“Վերջերս մայրաքաղաքի մանր ու խոշոր խանութներում հացի գնի բարձրացում է նկատվում։ Վաճառողները հիմնականում մեղքը բարդում էին արտադրողների վրա։ Մինչդեռ, ինչպես մեզ հետ զրույցում հավաստեցին ալյուր ներկրողներն ու հացամթերքի որոշ արտադրողներ, ոչ մի թանկացում էլ չեն արել։ Ալյուր ներկրող խոշոր ընկերության՝ “Մանչո գրուպի” սեփականատեր Իվան Մոսոյանը “Առավոտի” հետ զրույցում վստահեցրեց, որ ալյուրի գինը դեռ մի բան էլ նվազեցրել են, որպեսզի հացի գինը չբարձրանա։ Ըստ պարոն Մոսոյանի, “Մանչո գրուպը” 50 կիլոգրամանոց 1 պարկ ալյուրի գինը 4 դոլարով իջեցրել է։ Մեր հարցին, թե արդյոք միջազգային շուկայում է՞լ է ցորենի գինը նվազել, պարոն Մոսոյանն պատասխանեց.”Միջազգային շուկայում չի էժանացել, ցորենի գինը որոշ սանդղակներով իջավ, կանգնեց, հետո սկսեց նորից բարձրանալ։ Մենք այդ ընթսսցբում տատանումներ չենք տվել, հետո կամաց-կամաց իջեցրինք, ռեալ գնից էլ իջեցրինք մենակ նրա համար, որ պատճառ չբռնեն՝ հոսանք, գազ, ու հացի գինը չթանկացնեն։ Հացի գնի թանկացման պատճառ հիմա չկա, իրենք էլ կարող էին իջեցնել”։
“Առավոտի” այն հարցին էլ, թե ինչո՞ւ եք ալյուրի գինն իրականից նվազեցրել, վնասո՞վ եք աշխատում, պարոն Մոսոյանն ասաց.”Շահույթ չենք ստանում առայժմ, եկեք վնասների մասին չխոսենք։ Մենք սպասում ենք շուկայում գները կայունանան, որովհետև դրսում տատանվում է։ Որպեսզի ցնցումներ չլինեն գների մեջ, իջեցրել ենք։ Հիմնականում կախված է Ռուսաստանում ցորենի գներից։ Այս շաբաթ նորից ցորեն եմ ներկրելու, երբ այնտեղ կայունանա գինը, մենք այստեղ կկարգավորենք”։ Ցորենի նոր խմբաքանակն արդյոք ավելի թանկ գներո՞վ է ներկրելու ընկերությունը։ Մեր այս հարցին էլ պարոն Մոսոյանը պատասխանեց, որ տարբեր շրջաններում ցորենի գները տարբեր են, և 1 տոննան արդեն 30-40 դոլարով թանկացել է։ Այսինքն՝ հնարավոր է՝ առաջիկայում հացի գինն ավելի բարձրանա։
“Սևան” հացի գործարանը, որն իր արտադրանքն իրացնում է բազմաթիվ խանութներում ու սուպերմարկետներում, ևս հացամթերքի ոչ մի արտադրանք չի թանկացրել։ Այս մասին “Առավոտի” հետ զրույցում վստահեցրեց գործարանի փոխտնօրեն Գոքոր Սահրադյանը, որը նաև ավելացրեց, որ առայժմ մտադիր չեն գների փոփոխություն կատարել։ Հացի արտադրությամբ զբաղվող ,Մուսալեռե ընկերության ղեկավար Վահան Շառոյանն էլ հավաստիացրեց, որ հենց իրենց խանութներում և այն խանութներում, որոնց տրամադրում են իրենց արտադրանքը, գները չեն բարձրացրել. “Մենք չենք թանկացրել, բայց պատրաստվում ենք։ Բա որ հոսանքը, գազը թանկացել են, բնականաբար, այս ապրանքն էլ է թանկանալու։ Ես չեմ թանկացրել, ասեմ դրա գաղտնիքը. ալյուրի գինը 3 դոլար իջել է, դրա հաշվին պահում ենք, դա երկար չի տևի։ Սեպտեմբերին ալյուրը կթանկանա, հացն էլ կթանկանա, ուղղակի իմ խղճի տեսանկյունից հարմար չի ես էլ ժողովրդի կաշին քերթեմ, կաշի էլ չի մնացել”– գրում է թերթը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։