Ադրբեջանը միակողմանիորեն է ձեռնարկել աննախադեպ հարձակումը ԼՂ հետ շփման գծի ողջ երկայնքով. Բասկերի Երկրի խորհրդարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բասկերի Երկրի խորհրդարանը ապրիլի 14-­ին ընդունել է հայտարարություն 2016 թ. ապրիլի 2­ -ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ։ «Արմենպրես»­ը ներկայացնում է հայտարարության ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տրամադրած ոչ պաշտոնական թարգմանությունը․

«Հայտարարություն Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման առնչությամբ

Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որի բնակչության 95 տոկոսը էթնիկ հայեր են, և որը պատմության վայրիվերումների և իր բնակչության շահերին հակասող աշխարհաքաղաքական այլ պատճառներով, մնացել է որպես անկլավ Ադրբեջանի տարածքում՝ առաջացնելով երկարատև հակամարտություն Լեռնային­ Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որը շարունակվել է ամբողջ 20­-րդ դարի ընթացքում:

ԽՍՀՄ փլուզման և Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների հռչակման արդյունքում, հակամարտությունը վերածվեց պատերազմի, որը տևեց 1988 թ. մինչև 1994 թ.՝ դառնալով հազարավոր զոհերի և տեղահանվածների պատճառ, և ավարտվեց մի հրադադարով, որը չնայած վերջ չի դրել հակամարտության լարվածությանը, սակայն օգնել է խուսափել պատերազմի շարունակությունից: 2016 թ. ապրիլի 2-­ին Ադրբեջանը միակողմանիորեն ձեռնարկեց աննախադեպ հարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Այդ հարձակման արդյունքում զոհվեցին տասնյակ մարդիկ, այդ թվում 4 խաղաղ բնակիչ, որոնցից մեկը երեխա էր:

Հրադադարի խախտման առնչությամբ, Բասկերի Երկրի խորհրդարանը՝

Իր խորին մտահոգությունն է հայտում Լեռնային Ղարաբաղում 1994 թ. ուժի մեջ մտած հրադադարի խախտման վերաբերյալ և իր ցավակցությունն արտահայտում այդ հարձակման արդյունքում երկու կողմերի ունեցած զոհերի կապակցությամբ:

Դրական է գնահատում 2016 թ ապրիլի 5­ին երկու կողմերի միջև ձեռք բերված հրադադարի վերահաստատման համաձայնությունը և իր վստահությունն ու հույսը հայտնում, որ այն կհարգվի: Հայցում է, որ չմերժվեն 2012 թ. ի վեր Մինսկի Խմբի համանախագահների կողմից հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրման վերաբերյալ ներկայացվող առաջարկները: Բացառում է որևէ տարածքային հակամարտության լուծման նպատակով ուժի կիրառումը: Դրանք պետք է լուծվեն երկխոսության հիման վրա, հարգելով տվյալ բնակչության մեծամասնության կամքը, որը պետք է արտահայտվի ժողովրդավարական կերպով և առանց որևէ ճնշումների: Կոչ է անում կողմերին՝ գործուն միջոցներ ձեռնարկել որպեսզի անմիջապես դադարեցվեն ռազմական գործողությունները և զորքերը վերադառնան մինչև 2016 թ. ապրիլի 1­ը զբաղեցրած դիրքեր: Մեծապես խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջնորդությամբ բանակցային գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը, ուր Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա իր մասնակցությունը, ինչպես արդեն նշվել է սույն Խորհրդարանի կողմից»:




Լրահոս