ՀԱՐՑ. Երեւանի Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ «Տրիումֆ» ռեստորանի դիմաց, գտնվում է Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի եւ «Արմենպրես»-ի շենքը: Աջ թեւի սյունաշար մասում է գտնվում Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհուրդը, որի նկուղում խորհրդային տարիներին տպարան էր: Իսահակյան փողոցի ուղղությամբ սյունաշարի մայթը շատ լայն է եւ ներառում է ծառաշատ սիզամարգ-կղզյակ: 2 տարի առաջ ծառերը հատվեցին: Մամուլում թեթեւ աղմուկ բարձրացավ: 1 տարի առաջ կղզյակի մի մասը՝ նկուղին հարող նեղ մայթով, ցանկապատվեց կապույտ պաստառով: Նկուղում սկսվեցին շինարարական աշխատանքներ: Վերջերս էլ պաստառը փոխարինվեց անտառային պատկերով նոր պաստառով, որն արդեն ընդգրկել է ողջ կղզյակը: Ի՞նչ է կառուցվում սիզամարգում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ Երեւանի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Երեւանի Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի նկուղային մասի սեփականատերը, վարձակալելով դիմացի փոքրիկ այգին, վերջինիս մի հատվածի վրա նախատեսում է սեզոնային բացօթյա սրճարան՝ միաժամանակ պարտավորվելով իրականացնել կանաչ տարածքի բարեկարգումը, լուսավորությունը եւ պահպանությունը:
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սովորության համաձայն՝ քաղաքապետարանն այնպիսի պատասխան է ներկայացրել, որից կարելի է կարծել, թե մայրաքաղաքի այդ հատվածը շուտով «դրախտի» է վերածվելու: Չնայած բարձրացված հարցին՝ տրվել է, մեղմ ասած, թերի պատասխան, ու այդպես էլ չի հասկացվում, թե բացի փոքրիկ սրճարանից, ամբողջ տարածքում ուրիշ էլ ինչ են մտադիր կառուցել: Առավել եւս, որ փոքրիկ բացօթյա սրճարանի համար ամբողջ երկու տարի տարածքը չեն պաստառապատում: