ՓՈՂԸ ՔԱՄՈ՞ՒՆ ՏՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ. սկզբին հայտնի դարձավ, որ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը լուծարում է «Լինսի» հիմնադրամը եւ  հաշվի վրա մնացած 200 միլիոն դոլարն էլ նվիրաբերում ոչ թե Հայաստանին, այլ Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղին:
Այդ կապակցությամբ «Լինսի» հիմնադրամի նախկին փոխնախագահ Հարութ Սասունյանը նշել էր, որ Քըրքորյանի որոշումը ծրագրված էր նախօրոք, որ բարերարը ոչ մի բանից չի նեղացել եւ գոհ է իրականացված ծրագրերից:  Չնայած դրան` մինչեւ այսօր էլ չեն դադարում հիմնադրամի լուծարման հետ կապված ամենատարբեր վարկածների քննարկումները… «Ժողովուրդ»-ն այսօրվանից կներկայացնի մշակութային ծրագրի շրջանակներում հատկացված 18 միլիոն դոլար գումարով իրականացրած աշխատանքները եւ կանդրադառնա այդ օբյեկտների ներկայիս վիճակին:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «Լինսի» հիմնադրամի հատկացրած գումարներով  հիմնովին վերականգնվել է 34 մշակութային հաստատություն` 13 թատրոն ու համերգասրահ, 7 թանգարան-ցուցասրահ, 9 տուն-թանգարան, 4 պատմամշակութային համալիր եւ Ծաղկաձորի համահայկական մարզական երիտասարդական ճամբարը: Դրանց մեծ մասը չէր նորոգվել ավելի քան 30 տարի եւ չէր համապատասխանում միջազգային չափանիշներին:
Ապա թվարկվում են կոնկրետ մշակութային օջախներ: Այսպես` հիմնովին նորոգվել են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը եւ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահը: Նորոգման աշխատանքներ են կատարվել՝ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Պատանի հանդիսատեսի եւ Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոններում, Ֆիլհարմոնիայի փոքր համերգասրահում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Աշխատանքներ են տարվել նաեւ՝ Վանաձորի մշակույթի պալատում, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնում, Մատենադարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, պատմության պետական թանգարանում, Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում, արդի արվեստի թանգարանում, մանկական պատկերասրահում, Գյումրու Մերկուրովի, ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարաններում, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի, Մինասի, Հովհաննես Թումանյանի, Մարտիրոս Սարյանի, Եղիշե Չարենցի, Գյումրու Ասլամազյան քույրերի տուն-թանգարաններում, Գառնու եւ Զվարթնոցի պատմաճարտարապետական համալիրներում, Ծիծեռնակաբերդի ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Ինչ որ է, նորոգեցին թատրոններ, թանգարաններ, տեղադրվեցին թանկարժեք ջեռուցման ու հովացման համակարգեր, որոնց օգտագործման համար պետբյուջեն անհրաժեշտ հատկացումների հնարավորություն չուներ, եւ շենքերն ու այդ համակարգերը չգործարկվելով սկսեցին շարքից դուրս գալ: Կարելի է ասել, պարզապես փողը քամուն տվեցին: Եվ հենց այդ ամենին կանդրադառնանք «Ժողովուրդ»-ի առաջիկա համարներում:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս