Ուկրաինայում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 101 ամյակին նվիրված միջոցառումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով AnalitikaUA.netը, Ուկրաինայի հայերի միության Ցեղասպանության հատուկ հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության 101 ամյակին նվիրված միջոցառումներ նախատեսված են Ուկրաինայի բոլոր նահանգներում:
Ապրիլի 14-ին Զապորոժյեում կայացել է տեղի հայ համայնքի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. առանց մոռացության իրավունքի» կլորսեղան քննարկումը, որին մասնակցել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, մշակութային և փորձագիտական հանրույթների ներկայացուցիչներ: Հատուկ հանձնաժողովը ծրագրում է կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ կոնֆերանսներ, ֆորումներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ և այլն: Նախատեսվում է նաև երկրի տարբեր քաղաքների գլխավոր պողոտաներում տեղադրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ վահանակներ: Դրանք արդեն կան Պոլտավա քաղաքի փողոցներում: