբեջանին: Սակայն, մենք հասկանում ենք, որ իրավաբանորեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանը չէ: Ստացվում է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ իրավունք չունի օգտագործել այդ զենքը, սակայն Ղարաբաղի դեմ` կարող է: Ռուսաստանը` ինչպես մեծ եղբայր, ձգտում է չեզոք լինել: Քաղաքականապես դա ճիշտ է, բայց պետք է ընդգծել, որ ռուսական ռազմաբազա նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներից գտնվում է միայն Հայաստանում:
– Հայաստանին փոխանցված զոհված զինծառայողների մարմինները ենթարկված էին դիակապության և խոշտանգումների: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում ադրբեջանական կողմի նման վայրագություններին:
– Անկասկած, դա հրեշավոր արարք է: Մենք մարդ ենք`անկախ ազգային պատկանելիությունից և պետք է մարդ մնանք ցանկացած քաղաքական իրավիճակում: Ինչ վերաբերում է մեղավորներին, ապա նրանք պետք է պատժվեն` լինի դա երկրի ներսում, լինի Եվրոպական դատարանում, թե` մեկ այլ վայրում:
Նաիրա Հովհաննիսյան