Ապրիլի 24-ին ընդառաջ մտավախություն չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա ապրիլի 7-ին Հայաստանում կալանավորվեցին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման նախաձեռնող «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության` վերջիններս ձերբակալվել էին 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նկատենք, որ այս գործով նախաքննության մեկ տարին լրացել է, սակայն ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը, գործով նախաքննությունը դեռեւս շարունակվում:

«Ժողովուրդ»-ը այս գործով կալանավորված, այժմ ստորագրությամբ ազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեց՝ քննչական գործողություններ ծավալվո՞ւմ են: «Ինձ, կոնկրետ չեմ հիշում, անցած տարի մայիս ամսին են կանչել քննչական կոմիտե, այնքան վաղուց է եղել, որ մոռացել եմ, թե երբ են կանչել: Մենք երկրից չհեռանալու մասին ստորագրություն ենք տվել եւ երկրից չենք կարող բացակայել: Գարեգին Չուքասզյանին 4 անգամ մերժեցին գործուղումների գնալ: Անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նրան հրավեր էր ուղարկել, բայց թույլ չտվեցին բացակայել երկրից»:

Ավելին, ըստ Ավետիսյանի՝ քննչական գործողություններ շատ վացուց չեն կատարվում. «Կոնկրետ մեկ անգամ Պարոն Սէֆիլյանին են ծանուցագիր ուղարկել դեկտեմբեր ամսին, որ դադարեցրեք ձեր գործունեությունը, եւ անշուշտ ստացել էին պատասխանը»:

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ գործը չի կարճվում, քանի որ նպատակը մեկն է՝ սահմանափակել իրենց գործողությունները. «Իրենց կարճ ուղեղով մեզ վախի մեջ են ուզում պահել, սահմանափակել մեր գործողությունները, ինչը լուրջ չէ: Կրկնում եմ՝ իրենցից ամեն ինչ սպասում ենք, բայց որեւէ մտավախություն չունենք»:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն գործը հարուցել էր փետրվարի 18-ին, իսկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները կալանավորվեցին ապրիլի 7-ին եւ ազատ արձակվեցին մեկ ամիս անց:

Ստացվում է, որ նշված գործիչներին 1 տարի շարունակ քննվող քրգործի շրջանակներում պարզապես «պատանդ են պահում», որպեսզի նրանց վրա ճնշման օղակ ունենան:

Քնար Մանուկյան




Լրահոս