Հունիսի 26-ին դանակահարված Լոռու մարզի Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վասիլի Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրեն դանակահարած Ակսելը, որն ուսանողուհի Ալլայի ընկերն է, սխալ է վարվել:
Հիշեցնենք, որ խոսքն այն դասախոսի մասին է, որի վերաբերյալ ուսանողները բողոք-նամակ էին ուղղել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին եւ ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանին: Սակայն նամակը որեւէ արձագանք չունեցավ, ինչին հետեւեց ինքնադատաստանը, եւ հունիսի 26-ին Վասիլի Գեւորգյանը դանակահարվեց թատրոնի հնչյունային ռեժիսոր Ակսել Մխիթարյանի կողմից, որը Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի փոխտնօրեն Արամ Մխիթարյանի որդին է:
Դեպքից անցել է 1 ամիս 10 օր: «Ժողովուրդ»-ը զրուցեց Վ. Գեւորգյանի հետ:
-Պարո՛ն Գեւորգյան, ինչպե՞ս է Ձեր առողջական վիճակը:
-Ամեն ինչ լավ է, շնորհակալ եմ: Ես ապաքինվում եմ, շուտով վերջնականապես կվերականգնվեմ:
-Այս ընթացքում չե՞ք փորձել հասկանալ, թե ինչու նա Ձեզ դանակահարեց:
-Ես ասել եմ, որ եղել է քննություն: Քննությունից հետո էլ եղել է բացատրություն եւ այս միջադեպը: Որեւէ այլ պրոցեսներ, բացի աշխատանքային կամ քննական ընթացքից, չեն եղել:
-Ալլան նշված օրը անբավարար գնահատակա՞ն է ստացել:
-Այո՛: Ես երկու թեմա հարցրի նրան, եւ նա ասաց, թե ընդհանրապես պատրաստ չէ: Չգիտեմ, թե քննասենյակից դուրս գալուց հետո ինչ է ասել ընկերոջը, բայց երբ ես ավարտեցի քննությունը, դուրս եկա, հանդիպեցի Ակսելին…
-Մինչ այս դանակահարությունը Ձեր ուսանողները հենց Ձեր դեմ բողոք-նամակ էին ուղղել Արմեն Աշոտյանին եւ Արմեն Մազմանյանին: Դուք տեղյա՞կ եք:
-Ես տեղյակ չեմ ու անգամ չգիտեմ՝ այդ նամակին պաշտոնական ընթացք տրվել է, թե ոչ, եւ, առհասարակ, ո՛չ ԿԳ նախարարը, ո՛չ թատրոնի ռեկտորն ինձ իրենց մոտ չեն հրավիրել եւ որեւէ հարց չեն տվել, ու եթե նման հարց կլինի, ես իմ աշխատանքի կամ անցկացրած դասի համար կարող եմ բացատրություն տալ: Այդ ամենի պատասխանն ունեմ: Իմ աշխատանքի մեջ որեւէ թերացում չի եղել:
-Ըստ Ձեր ուսանողների՝ Դուք «ամբիցիոզ, սակավ գիտելիքների տեր, ուսանողությանն արհամարհող, ժամանակակից բուհական պահանջները չբավարարող մարդ եք, որն օրավուր մեծացրել է անդունդն իր եւ ուսանողության միջեւ»:
-Փաստորեն, ուսանողն այնքան գիտելիք ունի, որ կարող է գնահատել դասախոսի՞ն: Այդ դեպքում ինչո՞ւ է եկել սովորելու: Սա մի տեսակ լուրջ չէ:
-Ըստ նրանց՝ Դուք իրենց հետ թատրոնի մասնաճյուղում պետք է պարապեք շաբաթը առնվազն 10 ժամ, սակայն ուսումնական պարապմունքների գալիս եք ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ մեկ շաբաթով: Ըստ այդմ, սա արդեն նշանակում է, որ խախտվել են պարապմունքների համակարգման եւ մատուցման ձեւերը:
-Դասացուցակը կազմում է ինստիտուտը: Ինստիտուտն այդ դասացուցակը կազմում է այնպես, ինչպես ճիշտ ու հարմար է գտնում, իհարկե նաեւ ըստ իր դասախոսների ծանրաբեռնվածության: Ե՛վ ուսանողները, ե՛ւ ես ենթարկվում ենք ինստիտուտի կազմած աշխատանքային գրաֆիկին, եւ այս պրոցեսն ամբողջ աշխարհում այդպես է:
-Ուսանողների խոսքով` Դուք ստիպում եք նրանց քննությունների եւ ստուգարքների ժամանակ բառացիորեն պատասխանել ողջ ծրագիրը՝ դրան հասնելով ինքնակրթությամբ, «քննությունները վերածում եք սեփական ամբիցիաների ցուցադրության եւ դաժանության»: Հետո նշանակում եք, այսպես կոչված, «լիկվիդացիոն շրջան» եւ բացակայում դրանից՝ հետագայում անցնելով շանտաժի, իբրեւ թե ուսանողները չեն ներկայացել: Այս մասին ի՞նչ կասեք:
-Այն, ինչ ներկայացվել է, սուտ է: Շատ հաճախ ուսանողը տարրական բաները չգիտի, եւ երբ հարցնում ես նրան, ասում է, թե պահանջում են չափից ավելի շատ: Կրկնում եմ, խոսքը տարրական հարցերի մասին է:
-Նամակից հետո՝ որոշ ժամանակ անց, Ձեզ դանակահարեցին: Դուք այս երկու դեպքերի մեջ կապ չե՞ք տեսնում: Ասել է թե՝ Ձեր դեմ բողոքներն արդյունք չտվեցին, եւ այսպես հաշվեհարդար տեսան Ձեզ հետ:
-Չգիտեմ, թե որքանով են այդ գործողություններն առնչվում այս նամակին: Չգիտեմ, թե ովքեր են նամակը գրողները կամ գուցե գաղափարը հայտնողներից մեկն Ակսելի ընկերուհին է եղել եւ այդ իր գաղափարներով կիսվել է Ակսելի հետ: Թող փորձեն իրենց իրավունքները պաշտպանել: Կա կոնկրետ փաստ, թող դիմեին ինստիտուտի ռեկտորին, եւ նա ինձ կհրավիրեր ու կասեր, թե այս խնդիրն ինչու է առաջացել: Կրկնում եմ՝ ինձ ոչ ոք չի կանչել, եւ եթե սա է նամակի բովանդակությունը, ուրեմն չեն էլ կանչի: Ես առանձնապես չեմ էլ անհանգստանում:
-Դուք միգուցե անհանգստանալու բան չեք տեսնում, բայց եթե ուսանողների բողոքին ընթացք տրվի, ի՞նչ եք անելու:
-Եթե իմաստ են գտնելու, թող այդ ամենին ընթացք տան: Եթե կան կոնկրետ փաստեր, ես պատրաստ եմ պատասխանել:
ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՆ ԻՐ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