Արդեն երկու ամիս է, ինչ Երեւանի փողոցների տարբեր հատվածներում հայտնվել են կարմիր գծանշումներ, որոնք վարորդներին գուժում են ավտոկայանատեղիների կարգի ու ձեւի փոփոխության մասին: Այսուհետ 5 րոպեից ավելի, թեկուզ 6 րոպե փողոցում կայանելու դեպքում վարորդը ստիպված կլինի վճարել նվազագույնը մեկ ժամվա դիմաց, որը կազմում է 100 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 1-ից ավտոկայանատեղիների համար մատուցվող ծառայությունների համար Երեւանի քաղաքապետարանը «Լոկատոր» եւ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունների հետ եռակողմ պայմանագիր է կնքել:
Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում «ասֆալտից» գումար աշխատելու այս մեխանիզմը, որքանո՞վ է այն օրինական: Նախ ուսումնասիրենք օրենսդրությունը:
Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի՝ «Ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաեւ, պահանջելու դեպքում, տուրք վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն»: Թեեւ օրենքը պահանջում է, որ վճարողին ծառայություն մատուցող ընկերությունը պետք է պարտադիր անդորրագիր տա, սակայն այն չի արվում, ու թերեւս անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է SMS հաղորդագրություն ուղարկած վարորդն իր հեռախոսից անդորրագիր ստանալ:
Բացի այդ, համաձայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ տեսախցիկներով խախտումներ արձանագրելու եւ դրանցով տուգանքներ նշանակելու իրավունք ունի միայն ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայությունը: Սակայն Երեւանի քաղաքապետարանը ցանկանում է ոստիկանների «հացը կտրել» եւ զբաղվել մեքենաներին տուգանելու գործառույթով: Բանն այն է, որ համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 219.1 հոդվածի՝ «Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք»: Ու անհասկանալի է, թե այս դեպքում ինչ հիմնավորմամբ է մասնավոր ընկերությանն իրավունք վերապահվել տույժեր կիրառել քաղաքացիների նկատմամբ: Այս եւ վարորդներին հուզող այլ հարցերի պատասխանը պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանի ավագանու անդամի եւ ավտոկայանատեղիների համար ծառայություն մատուցող ընկերության տնօրենի հետ:
Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանի խոսքով` իրենց խմբակցությունը բազմիցս դեմ է հանդես եկել այս որոշմանը, քանի որ այն բազմաթիվ խոցելի տեղեր ունի: Ըստ նրա՝ ԲՀԿ խմբակցությունն այս որոշման մասին իմացել է ընդունելուց հետո միայն. նրանց հետ որեւէ քննարկում չի եղել: Ավագանու անդամի կարծիքով՝ այս որոշումը հակասում է ՀՀ օրենքներին, կառավարության եւ Ազգային ժողովի որոշումներին. «Ի՞նչ իրավունքով է ավտոմեքենաների սեփականատերերի ինֆորմացիան փոխանցվել մասնավոր ընկերությանը»: Իսկ ամենամտահոգիչ փաստը, թերեւս, այն է, որ, ըստ Թ. Պողոսյանի, տուրքերի վճարի 30 տոկոսը գնալու է Երեւանի քաղաքապետարանի բյուջե, 70 տոկոսը՝ անհասկանալի ծառայություն մատուցող ընկերության գրպանը. «Ինչո՞ւ պետք է այդ գումարը գնա որեւէ մասնավոր ընկերություն, եթե ոչ՝ Երեւանի բյուջե»:
Տուրքերի վճարների բաշխման մասով «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը եւս հաստատեց, որ ստացված գումարի 30 տոկոսը քաղաքապետարանինն է, իսկ 70 տոկոսը՝ մասնավոր ընկերություններինը:
Սակայն Երեւանի քաղաքապետարանը՝ ի դեմս հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանի, «Ժողովուրդ»-ին տրամագծորեն հակառակ տեղեկատվություն հայտնեց` նշելով, որ տուգանքների վճարների 30 տոկոսը սպասարկող ընկերությանն է, իսկ 70 տոկոսը համայնքի բյուջե է գնում:
ԿՄԻՋՆՈՐԴԵՆ
Ի՞նչ ծառայություն է մատուցելու «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը. արդյո՞ք նրանք առավել համարավետ կանգառներ են կառուցելու, ինչի դիմաց վճարներ են ակնկալում: Իհարկե ոչ: Նրանք շարունակելու են հարստանալ «ասֆալտի» հաշվին: Միայն հայտնի է, որ ընկերությունը 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարելու՝ տեսախցիկներ գնելու եւ վարորդների «կաշին քերելու» համար:
Վճարովի ավտոկանգառների սպասարկումն իրականացնող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի խոսքով՝ վճարովի կայանատեղիների կազմակերպումը ամրագրված է 2012թ. հոկտեմբերի 10-ի կառավարության որոշմամբ. «Փողոցների ցանկն էլ, որտեղ կարելի է կազմակերպել վճարովի կայանատեղիներ, սահմանված է 2012թ. դեկտեմբերի 25-ի ավագանու որոշմամբ»: (Նկատենք, որ ավագանու ԲՀԿ-ական անդամը տեղյակ չէ նման որոշումներից, ինչը նշանակում է, որ Տարոն Մարգարյանն իր ՀՀԿ-ականներով է կարգ հաստատել):
Ինչ վերաբերում է անդորրագիր չտրամադրելու հետ կապված դժգոհությանը, ապա, ըստ Վ. Հարությունյանի, այն անհիմն է. «Իսկ ո՞վ ասաց, որ չի տրամադրվել, որեւէ մեկը SMS ուղարկելուց հետո դիմել է, եւ չե՞նք տրամադրել: Թող դիմեն»: Իսկ ինչ վերաբերում է տուգանքներին, նա պարզաբանեց, որ «Փարքինգ սիթի սերվիս»-ը որեւէ մեկին տուգանելու իրավունք չունի, տուգանել կարող է միայն վարչական մարմինը, տվյալ դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանը. «Ընկերությունը միայն իրականացնում է կայանատեղիների նկարահանումը եւ ուղարկում քաղաքապետարան: Նրանք էլ համապատասխան մեքենայի համարանիշով տուգանք են նշանակում: Թե ինչպես են գտնում համարանիշերի սեփականատերերին, մենք տեղյակ չենք»: Ըստ Հարությունյանի՝ տույժերի վճարման այդ ձեւը պայմանավորված է Երեւանի ավագանու որոշմամբ, ինչպես նաեւ «Ավտոկայանատեղերի մասին» ՀՀ օրենքով:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
ԱՍՏՎԱԾՆ Է
Ընդունված իրավական ակտի մեջ, թերեւս, ամենազավեշտալի պահն այն է, որ կանգառները նկարահանող եւ գումարներ գանձող ընկերությունը պատասխանատվություն չի կրում մեքենաների անվտանգության համար: «Անհրաժեշտության դեպքում տրանսպորտամիջոցի սեփականատերը կարող է դիմել քաղաքապետարանին, եւ նրանք համապատասխան կարգով եւ ժամկետում կտրամադրեն տեսագրությունը, ինչից հետո քաղաքացին կարող է դիմել համապատասխան պատկան մարմիններին` խնդրին լուծում տալու համար»,-ինքնագոհ բացատրեց ՓԲԸ տնօրենը:
Լավ, իսկ ինչպե՞ս է ընկերությունը վարվելու ձմռանը, երբ ձյունը փակի կարմիր գծանշումները: «Մեր ընկերությունը ճանապարհների մաքրման հետ որեւէ կապ չունի, դա հոգում է քաղաքապետարանը»: Այսինքն՝ այստեղ էլ ՓԲԸ գումար չի ծախսելու: Ա՛յ եթե տարվա այլ եղանակներին կարմիր գծանշումների հետ որեւէ բան պատահի, Վ. Հարությունյանը հավաստիացրեց, որ իրենք պատշաճ կերպով կկազմակերպեն գծանշումների տեսանելիությունը: Ասել է թե՝ ասֆալտից «հաց քամող» ընկերության հիմնական ծախսը լինելու է «ներկ գնելը»: