1973թ. Յոմ Կիպուրի եւ 2016թ. քառօրյա պատերազմների միջեւ ընդհանրությունները շատ են: Տրամաբանությունը հուշում է, որ ռազմաճակատում դադարեցված կռիվը փոխադրվելու է բանակցային սեղանի շուրջ, որտեղ ՀՀ իսկապես մեծ անելիք ունի: Հաշվի առնելով արաբա-իսրայելական այս պատերազմի արդյունքում խաղաղության հասնելու նախադեպը` փորձենք հասկանալ ԼՂՀ հակամարտության առաջիկա զարգացումների միտումները:
Յոմ Կիպուրի պատերազմի ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսսինջերի անմիջական մասնակցությամբ Եգիպտոսն ու Իսրայելը համաձայնեցին խաղաղության հաստատման ուղղությամբ առարկայական քայլեր ձեռնարկել: 1974 եւ 1975թթ. ստորագրվեցին Սինայի 1-ին եւ 2-րդ համաձայնագրերը, որոնք փուլ առ փուլ դուրս բերեցին իսրայելական զորքերը գրավված շրջաններից: Բայց եւ այնպես տվյալ փուլում Իսրայելը շարունակում էր իր տիրապետության տակ պահել գրավված Սինայի թերակղզու առնվազն 2/3-ը, ինչը կարեւորագույն խաղաքարտ պիտի լիներ բանակցությունների հաջորդ փուլում:
Փաստ է, որ պատերազմը տեղից շարժեց քարացած ստատուս-քվոն: Այս առումով Եգիպտոսին հաջողվեց միջազգային շրջանակների ուշադրությունը հրավիրել հակամարտության վրա, հակել Իսրայելին ամուր խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Իսրայելը հասկացավ, որ Եգիպտոսը լուրջ պոտենցիալ է կուտակել 1967թ. կրած պարտությունից հետո, մինչդեռ Եգիպտոսն էլ գիտակցեց, որ տեխնիկան ու ուժեղ բանակը դեռ հաղթանակի վերջնական երաշխիք չեն: Պատերազմն ու դրա աղետալի հետեւանքները երկու կողմերին էլ հոգեբանորեն պատրաստեցին զիջումների:
Մերձավոր Արեւելքում քաղաքական գերիշխանություն ունեցող ԱՄՆ-ի դերակատարությունն ընդունելով հանդերձ` հարկ է փաստել, որ առաջին հերթին Իսրայելի ու Եգիպտոսի քաղաքական վերնախավերի պետականամետ կեցվածքն էր, որ բացեց խաղաղության դուռը: Առաջին քայլն արեց Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը 1977թ.: Անձնական նախաձեռնությամբ նա այցելեց Իսրայել եւ ուղերձով հանդես եկավ Կնեսետի առաջ: Սա աննախադեպ քայլ էր` հաշվի առնելով արաբա-իսրայելական հակամարտության ամենասկզբից Եգիպտոսի թշնամական կեցվածքն ու մի քանի արյունահեղ պատերազմները: Իսրայելն էլ, ի հեճուկս կրած բազմաթիվ կորուստների ու զրկանքների, ընդառաջեց Եգիպտոսի փոխզիջումային պահվածքին:
Այս ամենը նոր զարկ տվեց բանակցություններին` կանխորոշելով դրանց դրական ելքը:
1978թ. սեպտեմբերի 5-17-ին Քեմփ Դեյվիդում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ընթացած բանակցությունները դրական արդյունք տվեցին: Իսրայելը դուրս բերեց իր զորքերը Սինայի թերակղզուց, որի դիմաց Եգիպտոսը ճանաչեց Իսրայելի անկախությունը: Ըստ էության, կնքված պայմանագրում որեւէ նորություն չկար: Եղավ այն, ինչ առաջարկվում էր դեռ 1967թ.: Ստացվում է, որ Իսրայլեն ու Եգիպտոսը կորցրին զարգացման, բարգավաճման ու սեփական քաղաքացիների բերեկեցության ապահովման համար կենսական 12 տարիներ:
Իսկ ԼՂ հակամարտության բանակցություններն ընթանում են շուրջ 22 տարի: 1997թ. մոտ լինելով հանգուցալուծմանը` կողմերը փոխզիջումն ընդունելու ի վիճակի չեղան: 2007թ. նոյեմբերի 29-ին ընդունված «Մադրիդյան սկզբունքները» հիմնականում կրկնում են 97-ի փուլային առաջարկը` հայկական կողմի համար մի քանի լիովին անընդունելի փոփոխություններով: Ո՛չ 1997-ի, ո՛չ 2007-ի, ո՛չ էլ 2011-ի կազանյան առաջարկները լիովին չեն բավարարել հակամարտության կողմերին: Բայց փոխզիջման էությունը հենց այն է, որ կողմերից ոչ մեկն էլ առավելագույնը ստանալ չի կարող: Վերջապես գործ ունենք կոնկրետ հակամարտության հետ, կոնկրետ աշխարհաքաղաքական տարածքում` լուծումների սահմանափակ քանակով:
Այսինքն` որքան էլ հակամարտությունը չլուծված մնա, անհնար է բանակցային սեղանի շուրջ նոր հեծանիվ հորինել: Ապրիլյան պատերազմը ապացուցեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ հապճեպորեն գրավել ԼՂ-ն, իսկ երկարաժամկետ պատերազմին վառոդի տակառ դարձած երկիրը գուցե չդիմանա: Հայկական կողմի համար պարզ դարձավ, որ նախորդ տարիներին երկրում իրականացված այլանդակությունները եւ մասնավորապես Մոսկվայից ունեցած ծայրահեղ կախվածությունը ուղղակիորեն արգելակում են Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրելուն: Երկու կողմերն էլ պարտավոր են հանդես բերել պետականամետ կեցվածք եւ գիտակցել, որ փոխզիջման այլընտրանքը որդեկորույս մայրերի քանակի շեշտակի ավելացումն է:
Միեւնույն ժամանակ չենք կարող անտեսել այն իրողությունը, որ թե՛ Ադրբեջանում, թե՛ ՀՀ-ում իշխանությունները մտածում են բացառապես իրենց աթոռը պահելու մասին: Սա ակնհայտ է երկու երկրների հռետորաբանությունից, մատուցվող տեղեկատվության անորոշությունից, ներհասարակական մթնոլորտի առողջացմանն ուղղված հրատապ քայլերի բացակայությունից: Արձանագրելի է, որ երկու պատերազմների միջեւ բազմաթիվ զուգահեռներով հանդերձ` դրական փոխզիջման հասնելու համար մեր պարագայում բացակայում են կենսական մի շարք գործոններ:
Եթե Եգիպտոսում Անվար Սադաթը հանդես բերեց պետական գործչի կեցվածք ու գնաց Իսրայելը ճանաչելու ճանապարհով, ապա ի՞նչն է խանգարում Ալիեւին որոշ տարածքային զիջումների դիմաց ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Եթե Իսրայելը պատրաստ էր զիջումների, ապա Ս. Սարգսյանը 1997թ-ին վիժեցրել էր առաջարկված լուծումը, սակայն այսօր բանակցում է ոչ ավելի լավ տարբերակների շուրջ: Ի վերջո, երկու երկրների ղեկավարությունները նախորդ տարիները վատնել են բացառապես սեփական հետաքրքրությունների համար: Նկատենք, որ Եգիպտոսի ու Իսրայելի ղեկավարները գաղափարական մարդիկ էին` սեփական շահերը նույնացրած ազգային-պետական մտածողությանը:
Այսօր նման շռայլություն աշխարհում ամեն տեղ չես գտնի, առավել եւս` Կովկասում, երբ այդչափ մեծ է խորհրդային ժառանգության բացասական ազդեցությունը: Ի դեպ, ՌԴ-ն էլ չի կարող հավակնել ԱՄՆ-ի պես ադեկվատ ու անշահախնդիր միջնորդ դառնալուն, քանզի կենսական շահեր ունի` ղարաբաղյան հակամարտությունը թեժ պահելով:
Այս ամենը թույլ է տալիս եզրակացնելու, որ Քեմփ Դեյվիդի նախադեպից չեն օգտվելու ո՛չ ՌԴ-ն` հանդես բերելով ազնիվ միջնորդի կեցվածք, ոչ էլ ՀՀ-ն ու Ադրբեջանը` գերապատվելով խաղաղությունը: Բացի խաղաղություն տենչող ժողովուրդներից, մեր դեպքում որեւէ մեկը հաշտությամբ շահագրգռված չէ:
Ն. Հովսեփյան