Վիրավոր զինվորների թիվը ներկայումս 125-ն է, նրանցից ծայրահեղ ծանր է գնահատվում 5-ի վիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբից տեղի ունեցած միջադեպերի հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը կազմում է 125, որից ծայրահեղ ծանր է գնահատվում 5 հոգու վիճակը: Արցախպրեսի փոխանցմամբ`  այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՊՆ Զինված ուժերի ռազմաբժշկության վարչության պետի տեղակալ Հարություն Գալստյանը: Նա ընդգծել է, որ բոլոր վիրավորների մոտ առկա է առողջության դրական տեղաշարժ:

«Ինչպես ասում են՝ հաղթող զինվորի վերքերը շուտ են լավանում: Բոլորի վիճակը  վերահսկվում է մասնագետների կողմից՝ մասնավորապես  Պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության բարձրակարգ մասնագետների կողմից»,-ասել է նա:

Հարություն Գալստյանը նաև տեղեկացրել է, որ վիրավորումների գերակշիռ մասի մոտ առկա է բեկորային վնասվածքներ:

«Կենտրոնական հոսպիտալում գտնվող վիրավորներից երկուսի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր: Դուրս են գրվել երեք զինծառայողներ, չնայած կան այլ ապաքինվածներ ևս, սակայն չենք շտապում դուրս գրել, քանի որ պետք է հասկանանք՝ հետագա ինչ բուժօգնության կարիք կունենա զինվորը»,-ասել է նա:

Հարություն Գալստյանը նշել է, որ վիրավորում ստացած քաղաքացիական անձանց վերաբերյալ իրենք տեղեկատվություն չունեն:




Լրահոս