Հովհաննես Հովսեփյանի` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո մաքսային դաշտում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Նախ տեւական ժամանակ «կարգո» իրականացնող կազմակերպությունները դադարեցրել էին աշխատանքը, ինչի արդյունքում հազարավոր առեւտրականներ, որոնք ապրանք են ներմուծում Իրանից, Թուրքիայից կամ Չինաստանից, որոշ ժամանակ ոչինչ չէին ներկրում, մինչեւ դաշտում հստակություն մտներ:
Նշենք, որ «կարգոներն» այն ընկերություններն են, որոնց միջոցով գործարարները ներկրում եւ մաքսազերծում են իրենց ապրանքները: Դրանք անհատ ձեռներեցների եւ մաքսային կառույցների միջեւ միջնորդ կազմակերպություններ են: Օրինակ՝ քաղաքացին մեկնում է Ստամբուլ կամ Չիանստան, որտեղ հագուստ կամ այլ ապրանք է գնում եւ այն տեղում հանձնում է «կարգոներին», վճարում կիլոգրամի համար 3-4 դոլար եւ հանգիստ վերադառնում հայրենիք: Իսկ մի քանի օր անց նույն քաղաքացին Հայաստանում ապրանքը առանց խոչընդոտի ստանում է:
Սակայն մարտի 3-ին, երբ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը նշանակվեց կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում, մաքսային եւ հարկային ոլորտներում անորոշ վիճակ ստեղծվեց: Նախ որոշ ժամանակով, այսպես կոչված, «կարգոները» դադարեցրին իրենց աշխատանքը: «Ժողովուրդ»-ը մի շարք առեւտրականներից տեղեկացավ, որ այս ամենի արդյունքում նրանք ապրանքները ներմուծելիս մաքսատների մոտ օրերով կանգնած են մնացել:
Տեղեկացնենք, որ «կարգոները» նախկինում որոշակի վճարի դիմաց եւ մաքսայինի հետ «համագործակցելու» շնորհիվ ներկրողների ապրանքները մաքսազերծվում էին քաշով: Ըստ որոշ տեղեկությունների՝ Հովսեփյանի՝ ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո ցանկացած ապրանք մաքսայինը մաքսազերծում է հատով եւ բացառապես հսկիչ գներով: Ինչի արդյունքում իրենց ապրանքը զգալիորեն բարձր գնով մաքսազերծած առեւտրականները ոչ մի կերպ չեն կարողանում մրցակցել ստվերում աշխատող խոշոր բիզնեսի հետ:
Եվ եթե մաքսազերծումն այսուհետ եւս իրականացվի հատով եւ բացառապես հսկիչ գներով, ապա այս դեպքում ներքին շուկայում կբարձրանան հագուստի, կոշիկի եւ այլ ապրանքների գները, ինչին զուգահեռ, իհարկե, պետբյուջե մտնող գումարները մի քանի անգամ կավելանան: Այսինքն՝ օրինական մաքսազերծման պարագայում Հայաստան մտնող հագուստի, կոշիկի մաքսազերծման հավելյալ 3-4 դոլարը մուտք կգործի պետբյուջե: Իսկ հիմա 1 կիլոգրամի համար սահմանված 3-4 դոլարի մի մասը մտնում է բրոքերային կազմակերպությունների գրպանը, իսկ մյուս մասն էլ` դրանց հովանավորողների:
Ներկայումս ՀՀ որոշ գործարարներ շիվարած են. չգիտեն՝ շարունակե՞ն ապրանք ներմուծել, թե՞ ոչ: Մաքսային դաշտում ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Թուրքիայից հագուստ ներմուծող առեւտրականներից մեկի հետ, ով վստահեցրեց, որ վերջին մի քանի օրերին որոշ հարցեր կարգավորվել են: «Ապրանքը ժամանակին է գալիս, շատ արագ: Մինչդեռ նախկինում առեւտրականները նույնիսկ 20 օրով էին ապրանքի սպասում: Իսկ հիմա երեք օրը մեկ ապրանք ենք ստանում: «Կարգոների» հետ նորմալ աշխատում ենք: Իհարկե, իրենք հիմա էլ շարունակում են ապրանքը կիլոգրամով մաքսազերծել: Բայց դրանից հետո մենք էլ ոչնչի հետ գործ չենք ունենում»,- պատմեց «կարգոների» հետ աշխատող առեւտրականը:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ իրենց զգուշացվել է նաեւ առաջիկայում սպասվող փոփոխությունների մասին: Իսկ թե ինչ փոփոխություններ են, առայժմ հայտնի չէ: Ըստ առեւտրականների՝ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ «կարգոներն» առաջիկայում բարձրացնելու են իրենց ծառայության գները: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, այսպես կոչված, «կարգոները» նման փորձ արել են. 3-4 դոլարը դարձրել են 8 դոլար, սակայն առեւտրականները դժգոհել են եւ ծառայության գինը կրկին իջեցրել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԵՐԿԵԼԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բողոք է ներկայացրել գերմանական Մայնց քաղաքի դատախազություն իրեն ծաղրած երգիծաբան Յան Բեմերմանի դեմ, ով ZDF հեռուստաալիքի եթերում երգիծական բանաստեղծություն էր կարդացել թուրք նախագահի մասին: Գերմանիայի ազգային հեռուստատեսության եթերում հնչած բանաստեղծության մեջ հաղորդավարը ծաղրել է թուրք նախագահին եւ նրա քաղաքականությունը՝ քրդերի եւ քրիստոնյաների դեմ:
Դեպքից հետո Մայնցի դատախազությունը հետաքննություն է սկսել Բեմերմանի դեմ, իսկ Թուրքիայի կառավարությունը պահանջել է քրեական գործ հարուցել: Էրդողանին վիրավորելու համար իր ներողությունն է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԿՈՐԾԱՆՎԵԼ
Սիրիական Հոմս քաղաքում ռուսական օդատիեզերական ուժերին պատկանող Մի-28H ուղղաթիռ է կործանվել: Անձնակազմի երկու անդամները զոհվել են: Զոհված օդաչուների մարմինները տարհանվել են կործանման վայրից եւ տեղափոխվել Հմեյմիմ ավիաբազա: «Վթարի վայրից ստացված զեկույցի համաձայն` ուղղաթիռի վրա հրդեհի ազդեցություն չի եղել»,-ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԹԱՔՆՎԵԼՈՎ
Հարյուրավոր մարդիկ, հիմնականում կանայք, երեխաներ եւ ծերեր, ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի սրման հետեւանքով: Այս մասին լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նա ներկայացրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի՝ Ժնեւում տեղակայված վարչության տվյալները: «Վարչությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների արդյունքում մի քանի հարյուրավոր մարդիկ, հիմնականում կանայք, երեխաներ եւ ծերեր, ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը»,-ասել է Դյուժարիկը` հավելելով, որ տեղահանվածների մեծ մասը տարածաշրջանի հյուսիս-արեւելյան հատվածի գյուղերից են:
Ընդ որում, փախստականներից մի քանիսը հայտնել են, որ վերջին 20 տարում ստիպված են եղել մի քանի անգամ փոխել բնակատեղին՝ թաքնվելով բռնությունից: