«168 ժամ» թերթը գրում է. «80-ականների զենքով կռվելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն իրավացիորեն ու արդարացիորեն դարձել է այսօր ամենաքննարկվող հարցը։ Այն չէր կարոդ ամենաքննարկվողը չդառնալ, որովհետև 80-ականների ավարտից կարճ ժամանակ անց, 90-ականների կեսից սկսած՝ հայ հասարակությունը տարիներ, տասնամյակներ շարունակ կերակրվել է այն թեզով, թե պետությունն ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով արդիական, գերժամանակակից զենք գնի ու համալրի բանակի սպառազինությունը։
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բանակի սպառազինության համալրումն իրականացվել է այդ համալրման պատասխանատուներից շատերի առանձնատների, մեքենաների պարկի ու անձնական «սպառազինության» համալրմանը հակադարձ համեմատական կարգով, այսինքն՝ երկրորդվել է այլ համալրումներից, այսինքն՝ գրեթե չի համարվել կամ համալրվել է… 80-ականների զենքով։
Ու այսօր հասարակությունը հարցնում է՝ ինչո՞ւ է հայկական բանակը կռվել 80-ականների զենքով, որքանո՞վ քիչ կլինեին մեր զոհերը, եթե բանակը կռվեր ոչ թե՝ 80-ականների, այլ՝ ժամանակակից սպառազինությամբ։ Այդ հարցերի պատասխանները չեն տրվում, որովհետև տրվելու դեպքում՝ պատասխանների հետ մեկտեղ, պետք է տրվեն նաև անուն-ազգանուններ՝ իրենց զբաղեցրած պաշտոններով, զինվորական ու այլ կոչումներով, ու դրանց հետ պետք է տրվեն նաև գրպանված գումարների չափերի մասին տեղեկություններ, տեղեկություններ նաև այն մասին, թե որտեղից, ինչ ժամկետներում պետությունը պետք է հետ գանձի այդ միջոցները ու գնի… ժամանակակից սպառազինություն։
Հասարակությունը գիտի, որ այդ հարցերի պատասխանները չեն տրվելու, բայց ներքին ինչ-որ բնազդով գիտակցում է, որ անգամ պատասխանների բացակայության դեպքում պարտավոր է հնչեցնել դրանք, քանի որ լռությունը, այդ հարցերը չհնչեցնելն անթույլատրելի է ու պետականակործան։ Ու երևի թե հեռու չէ այն օրը, որ հասարակությունը բարձրացնելու է նաև հարցը՝ ինչո՞ւ են 21-րդ դարում մեզ ղեկավարում մտածողությամբ, արժեհամակարգով, գաղափարախոսությամբ ու մնացած հատկանիշներով «80-ականների» ղեկավարներ։
Խոսքն այս դեպքում ամենևին տարիքին չի վերաբերում, քանի որ այդ իմաստով «80-ականների» շարքին կարելի է դասել առաջին հերթին՝ երիտասարդ, «ուսյալ ու բազմալեզու» որոշ պաշտոնյաների, որոնք իրականում նշված չափանիշներով շատ ավելի հետադիմական են, քան իրենց ավագ կուսակիցներից շատերը։ Ու այս հարցը՝ իր բազմաթիվ ենթահարցերով, հանգելու է մեկ կարևորագույն, սկզբունքային հարցադրման՝ ինչպե՞ս կարելի է հանդուրժել, որ անկախ, ինքնիշխան երկրի վերաբերյալ որոշումներ կայացնեն մտածողությամբ անազատ, սեփական երկրի շահերն այլոց շահերին ստորադասելու, սեփական իշխանության պահպանումը երկրի ինքնիշխանությանը ստորադասելու պատրաստ պաշտոնյաներ։ Ու այդ հարցադրումն ավելի է տարածվելու ու ներառելու է ոչ միայն՝ ֆորմալ իշխանություններին, այլ նաև՝ իշխանության ձգտողներին, ընդդիմադիրների մեծ մասին, որը նույն այդ հատկանիշներով՝ մտածողությամբ, արժեհամակարգով, գաղափարախոսությամբ, կրկին «80-ականներից» է։ Ի՞նչ գործողություններ կհաջորդեն այդ հարցադրմանը, դժվար է ասել։
Բայց որ հարցադրումն արդեն հնչում է՝ ոմանց մոտ նեղ շրջանակում, ոմանց համար՝ լայն քննարկումներում, բայց ամենակարևորը՝ գրեթե բոլորի մտքում, ակնհայտ է։ Ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել մարդկանց մտածողության մեջ։ Իշխանությանը մինչև հիմա թվացել է, որ Հայաստանում գնվում է, առանց բացառության, ամեն ինչ, այդ թվում նաև մարդկանց կամքն ու մտածողությունը, ինչի շնորհիվ «հաղթել» է բոլոր ընտրություններում։ Բայց անցած բոլոր ընտրություններում իշխանությանը պարտված հասարակությունը հաղթեց ապրիլյան պատերազմում։ Որքա՞ն արագ կկարողանա իշխանությունն արժեզրկել այդ հաղթանակը՝ մեկ տարի հետո կայանալիք ընտրություններում պարտության վերածելու համար, կախված է հասարակությունից, որը հաստատ «80-ականների» չէ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։