ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԶՈՐՔԻ ՇԱՐԺ Է ՆԿԱՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, ասաց. «Դժվար է կանխատեսել, այս պահին հակառակորդի զորքը զինված կանգնած է, նույնիսկ հրապարակվեց, որ հակառակորդի զորքի շարժը նկատվում է, բայց որեւէ բան չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի»:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակում էր իրականացվել: Հայկական կողմին փոխանցվել է 18 զոհվածի մարմին: Հիմա արցախյան կողմը գերիներ ունի՞ հակառակորդից, կամ հակառակորդն իր մոտ հայ գերիներ ունի՞:
-Արցախյան կողմում միանշանակ ոչ մի գերի չկա, իսկ Ադրբեջանական կողմում դժվար է ասել, չնայած տվյալ դեպքում մենք ունենք մեկ անհայտ կորած, եւ նրա ճակատագիրը անհայտ է: Ադրբեջանական կողմում է նա մնացել, թե ոչ, կենդանի է, թե մահացած, մարտի դաշտում է մնացել, թե այլ խնդիր կա, դեռ չի հայտնաբերվում, դժվար է այս պահին որեւէ բան ասել:
-Խոսքը անհետ կորած կապիտանի՞ մասին է:
-Այո՛:
-Այս օրերին բազմիցս հայտարարվեց, որ Ադրբեջանը հետախուզական նպատակով օգտագործել է անօդաչու թռչող սարքեր: Ինչո՞ւ չենք խոցել:
-Գիտեք՝ անօդաչու թռչող սարքը կարող է հեռվից գործողություն կատարի, դու հայտնաբերես, բայց նա հասանելիության գոտում չլինի: Կարող է՝ նա ֆիքսում է, որ իր վրա կենտրոնացում կա, եւ վտանգի մեջ է, անմիջապես խնդիրը դադարեցնի, հեռանա, բայց նշեմ, որ ընդհանուր առմամբ անօդաչու սարքը խոցելը այդքան էլ հեշտ չէ:
-Սպառազինության արդիականացման մասին վերջին օրերին շատ խոսվեց, շատերը կարծիք հայտնեցին, որ մենք զենք չունենք: Իսկապե՞ս այդքան տխուր վիճակում ենք, զենք չունե՞նք:
-Աշխարհում բոլոր բանակներում էլ զինատեսակների ամբողջ տեսականին չի կարող լինել միայն գերժամանակակից, դա անհնար է: Ադրբեջանական զինված ուժերը իրենց ամբողջ քանակական առումով որ նայենք՝ 10-15 տոկոսն է ժամանակակից, այն էլ ոչ բոլորն են գերժամանակակից: Ամբողջ աշխարհը, նույնիսկ ամենաժամանակակից բանակները՝ ամերիկյան, իսրայելական, իրենց հիմնական հատկապես լավագույն զինանոցում պահում են 70-ականների զինտեխնիկա: Իսկ ով է ասել, որ հայկական կողմը սպառազինություն չունի, մենք ինքներս 1,5 տարի առաջ ասել էինք, որ հայկական բանակը անցնում է պլանային զինման ժամանակացույցի: Ուզում եմ ասել, որ գերժամանակակից զինտեխնիկայով համալրման գործընթացը վաղուց է սկսված:
-Կարո՞ղ եք ասել՝ մենք ժամանակակից ի՞նչ զինտեխնիկա ունենք, որը կարող ենք համեմատել կամ հակակշռել հակառակորդի ունեցածի հետ:
-Չեմ կարող զինատեսակները ներկայացնել, միայն կարող եմ ասել, որ հայկական զինանոցում շատ ու շատ զինամթեր կան, բայց չի կիրառվել, քանի որ չէր հասել դրա կիրառման պահը: Կրկնում եմ, որ հայկական զինանոցը ժամանակակից զինտեխնիկայով զինված է:
-Ապրիլի 7-ին, երբ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եկել էր Հայաստան, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրել էր նրան հրահանգել «Ռոսօբորոնէքսպորտին» արագացնել Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքումը: Ի՞նչ գիտեք այս մասին, կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություն կա, ե՞րբ է հասնելու զինտեխնիկան:
-Կարող եմ միայն ասել, որ պլանային ընթացքի մեջ է:
-Ռազմական իշխանությունը ի՞նչ է կարծում, հաշվի առնելով այսօրվա իրավիճակը, պատերազմը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ:
-Դժվար է կանխատեսել, այս պահին հակառակորդի զորքը զինված կանգնած է, նույնիսկ հրապարակվեց, որ հակառակորդի զորքի շարժը նկատվում է, բայց որեւէ բան չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
2 ՄԼՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՁԱՅՆԸ ՉԷՐ ԼՍՎՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի 1-ից 4-ն ընկած ժամանակաշրջանում իրականացված ռազմական գործողությունների մասին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր դիրքորոշումը հայտնեց միայն երեկ:

ՌՀՄ կողմից տարածված հաղորդագրության մեջ նշված էր, որ Ռուսաստանի հայերի միության ձայնը միայն հայկական ԶԼՄ ներկայացուցիչներին չի հասել եւ մինչեւ Կրեմլ եւ Ադրբեջան այն հասել է վաղուց եւ առանց «պիկետների»: «ՌՀՄ «լռության» եւ «անգործության» մասին. Այն, որ ՌՀՄ-ն եւ Ռուսաստանի հայկական համայնքը ոչինչ չի անում եւ լռում է, ցավոք, սխալ կարծիք է, որը տարածվում է հայկական ԶԼՄ-ներում, որոնք համառորեն չեն ցանկանում տեսնել եւ խոսել այն ահռելի աշխատանքի մասին, որը տանում է ՌՀՄ-ն ավելի քան 15 տարի, հայերի համար այդ դժվարին տարիներին: Ռուսական համայնքի եւ ՌՀՄ-ի ձայնն առանց հանրահավաքների հասել է ինչպես մինչեւ Կրեմլ, այնպես էլ Ադրբեջան»: ՌՀՄ-ն որպես դրա ապացույց բերում է ՌԴ ղեկավարությանն ուղղված համառուսական ադրբեջանական կոնգրեսի ուղերձը, որում ուշադրություն է հրավիրվում Արա Աբրահամյանի գործունեությանը, մասնավորապես նրա՝ «Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների հետ կապված ազգայնական կարգախոսներին եւ կոչերին», որոնցում Աբրահամյանն Ադրբեջանին ագրեսոր է անվանում, բացասական արտահայտվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին…: Բացի այդ՝ ՌՀՄ-ն նշում է որ Արա Աբրահամյանը, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան, դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ կոչ անելով միջազգային էմբարգո սահմանել Ադրբեջանին սպառազինությունների մատակարարմանը՝ որպես ագրեսոր երկիր: Ցուցակը կարելի է շարունակել՝ ներառելով փորձագետների հետ աշխատանքը, որոնք աջակցություն են ցուցաբերում Արցախին, որի մասին պետք չէ բարձրաձայն հայտարարել: Նկատենք, որ թեւեւ հայտարարության մեջ գեղեցիկ ու ճոխ բառերով ներկայացված է Արա Աբրահամյանի կողմից ղարաբաղյան խնդիրը լուծելու համար արված այս կամ այն քայլերը, բայց դրանց կենդանության որեւէ նշույլ չի զգացվում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն այս կապակցությամբ նկատեց. «Տխուր էր տեսնել, երբ ամբողջ աշխարհն ալեկոծված էր, տարբեր քաղաքների տարբեր դեսպանատների առջեւ բողոքի ցույցեր, աջակցություն, կոչեր էին հնչում, եւ այդ ամբողջի մեջ չէր լսվում հսկայական` 2 միլիոնանոց ռուսական հայ համայքի ձայնը: Մեծ ուշացումով արձագանք տրվեց: Բայց բավարարվել միայն հայտարարությամբ եւ ցույց չտալ ուժը, շատ ցավալի եւ դառը իրողություն է: Սա նշանակում է, որ Ռուսաստանում ձայնազուրկ են, պատանդ, ստրուկ: Այս իրավիճակը առաջին հերթին պետք է մտահոգի պարոն Աբրահամյանին: Մնացած աշխատանքը, որ իբր չենք նկատում, կարծում եմ` մենք նկատում ենք այն, ինչ արվում է»:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 
ԴԱՏԱՎՈՐԻ ԴԱՏԱՎՈՐ ՓԵՍԱՆ
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը անցած տարվա ընթացքում գնել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ 6 մլն 125 հազար ռուբլիով: Այս փաստն ինքնին ուշագրավ է, քանի որ ենթադրվում է, որ գնված տարածքը գտնվում է Ռուսաստանում, հակառակ դեպքում վճարումը չէր կարող ռուբլով իրականացվել: Դատավորը հայտարարագրել է 88 մլն դրամի փոխառություն: Բացի այս՝ Արմեն Խաչատրյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 47 մլն դրամ եւ 100 հազար դոլար: Դատավորի ամսական աշխատավարձը կազմել է մոտ 590 հազար դրամ: Խաչատրյանի կնոջ՝ Լուսինե Մելիք-Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ եւ 50 հազար դոլար: Ի դեպ, Լուսինե Մելիք-Սարգսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրն է:

 

 

ԴԵՌ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
2016 թվականի փետրվարի 16-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ քաղաքացիները երբեմն կեղծ տեղեկություններ են ներկայացնում դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու համար վիզա ստանալու համար: Արդյունքում, ՀՀ-ում գործող դեսպանատները սկսել են վիզա տրամադրելու համար երբեմն ազդեցիկ երաշխավորագրեր պահանջել, բայց մարդիկ այս խնդրի լուծումն էլ են գտնում: Գրել էինք նաեւ, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ամուսինների համար գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում Լիտվայի դեսպանատուն, որի հիման վրա նրանք ԵՄ անդամ այդ երկիր մուտք գործելու վիզա են ստացել: Սակայն ամուսինները գնացել ու չեն վերադարձել: Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս առնչությամբ ասել էր. «Պատահական է եղել, հենց իջել ու վատացել է: Հիվանդանոցում բուժվում է: Կապաքինվի, կվերադառնա»: Անցել է մեկ ամիս, փորձեցինք պատգամավորից տեղեկանալ, թե, ի վերոջ, ամուսինները վերադարձել են, թե ոչ: Հովհաննես Մարգարյանն ասաց, որ դեռ չեն վերադարձել, քանի որ ամուսիններից մեկը դեռ վատառողջ է:

 

 

ԼՂՀ ԽՆԴԻՐԸ ԵԽԽՎ-ՈՒՄ
ԵԽԽՎ-ի հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 21-ին, որտեղ քննարկվելու է «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին եւ ողբերգական էսկալացիան» անունով փաստաթուղթը: Մեր տեղեկություններով՝ նախաձեռնության հեղինակը ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուաինն է: ԵԽԽՎ կանոնակարգով քննարկումները երկու ֆորմատով են լինելու` հրատապ եւ ակտուալ հարց: ԼՂՀ խնդիրը ակտուալ ֆորմատով է քննարկվելու: Իսկ դա նշանակում է, որ որեւէ բանաձեւ չի ընդունվելու, այլ ընդամենը լինելու են դեբատներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ-ի մեր պատվիրակության անդամներն արդեն իսկ պատրաստվում են ներկայացնել խոշտանգված բոլոր զինվորների նկարները եւ այն կոնվենցիաները, որոնք խախտել է Ադրբեջանը:




Լրահոս