Ռոբերտ Քոչարյանի առանձնատունը փորձել են պայթեցնել ուսումնական նռնակով. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 15-ի երեկոյան 18:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան վրա նռնակ է նետվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը գլխավորում էր համայնքի հերթապահ քննիչը, քանի որ խոսքը երկրորդ նախագահի տան վրա նետված նռնակի մասին էր, ինչը կարող է իր մեջ ահաբեկչական տարրեր պարունակել:

ArmLur.am-ը իրավապահ համակարգին մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ իրականում Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նետված նռնակը եղել է ուսումնական, որը չի պայթում: Այդպիսի նռնակներով զինվորները սովորում են նռնակ նետելու հմտությունները: Այդ պայթուցիկ սարքը կարող են նետել անգամ 50 մետր հեռավորությունից, որի իմաստը ճիշտ կիրառելու մեջ է, քանի որ ընկնելուն պես չի պայթում: Հետեւաբար, այն նետողները Քոչարյանին կամ նրա ընտանիքի անդամներին հավանաբար վախեցնելու կամ ինչ որ բան զգուշացնելու միտում են ունեցել:

Առայժմ ArmLur.am-ին չհաջողվեց պարզել, թե ով է եղել նռնակ նետողը եւ կոնկրետ ինչ նպատակ էր հետապնդում չպայթող նռնակի նետումը երկրորդ նախագահի տան ուղղությամբ: Հուսանք քննությունը սպառիչ պատասխան կտա եւ գործը չի դառնա հերթական չբացահայտվածներից մեկը՝ խորհրդավորության շղարշով:

Վերջում նկատենք, որ նռնակի պայթյունի ահազանգը ոստիկանությունը ստացել է քոչարյանական կողմից:

 




Լրահոս