Այս տարվա մարտի վերջին ՊԵԿ աշխատակիցների անունից համացանցում հրապարակված լսանյութը՝ իբրեւ բաց նամակ, շարունակվում է քննարկվել ինչպես իրավապահ կառույցների, այնպես էլ հասարակության շրջանում: Ու թեեւ այն ջնջվեց համացանցից, այնուամենայնիվ, մենք արխիվացրել ենք դրա օրինակը եւ վերստին լսելուց հետո այժմ անհրաժեշտ ենք համարում որոշակի նկատառումներ ներկայացնել:
Նախ արձանագրենք, որ տարածված լսանյութը պատերազմական գործողություններով «ընդմիջվեց» եւ այսօր վստահ կարելի է ասել, որ այն ոչ այնքան կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ էր հետապնդում, որքան հարկային ու մաքսային ծառայությունում «իշխանափոխություն» իրականացնելու: Եւ կատարվածը ներքաղաքական ու ներիշխանական լուրջ «ռազբորկայի» թեմա դարձավ, ինչպես սպասվում էր:
Ինչո՞ւ, որովհետեւ բոլորի համար էլ հասկանալի է, որ այդպիսի համակարգի գոյությունը տարիներ շարունակ չէր կարող լինել առանց առավել բարձր ատյանների թողտվության: Եւ կոռուպցիոն բացահայտման մեջ կան նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, որոնք միայնակ չեն գործել: Թերեւս առանձին լսանյութի կարիք կլինի առաջիկայում, եթե իհարկե, իրավապահները իրականում որոշեն ամբողջապես բացահայտել կոռուպցիայի մեխանիզմը:
Նախ առաջին, այսպես ասած, վրիպումը լսանյութի վրա դրված լոգոն է, որը հարկային պետական ծառայության խորհրդանիշն է: Սակայն այդպիսի ծառայություն Հայաստանում վաղուց գոյություն չունի: Հայաստանում գործում է պետեկամուտների կոմիտե, եւ ՊԵԿ աշխատակիցները մաքսային ծառայության մասին այս լսանյութը պատրաստելիս չէին կարող այդ «մանրուքը» չնկատել:
Հիշեցնենք, որ լսանյութի մեջ ակնհայտորեն փոխված բամբ ձայնով տղամարդը խոսում է մաքսային ծառայությունում առկա կոռուպցիոն երեւույթների մասին՝ հայտնելով. «Միջին եւ բարձր պաշտոնները զբաղեցնող աշխատողները, անկախ իրենց մասնագիտական եւ մարդկային որակներից, որոնք աշխատել են Գագիկ Խաչատրյանի օրոք, ՊԵԿ-ի եւ առհասարակ պետության ղեկավարների կողմից դիտվում են որպես կաշառակերներ, որոնցից անհրաժեշտ է շատ արագ եւ ցանկալի է անաղմուկ ազատվել»:
Համակարգի ներսում աշխատող մարդը, եթե հեղինակեր այս տեքստը, դժվար թե այդ լեզվամտածողությամբ կառուցեր ասելիքը: Նրանք կգրեին, որ մեզ մոտ՝ ՊԵԿ-ում աշխատող կադրերը… Ակնհայտ է, որ տեքստ կառուցողներն իրականում համակարգից դուրս գտնվող մարդիկ են, որոնք ունեցել են կոնկրետ մարդկանց անունը հանրայնացնելու եւ դրանով ինչ-որ խնդիր լուծելու հստակ նպատակ:
Բանն այն է, որ ՊԵԿ-ն այսօրվա արատավոր բարքերով տարիներ շարունակ աշխատել է, եւ որեւէ նորություն, ըստ էության, հրապարակված անանուն լսանյութի մեջ գոյություն չունի: Պարզապես անուններն են փոխված:
Բայց նույնիսկ այս պայմաններում հետաքրքիր է, թե ում անուններն են հրապարակվել՝ իբրեւ կոռուպցիոն սկանդալի դերակատարներ: Ըստ լսանյութի՝ նրանք են՝ «Տրանս Ալյանս» մաքսային տերմինալի զննման պետ Ռոբերտ Գայֆաջյանը, Բագրատաշեն մաքսակետի զննման պետ Կարեն Գրիգորյաը՝ Կյաժ մականունով, զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը, ով «լեւի» գործեր անելու ու փողեր գցելու համար սույն թվականի հունվարին ազատվեց աշխատանքից, եւ այլք»:
Ինչպես հայտնի է՝ ԱԱԾ նորանշանակ պետ Գեորգի Կուտոյանն արդեն կազմալուծել է ԱԱԾ մաքսանենգության դեմ պայքարի բաժինը, որի՝ արդեն պաշտոնազուրկ ղեկավար Սեդոյը՝ Սամվել Բաղդասարյանը, եւ ՊՊԾ ղեկավար Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչ, ունեցել են մաքսային «պապկաներ»: «Ժողովուրդ»-ը կանդրադառնա լսանյութում առկա դեմքերին՝ ի սկզբանե նկատի ունենալով կարեւորագույն հանգամանք, որ բոլոր կոռումպացված դեմքերը չեն ներառված լսանյութի մեջ: Պարզապես ընթերցողներին հետաքրքիր է իմանալ, թե ում են թիրախավորել «բաց նամակի» հեղինակները:
Եւ այսպես, զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը, որը եղել է ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության պետը, ըստ լուրերի՝ իրականում նաեւ խոշոր գործարար է: Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ Վահրամ Գուրողլյանը խոշոր բիզնես ունի Վիեննայում: Ի դեպ, պարզեցինք, որ նա նախորդ տարվա դեկտեմբերից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Իսկ ո՞վ է նա, ինչպե՞ս է դերակատար դարձել համակարգում: «Ժողովուրդ»-ի աղբյուրները հիշեցրին, որ 2007-2008 թվականների հարկային պետական ծառայության պետ աշխատած Վարհամ Բարսեղյանն է Վահրամ Գուրողլյանին նշանակել հարկային ծառայության ներքին անվտանգության վարչության (7-ի) պետ:
Ծագումով արցախցի Վահրամ Բարսեղյանը աղմկալի կերպով ազատվեց աշխատանքից, քանի որ նրա «ոտքի տակը» փորել է հենց նույն Վահրամ Գուրողլյանը:
Համակարգի հնաբնակները հիշում են, որ Վահրամ Գուրողլյանը, օգտագործելով իրեն տրված պաշտոնական լծակները, ձայնագրել էր իր ղեկավար Վահրամ Բարսեղյանի եւ հարկայինի օպերատիվ հետախուզության գլխավոր վարչության պետ Արկադի Բալայանի զրույցը՝ այն հասցնելով մինչեւ Սերժ Սարգսյանը: Այս զրույցից հետո Վահրամ Բարսեղյանն ազատվեց իր պաշտոնից:
Նկատենք, որ Արկադի Բալայանի տեղակալ Գագիկ Մազմանյանն այսօր կալանքի տակ է՝ հայտնի «Տապինո»-ի գործով: Իսկ Բալայանը առայժմ անվերադարձ մեկնել է Մոսկվա:
շարունակելի
Թամարա Միքայելյան