ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ անկախության բանակի կամավորական զորաջոկատը՝ Աշոտ Աղաբաբյանի հրամանատարությամբ, մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հայաստանյան բուհեր ընդունվող Սփյուռքի դիմորդները ունե՞ն որոշակի արտոնություններ, թե ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք, թե որո՞նք են դրանք:

Սուսաննա Սարգսյան (32 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բացի Հայաստանում բուհական ընդունելության ընդհանուր կարգից՝ սփյուռքահայ դիմորդները կարող են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված հատուկ կարգով: Յուրաքանչյուր տարի՝ հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ ԿԳ նախարարություն կամ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դիմորդը կարող է ընդունվել ՀՀ բուհերի ցանկացած ֆակուլտետի նախապատրաստական բաժին՝ հայոց լեզուն եւ մասնագիտական առարկաները ուսումնասիրելու նպատակով եւ տարեվերջում քննությունները բարեհաջող հանձնելով շարունակել իր ուսումը, կամ անցնել հարցազրույց ընդունելության համար նախատեսված առարկաներից եւ բավարար գիտելիքների առկայության դեպքում անմիջապես ընդունվել համապատասխան ֆակուլտետի 1 կուրս:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014թ. ՀՀ բուհեր ընդունվելու համար դիմել են 337 սփյուռքահայ: Ի դեպ, հիմնական մասը՝ շուրջ 154 դիմորդ Վրաստանից, 71-ը՝ Ռուսաստանից, 67-ը՝ Սիրիայից:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը զինծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել, ապա այդ հանգամանքը կարո՞ղ է հիմք հանդիսանալ, որպեսզի նա հաշմանդամ ճանաչվի: Եվ կցանկանայի իմանալ նաեւ՝ զինծառայողի հիվանդության պատճառով զորացրվելու հանգամանքը կարո՞ղ է հաշմանդամ ճանաչելու համար հիմք հանդիսանալ:

Նելլի Իսկանդարյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացին կարող է հիվանդության պատճառով ազատվել զինծառայությունից, սակայն հաշմանդամ չճանաչվել, եթե նրա մոտ առկա չէ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, որը բերել է կենսագործունեության որեւէ տեսակի՝ որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: Հիմք՝ ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 13 հոդված:
Միաժամանակ երկրորդ հարցի կապակցությամբ հայտնում ենք՝ ո՛չ, քանի որ անձին հաշմանդամ ճանաչելու համար հիմք է հանդիսանում ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումը, որը բերել է կենսագործունեության որեւէ տեսակի, որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: Հիմք՝ ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 13 հոդված:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է 3 անգամ՝ մինչեւ 1 տարի ժամկետով:




Լրահոս