Տավուշի մարզի Նորաշեն գյուղում հաշվառված, Երեւան քաղաքում բնակվող, 1974թ. ծնված Արտակ Փայտյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Մխիթարյան միաբանություն» ՀԿ Չորաթանի եւ Նորաշենի մասնաճյուղերի տնօրեն, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, «Մխիթարյան միաբանություն» ՀԿ-ի տրամադրած գումարները յուրացնելու դիտավորությամբ, 2011թ. սեպտեմբերից կազմակերպության՝ Չորաթանի մասնաճյուղում հիմնված պարարվեստի խմբակի գործունեության դադարելու վերաբերյալ «Մխիթարյան միաբանություն» ՀԿ-ին չի հայտնել եւ մինչեւ 2012թ. հոկտեմբեր ամիսը ներառյալ այդ ՀԿ ներկայացվող իր ֆինանսական հաշվետվություններում զետեղել է պարարվեստի խմբակի չեղած գործունեությունը եւ յուրաքանչյուր ամիս 32 հազարական դրամ, ընդհանուր` 448 հազար, ստացել որպես խմբակի ուսուցիչ Նվեր Խաչատրյանին վճարվելիք աշխատավարձ եւ յուրացրել: Բացի այդ, նա 2011թ. մարտին Նորաշեն գյուղում հիմնել է «Մխիթարյան միաբանություն» ՀԿ-ի կրթամշակութային մասնաճյուղ, որը գործել է մինչեւ 2012թ. մայիս ամիսը ներառյալ: Դրա գործունեության դադարեցման վերաբերյալ նա չի հայտնել եւ 2012-ի հունիսից մինչեւ 2012-ի հոկտեմբեր ամիսը ներառյալ «Մխիթարյան միաբանություն» ՀԿ-ից չգործող 4 խմբակների ուսուցիչների համար ստացել է աշխատավարձ՝ ընդհանուր 87 հազար դրամ, եւ յուրացրել: Նա նաեւ 2012թ. հունիսից մինչեւ 2012-ի դեկտեմբեր ամիսը ՀԿ-ից ստացել է ընդհանուր 133 հազար դրամ եւ այն վատնում կատարելու եղանակով վճարել շախմատի խմբակի ուսուցիչ, իր ազգակից Վոլոդյա Փայտյանին:
Նախկինում չդատված Ա. Փայտյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (յուրացնելը կամ վատնելը, որ կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով) եւ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում օգոստոսի 2-ին կայացած նիստում Ա. Փայտյանը դատարանին միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն: Նա հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է դրան: Կայացվել է արագացված դատաքննություն: Դատավոր Զոյա Զաքինյանն Ա. Փայտյանին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի համակցությամբ նրան դատապարտել 550 հազար դրամ տուգանքի:
Տավուշ