Ապրիլի 2-ից 5 տեղի ունեցած քառօրյա պատերազմի «դասերը». Հայաստանին անհրաժեշտ է դինամիկ և հաստատուն զարգացող տնտեսություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած անցած տարվա առաջին երկու ամիսների համեմատ այս տարի տնտեսությունում շրջանառությունը մի փոքր ավելացել է, սակայն Հայաստանի բնակչությունը շարունակում է աղքատանալ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առեւտրի շրջանառությունը նվազել է մոտ 2 տոկոսով: Գումարային արտահայտությամբ առեւտրաշրջանառությունն անցած տարվա համեմատ նվազել է 5,5 միլիարդ դրամով: Թվերն ավելի ողբերգական են, երբ դրանք համեմատում ենք նախորդ՝ 2014 թվականի արդյունքների հետ: Այս դեպքում երկու ամսվա կտրվածքով առեւտրաշրջանառության անկումը կազմում է 13 միլիարդ 277 միլիոն դրամով: Վերը բերված թվերը նշանակում են, որ նույնիսկ պաշտոնական թվերով Հայաստանի բնակչությունը անցած երկու տարվա ընթացքում անընդհատ աղքատացել է, եւ ամենավատն այն է, որ այս գործընթացը չի դադարում:

Ի դեպ, ԱՎԾ-ի հրապարակած վերջին՝ վիճակագրական տվյալներում ներկայացված են նաեւ 2015 թվականին օտարերկրյա ներդրումների ընդհանուր թիվը: Պաշտոնական վիճակագիրները ընդհանուր ներդրումների մասով 2015-ին նախորդ՝ 2014-ի համեմատ աճ են արձանագրել 198,8 մլն դոլարի չափով: Սակայն տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների հիմնական ցուցանիշը՝ ուղղակի ներդրումների թիվը, այնուամենայնիվ, չեն կարողացել լավատեսական մոտիվներով ներկայացնել: Ուղղակի ներդրումները 2014-ին եղել են 404,3 մլն դոլար, իսկ անցած տարի այն կազմել է 180,5 մլն դոլար: Այսինքն՝ անցած տարվա ընթացքում Հայաստանի տնեսության մեջ ուղղակի ներդրված օտարերկրյա միջոցները նվազել են 223,8 մլն դոլարով: Նաեւ այս հանգամանքով է պայմանավորված Հայաստանի բնակչության տարեցտարի աղքատանալու փաստը:

Մեզանում առկա ծանր վիճակի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ անցած տարվա երկու ամիսների արդյունքներով այս տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտները նվազել են: Ընդհանուր եկամուտներն այս տարվա հունվար-փետրվարին կազմել են 155 միլիարդ 565,9 միլիոն դրամ՝ անցած տարվա 158 միլիարդ 838,2 միլիոն դրամի դիմաց: Սակայն ուշագրավն այն է, որ այդ անկումը տեղի է ունեցել հարկեր-տուրքերից ստացված եկամուտների նվազման արդյունքում: Մասնավորապես, այս տարվա հարկեր-տուրքերը կազմել են 149 միլիարդ 608,6 միլիոն դրամ՝ անցած տարվա 152 միլիարդ 658,5 միլիոն դրամի դիմաց: Ի դեպ, հարկատեսակներից հատկապես նվազել է հիմնական հարկատեսակի՝ ավելացված արժեքի հարկի գծով պետբյուջեի մուտքերը: ԱԱՀ-ի գծով անցած տարվա առաջին երկու ամիսներին պետական բյուջե է հավաքագրվել 63 միլիարդ 708,6 միլիոն դրամ, իսկ այս տարի այդ ցուցանիշը կազմել է 58 միլիարդ 826,5 միլիոն դրամ:

Հայաստանի տնտեսության վիճակի բարելավման եւ օր առաջ առողջացման խնդրի լուծումը դարձել է առավել քան կարեւոր՝ հաշվի առնելով ապրիլի 2-ից 5 տեղի ունեցած քառօրյա պատերազմի «դասերը»: Եթե մինչ այդ թվում էր, թե տնտեսության վիճակի վատթարացումը սպառնում է միայն արտագաղթով, ապա ներկայումս ակնհայտ է, որ տնտեսության ներկա բացասական զարգացումների շարունակվելն ուղղակի սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը: Հայաստանին անհրաժեշտ է դինամիկ եւ հաստատուն զարգացող տնտեսություն, որը հնարավորություն կտա համալրել եւ ուժեղացնել հայկական բանակի սպառազինությունը: Ադրբեջանական ագրեսյան ցույց տվեց, որ ներկա պայմաններում Հայաստանի բնակչությանը եւ զինվորներին թշնամու ոտնձգություններից պաշտպանելու համար Հայաստանի սպառազինությունը պետք է համալրվի ժամանակակից զինատեսակներով: Հակառակ դեպքում թշնամու ագրեսիան զսպելու համար մենք ստիպված ենք լինելու վճարել մեր երիտասարդների կյանքի գնով վճարել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս