ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՄԲԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն մի քանի ամիս է, ինչ ազատամարտիկները դուրս են եկել փողոց` իրենց իրավունքները պաշտպանելու: Սակայն այս ընթացքում նրանք բաժանվեցին  մի քանի խմբերի` տարբեր պահանջներ ներկայացնելով պետությանը: Նրանց մի մասը պահանջում է, որպեսզի սոցիալական բարենպաստ պայմաններ ստեղծվեն իրենց ընտանիքների համար, մյուս մասը ցանկանում է իշխանափոխություն, արդարության վերականգնում: Կա նաեւ ազատամարտիկների մի  խումբ, որը պարզապես անհասկանալի  “ցանկություններ” է հայտնում: “Ժողովուրդ”-ը փորձեց պարզել, թե, ի վերջո, կոնկրետ ինչի համար են այսօր փողոց դուրս եկել ազատամարտիկները:  
“Փառապանծ մարտիկներ” ՀԿ-ի նախագահ ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆ (Ժարիտ Գրիշ)
Այսօր ազատամարտիկները բաժանվել են խմբերի, եւ մի տեսակ անհասկանալի է, թե նրանք  ինչի համար են պայքարում: Դուք եւս պայքարողների շարքում եք, խնդրում եմ նշել, թե այսօր կոնկրետ ինչ եք ցանկանում:
-Այո՛, տարբեր խմբերով պայքարում են, բայց պայքարում են մեկ բանի համար: Իմ ուղղությունը ես տանում եմ մտավոր պայքարի տեսքով՝ լրատվամիջոցներով, մամուլի ասուլիսներով, գնում եմ նրան, որ իմ նախաձեռնած օրենքի նախագիծը, որն ուղարկել եմ ԱԺ 2006 թվականին, դնեն շրջանառության մեջ եւ ընդունեն ազատամարտիկի մասին օրենք: Երկրորդը՝ ես շատ ուրախ եմ, որ ազատամարտիկներն արդեն 3 ամիս է՝ իրենց սոցիալական վիճակը բարելավելու համար բազմաթիվ ու բազմաբովանդակ ակցիաներ են իրականացնում: Որոշ ազատամարտիկներ, որոնք հացադուլ էին կազմակերպել՝ հանձին Խաչիկ Ավետիսյանի, ընկել են որոշ քաղաքական ուժերի հոսանքի տակ:  Մենք քաղաքականության հետ որեւէ առնչություն չունենք, մենք քաղաքական գործիչներ չենք, կուսակցություն չենք:
Երբ ԵԿՄ-ի մասին օրենքը քննարկվեց ու ընդունվեց, բոլորը կնոպկեքը սեղմեցին, դա թասիբ մտցրեց ազատամարտիկների մեջ, որովհետեւ ազատամարտիկների մեծամասնությունը, կարող եմ ասել՝ 80 տոկոսը, ԵԿՄ անդամ չէ: Նրանք մեր մարտական ընկերներն են, բայց շատերին այդ օրենքը չի վերաբերվում:
-Այդուհանդերձ, իրենց իրավունքների համար պայքարող ազատամարտիկների` խմբերի պառակտվելը մի տեսակ անլրջացրեց պայքարը: Չե՞ք կարծում, որ արդյունքի հասնելու համար պետք է պայքարել հանուն մեկ գաղափարի:
-Օրհասական պահին ազատամարտիկները միասին են, միասնական են պայքար տանում: Բայց այս դեպքում պետք չէ ազատամարտիկներին անուշադրության մատնել: Պետք է այնպես արվի, որ երիտասարդը եւս հայրենիքի հանդեպ լցվի մեծ սիրով: Իսկ եթե այսպես հուսահատված ազատամարտիկներին խփում են պատից պատ եւ դռնից դուռ ու ոչ մի օրենք չեն ընդունում ազատամարտիկի մասին, առ են համարում, ապա դա շատ ցավալի է:
-Ազատամարտիկների մի խումբ էլ պահանջում է իշխանափոխություն, Դուք կողմնակի՞ց եք այդ գաղափարին:
-Ո՛չ, ես քաղաքական ուժ չեմ, եթե ես որեւէ կուսակցության անդամագրվեմ, ապա նոր այդ ժամանակ, որպես քաղաքական գործիչ, խնդիրներն այլ կլինեն: Հիմա ես պահանջում եմ սոցիալական փաթեթի ընդունում, ազատամարտիկի մասին օրենքի ընդունում:
“Տիգրան Մեծ” աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, պետական եկամուտների նախկին նախարար ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ
-Պարո՛ն Այվազյան, այս օրերին ազատամարտիկները փողոց են դուրս եկել իրենց իրավունքները պաշտպանելու համար: Գրիշա Սարգսյանը հայտարարում է, որ իրենք սոցիալական խնդրի համար են պայքարում…
-Նախ ասեմ, որ ես Գրիշա Սարգսյանին որպես ազատամարտիկ չեմ ընդունում: Ես նրան որպես ոստիկան եմ ճանաչում, իսկ վերջին անգամ նա ՌՈ աշխատակից էր:
-Այժմ ազատամարտիկները խմբերի են բաժանվել, եւ ամեն մեկն իր ցանկությունն է հայտնում. մի խումբը, բացի սոցիալական խնդիրներից, նաեւ իշխանափոխություն է պահանջում…
-Ես ուժեղ պետության կողմնակից եմ, պետությունը պարտավոր է լուծել ազատամարտիկների բոլոր սոցիալական խնդիրները: Ազատամարտիկները ճիշտ պայքարի են դուրս եկել, ուղղակի տեսակետների տարբերություն կա, դա նորմալ է, նորմալ մարդիկ են, երկրի մասին մտածող մարդիկ են ու կարող են տարբեր տեսակետներ ունենալ, դրանք ուղղություններ չեն: Նրանք նույն մարտական ընկերներն են, արյուն տված, երկիր պաշտպանած, կռված տղաներ են: Նրանք պայքարում են ուժեղ երկիր ունենալու համար:  Պետությունը պետք է վաղուց ազատամարտիկի համար պայմաններ ստեղծեր, եթե չի արել, հիմա մարդիկ ստիպում են, որ անի: Տղաների հավաքականության արդյունքում ստիպված է լինելու ոչ միայն այդ հարցերը լուծել, այլեւ հեռանալ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 593 համար




Լրահոս