ԻՆՉ ԶԵՆՔԵՐ ԵՆՔ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրմանը զուգահեռ Հայաստանում ակտիվացան խոսակցությունները հայկական բանակի սպառազինության մասին: Հատկապես Սերժ Սարգսյանի` 80-ական թվականների զենքերով հակառակորդին դիմակայելու մասին հայտարարությունից հետո բոլորը եւ հատկապես հակառուսական ուժերը հիշեցին 200 մլն դոլարի վարկային պայմանագրի մասին, որով Հայաստանը Ռուսաստանից պետք է ժամանակակից սպառազինություն ստանար, սակայն ինչպես պարզվում է` մինչ օրս չի ստացել:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության համակարգի սպառազինության ավելացման նպատակով Ռուսաստանի կառավարության կողմից $200 մլն վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը ՀՀ Ազգային ժողովը նախորդ տարվա հուլիսի 2-ի արտահերթ նիստում ընդունել էր ձայների մեծամասնությամբ՝ կողմ 98, դեմ` 1, 0 ձեռնպահ: Դեմ էր քվեարկել միայն «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով Հայաստանը Ռուսաստանից գործարանային գներով ձեռք է բերելու ժամանակակից զենք, սպառազինություն: Ռուսաստանից վարկի տրամադրման մասին հայտնի դարձավ 2015թ. հունիսի 26-ին՝ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի եւ կապի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպումից հետո: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը նշեց, որ 200 մլն դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:
Համաձայնագրով ՀՀ-ն պարտավորվում է օգտագործել վարկը 2015-2017թթ. ընթացքում՝ ռուսական ռուբլով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի 90%-ի ֆինանսավորման համար, վարկի օգտագործման ժամկետը լրանալիս 30 օրացուցային օրվա ընթացքում ռուսական կողմի օգտին իրականացնել ռուսական ռուբլով կոմիսիոն վճարում` վարկի չօգտագործված գումարի 1%-ի չափով:

«Սմերչը» թռչում է Երեվան
Հատկանշականն այն է, որ վարկային պայմանագրի հաստատումից շատ ժամանակ չանցած ռուսական լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում էր այն սպառազինությունների տեսակները, որոնք պետք է ստանա հայկական կողմը:
Ռուսական Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Հայաստանին տրվելիք սպառազինությունն իրենից ներկայացնում է հիմնականում հրետանային, հակաօդային պաշտպանության զենքեր, ավտոմեքենաներ եւ մի շարք օժանդակ գործիքներ` շարժիչներ, ականային դետեկտորներ:
Ռուս մեր գործընկերների տեղեկացմամբ՝ «Սմերչ» հրթիռային համակարգը, որի արժեքը վերջին տարիներին կազմում էր մոտավորապես 12.5 մլն դոլար, Հայաստանը չունի: Իսկ Ադրբեջանն ունի 12 այդպիսի համակարգ, որը, ըստ ռուսական լրատվամիջոցի, ձեռք է բերվել Ուկրաինայից:
«Մյուս կողմից, Հայաստանն ունի 8 միավոր նմանատիպ չինական AR1A համակարգ: Հայտնի չէ, թե որքան «Սմերչներ» հիմա կգնի Հայաստանը, բայց կարելի է եզրակացնել, որ հենց այդ համակարգը կդառնա հիմնական գնումը», – գրել է ռուսական լրատվամիջոցը:
Բացի այդ, Հայաստանը ձեռք կբերի ТОС-1А «Солнцепек», որը շատ հզոր, ժամանակակից զենք է, թույլ է տալիս ոչնչացնել հակառակորդին թաքնված տարբեր խրամատներում: Այն բաղկացած է Т-72 տանկի բազայի հիման վրա  БМ-1  մարտական մեքենայից և  «КамАЗ»-ի հիման վրա տրանսպորտային լիցքավորման մեքենաներից:
Ընդ որում, դեռեւս սեպտեմբերին ռուս փորձագետ Իգոր Սեվաստյանովը «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում նշել էր, որ այլ երկրները հիմնական հետաքրքրություն ցուցաբերում են հենց «Солнцепек»-ի հանդեպ: «Ինչպես ցույց տվեց այդ համակարգի կիրառումն Իրաքում, այն իդեալական համապատասխանում է արմատավորված թշնամու ջախջախման համար», – նշել էր Սեվաստյանովը` ТОС-1А-ն անվանելով «տակտիկական հրաշք-զենք», որը հակառակորդի վրա նաեւ խորը հոգեբանական ազդեցություն է ունենում: Հավելենք, որ համաձայն ռուսական «Ведомости» պարբերականի՝ 2013թ. Ադրբեջանը Ռուսաստանից 6 «Солнцепек» է գնել:
Բացի այդ՝ տեղեկացնենք, որ արդեն վավերացված պայմանագրով Հայաստանը ստանալու է նաեւ «Игла-С» հրթիռահրետանային համակարգեր, РПГ26 հակատանկային նռնակներ եւ Դրագունովի դիպուկահար հրացաններ: Ըստ լրատվամիջոցի՝ ցուցակում առկա են նաեւ տարբեր միջոցներ` տանկային շարժիչներ, ականազերծման համակարգեր, բեռնատար ամբարձիչներ եւ այլն: Ցուցակն ավարտվում է «КамАЗ» եւ «УАЗ» մակնիշի ավտոմեքենաներով, ինչպես նաեւ` «Тигр» զրահապատ մեքենայով:

