ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին ավելի շատ տնտեսական հարց է, քան քաղաքական:
«Բացի ռուսականից մյուս կողմն ունի նաև իսրայելական, ուկրաինական զենք: Եթե Ռուսաստանը հիմա հրաժարվի զենքի վաճառքի գործարքից այդ երկրի հետ, ապա հենց հաջորդ օրը նրանք զենք կգնեն այլ երկրից, որոնք, սակայն ավելի մահաբեր կլինեն: Կրակում է ոչ թե զենքը, այլ մարդը, այնպես որ աշխատել պետք է մարդկանց հետ և այդ դեպքում ոչ մի տեսակի զենքը չի կրակի: Դուք չարաչար սխալվում եք, եթե կարծում եք, որ եթե այնտեղ ռուսական զենք չլինի, այն չի կրակի: Դա այդպես չէ», – ընդգծեց նա:
Հարցին` տնտեսական համագործակցությունն արդարացնո՞ւմ է զենքի վաճառքը, ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամ Ալեքսեյ Կոնդրատյովը խուսափեց ուղիղ պատասխանել հարցին, սակայն նշեց, որ շատ կարևոր է կոնֆլիկտներից զերծ լինելը: «Պետք է հասկանալ, որ մեր բոլորի գործն է`անել այնպես, որ տարածաշրջանում գտնվող բոլոր երկրներն ու ուժերը հրաժարվեն առհասարակ զենքի օգտագործումից: Քաղաքական ուժը կայանում է նրանում, որպեսզի կարողանանք պարտադրել ուժերին հրաժարվել զենքի կիրառումից», – հայտարարեց նա:
Հարցին` փաստորեն ռուսական կողմը չի կարողանում պարտադրել Ադրբեջանին, Կոնդրատյովը նշեց. «Մեր նախագահը երաշխավոր է եղել, բանակցություններ է վարել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ և չորսօրյա պատերազմն ավարտվել է: Մենք պետք է հասկանանք, որ պատերազմը կարող էր ավելի երկար տևել»: