ArmLur.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն:
– Ռուսաստանն այսօր ամեն ինչ անում է, որ պատերազմ չլինի. այն ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին: Հաշվի առնելով իր հեղինակությունը, Ռուսաստանը փորձում է դիվանագիտական և քաղաքական մեթոդներով հասնել այս կոնֆլիկտի լուծմանը:
– Երկու կողմերի միջև կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվել է, սակայն ինչ եք կարծում` լայնամասշտաբ գործողություններ կրկին կարո՞ղ են լինել:
– Ես չեմ կարող ասել` որքան երկար դա կարող է տևել, սակայն մի բան ակնհայտ է` մենք դիվանագիտական միջոցներով կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի կոնֆլիկտը խաղաղ լուծում ստանա:
– Շփման գծում իրավիճակի սրացման զուգահեռ Հայաստանում կրկին դժգոհություններ արտահայտվեցին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու շուրջ:
– ՌԴ-ն Հայաստանին տրամադրում է սպառազինության ճիշտ այնպիսի տեսակներ, ինչպիսին` Ադրբեջանին` պահպանելով հավասարակշռությունը տարածաշրջանում: Հավասարակշռությունը տարածաշրջանում նաև Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխության բացառումն է: Հայաստանը ռուսական զենք է ստանում ձեռնտու գներով կամ պայմանագրերով, իսկ Ադրբեջանը դրանց դիմաց ամբողջությամբ վճարում է, սակայն Հայաստանը նույնպես նման ժամանակակից սպառազինություն է ստացել, ինչ` Ադրբեջանը: Այնպես որ ուժերի հավասարակշռությունն անհնար է դարձնում մեծ պատերազմը:
– Այս ամենից հետո Հայաստանում հակառուսական տրամադրություններ են առկա, դա որքանոով կվնասի հայ-ռուսական հարաբերություններին:
– Միայն Հայաստանի հանրության մարգինալները կարող են կիսել հակառուսական տրամադրություններ: Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են և այդպիսինն էլ նրանք կմնան:
Նաիրա Հովհաննիսյան