Հայաստանի պաշտպանական համակարգը
Բացի Հայաստանի ստանալիք տեխնիկայի նկարագրությունից՝ ռուսական լրատվամիջոցն անդրադարձ է կատարել նաեւ Հայաստանի պաշտպանական համակարգին՝ ընդգծելով, որ հայկական ռազմական տեխնիկայի մեծ մասը պահպանվել է դեռեւս Սովետական Միությունից եւ կարիք ունի փոխարինման կամ նորացման:
Որպես օրինակ նշվում է Т-72, Т-55 и Т-54 տանկեր, մի քանի տասնյակի հասնող սովետական советских БМП-ները եւ հարյուրից ավել БТР-80-ները: «Հայաստանն ունի սովետական եւ ֆրանսիական հրթիռային համակարգեր AR1A եւ WM-80 չինական հրթիռներ», – նշել է կայքը՝ նշելով, որ չնայած այս ամենին, շատ փորձագետներ հայկական ռազմաօդային ուժերը համարում են ամենաուժեղը Կովկասում:
Հիմա մեզ մնում է ՌԴ-ից պաշտոնապես տեղեկանալ, թե պայմանագրով նախատեսված զինատեսակները երբ կհասնեն Հայաստան:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 
ԴԵՌ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱ
Ապրիլի 4-ին գրել էինք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարների ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր ոտնձգությունների, ցուցաբերվող դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող երեխաների եւ տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներ: Համապատասխան հաղորդակցություն է նախաձեռնվել նաեւ Human Rights Watch, Amnesty International կազմակերպությունների, ԵԱՀԿ-ի, ինչպես նաեւ օմբուդսմենական միջազգային կազմակերպությունների հետ: Արման Թաթոյանի ներկայացրած դիմումից անցել է 5 աշխատանքային օր, «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկանալ, թե արդյոք ներկայացրած դիմումներից որեւէ արձագանք կա, ի պատասխան մեր հարցման՝ ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, թե դիմումներին դեռեւս պատասխան չկա: Ի դեպ, նշենք, որ ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը մինչ օրս եւս որեւէ պատասխան չի ստացել միջազգային կառույցներից. «Թեպետ պատասխան չկա, բայց ես կարծում եմ, որ միջազգային կառույցները այս հարցով աշխատանքներ կատարում են»:

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է
2016 թվականի մարտի 16-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ ոստիկանությունը պայքար է սկսում կրիմինալի դեմ: Ավելին՝ ոստիկանությունում անցկացված խորհրդակցության ընթացքում նա սպառնացել էր խստագույնս պատժել կրիմինալ շրջանակների հետ որեւէ կապ ունեցող ոստիկանի, լինի շարքային թե բարձրաստիճան սպա:
Ոստիկանապետի հայտարարությունից անցել է մեկ ամիս, եւ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ոստիկանության հասարականյության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզել, թե ինչ փուլում է գտնվում կրիմինալի դեմ հայտարարված պատերազմը, ի պատասխան՝ Աշոտ Ահարոնյանն ասաց. «Դա ոստիկանության ամենօրյա աշխատանքն է, եւ համապատասխան կանխարգելիչ եւ օրենքով վերապահված գործողություններ են իրականացվում: Հանրապետությունում քրեական իրավիճակը վերահսկելի է»:

 

 

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը 700.000 դոլարի յուրացման համար մեղադրվող հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի գործով դատական լսում կանցկացնի։ Ակնկալվում է, որ նիստի ժամանակ դատախազը հանդես կգա եզրափակիչ խոսքով, ինչպես նաեւ մեղադրյալի համար ազատազրկման ժամկետի խնդրանքով։

 

 

 
ՀԵՐՈՍԻ ՏՈՒՆԸ ԿՆՈՐՈԳԵՆ
Շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանի հայրական տան շինարարությունն արդեն սկսվել է: Տան տանիքի ծախսն իր վրա է վերցրել արդարադատության նախարարությունը, որի ներկայացուցիչը, սակայն, այսօր Սլոյանների ընտանիքին է փոխանցել գումարը՝ 600 հազար դրամ, քանի որ «Շեն հոլդինգ» կազմակերպությունն արդեն իսկ իր միջոցներով պարտավորվել է վերանորոգել Սլոյանների տունը: Ըստ նրա՝ տանիքի կառուցման համար շինանյութը կտրամադրի «Սեմուր ընդ Քո» կազմակերպությունը:

 

ՄԱՀԱՑԵԼ Է
01.04.2016թ.՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանում «Ուրալ-4320» մակնիշի N զինհամարանիշի մեքենայով քարշակելիս՝ մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման հետեւանքով պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Համլետի Ավետիսյանը մնացել է քարշակող եւ քարշակվող «Զիլ-131» մակնիշի N զինհամարանիշի մեքենաների արանքում, որից քիչ անց՝ Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:




Լրահոս