Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստը, որին մասնակցում էին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների, անվտանգության ծառայությունների, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ գիտակրթական ու գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սակայն նիստից հետո կողմերի միջև համաձայնեցված համատեղ հայտարարության տեքստ այդպես էլ չներկայացվեց: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ համատեղ հայտարարության տեքստով հանդես կգան ավելի ուշ:
«Ռուսական կողմը ժամանակ է խնդրել, որպեսզի ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախապատրաստած հայտարարության տեքստը մշակեն, և մենք պայմանավորվել ենք, որ տեքստը համաձայնեցնենք, և նոր միայն հրապարակայնացվի»,-ասաց նա:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում կարևոր համարեց նման քննարկումները և ընդգծեց, որ այս հանդիպումը նախատեսվել էր դեռևս 6 ամիս առաջ և ԼՂՀ-ի շուրջ այն ժամանակ այսպիսի իրավիճակ չէր:
Նա նշեց, որ լիարժեք փոխըմբռնման են հասել և խոսել են պարտավորությունների կատարման մասին: «Մենք հայ գործընկերներից ստացել ենք բավարար ինֆորմացիա, լսել նրանց գնահատականները, և պետք է հասկանանք, թե ինչպիսի քայլեր պետք է անենք: Մենք պետք է ունենք միասնական դիրքորոշում»,-ընդգծեց նա: